Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
12:47 - 15 մայիսի, 2025

Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, մինչեւ մեզ դիմելը, մենք քննարկել ենք մասնագետների հետ՝ արդյոք հնարավո՞ր է մեզ հասանելի տեխնոլոգիական միջոցներով, տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալ՝ հասկանալու ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով 2-ամյա երեխայի անհայտ կորելու դեպքի մասին։

«Վերջին 7-8 օրերի ընթացքում մեզ հետ համագործակցություն ունեցած կամ երբեւէ նույնիսկ չունեցած միջազգային առաջատար 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն տվյալ տեղանքից [արբանյակային] վերջին լուսանկարները, որոնք որեւէ ընկերությունից մեզ հասել են, թվագրվում են ապրիլի 26-ին՝ դեպքից օրեր առաջ։ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում գուցե թե այլ ընկերությունների մոտ հայտնվեն տվյալ օրերի լուսանկարներ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որեւէ առարկայական նյութ ունենալու դեպքում ՆԳՆ գործընկերներին կտեղեկացնեն։

Նշենք, որ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։

Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել