Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Մխիթար Հայրապետյանը։

Երբ քո գնացքը դու չես վարում. հայկական երկաթուղու ռուսական մենաշնորհը

Երբ քո գնացքը դու չես վարում. հայկական երկաթուղու ռուսական մենաշնորհը

Հայաստանի երկաթուղային ցանցը 2008 թվականին կոնցեսիոն կառավարման հանձնվեց Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը։  Ստացվում է՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր ենթակառուցվածքներից մեկը փաստացի շահագործում է այլ պետություն։  Ընկերությունը հայկական երկաթուղին շահագործելու իրավունքը ստացել է  30 տարով։ Երկաթուղային ոլորտում ռուսական մենաշնորհի ժամկետը կարող է երկարացվել ևս 10 տարով, եթե կողմերը այդ մտադրության մասին հայտնեն մինչև 2027 թվականի օգոստոսը։    Այս հոդվածում կարող եք կարդալ՝ ինչ պայմաններով հայկական երկաթուղին հանձնվեց ռուսական կառավարման, ընկերությունն իրականացնո՞ւմ է արդյոք պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչու Կառավարությունը չի օգտվում պայմանագրով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններից, ինչու է ընկերության գնումների գործընթացը դուրս մնացել հանրային վերահսկողությունից, ինչպես ընկերության նկատմամբ հարուցվեց և կարճվեց քրեական գործ, ինչ են պատմում նախկին և ներկա երկաթուղայինները։   «Ուրիշ ռուսներ էին, մեր իմացած ռուսները չէին». Հայկականից՝ Հարավկովկասյան Թումանյան համայնքում Դեբետ գետի երկայնքով գործած երբեմնի «Քոբեր» երկաթուղային կայարանի մասին հիշեցնող քիչ բան է մնացել․ երկաթուղային գծեր և լքված շինություն՝ ճակատին գրված՝ «Հ-Կովկասյան երկաթուղի․ կայարան Քոբեր»։ Քոբեր կայարանը Կայարանի նախկին աշխատակից Սամվել Շահվերդյանը մեզ համար վերականգնեց այժմ կիսավեր կայարանի նախկին պատկերը․ «Սա կայարանապետի սենյակ էր, սա՝ հերթապահի,- ասում է Շահվերդյանը ու մեզ ուղեկցում կայարանի մյուս կողմը՝ Դեբետ նայող պատշգամբ,- այստեղ էլ նստում, հաց էինք ուտում»։  Տեղացիները Սամվել Շահվերդյանի տան ճանապարհն իսկույն բացատրեցին, երբ խնդրեցինք հուշել՝ ով կարող է մեզ պատմել երկաթուղու անցած օրերի մասին։ 68-ամյա Սամվել Շահվերդյանը երկաթուղի է մտել 1977 թվականին, պապն ու հայրն էլ են երկաթուղային եղել։ Քոբերից մինչև Սանահին, սլաքավարից՝ մինչև կայանի հերթապահ, աշխատանքային վերջին տասնամյակներին էլ՝ 1989 թվականից մինչև 2013 թվական՝ Թումանյանի կայարանի պետ։ «1950-60-ական թվականներին երկաթուղին այնքան աշխատող է ունեցել, որ հատուկ իրենց համար շենքեր, խանութ ու սպասարկման կետեր էին կառուցվել։ Վագոններում սովետական և մասնագիտական ֆիլմեր էին ցույց տալիս, և այնքան շատ մարդ էր գալիս, որ նույն ֆիլմը մի քանի անգամ էին ցույց տալիս։ Այնքան շարժ կար, այնքան գեղեցիկ էր, իսկ հիմա․․․ Ամայի է, ոչինչ չկա, միայն մեքենաներ են անցնում։ Կայարանի շենքը տեսեք, օգտագործող չկա։ Տան նման է․ եթե մարդ չի ապրում, կամաց-կամաց փլվում է»,- ասում է Շահվերդյանը։  Սամվել Շահվերդյանը Հիշում է ու համեմատում՝ Սովետական Հայաստանը շատ զարգացած էր, երկաթուղին էլ՝ կարևոր օղակ, պետություն՝ պետության մեջ։ Օրական մի քանի միջազգային ուղղությամբ ընթացող երկաթուղին Միության փլուզումից հետո միայն մեկ ճանապարհ ունի՝ Թիֆլիս (Թբիլիսի)։ «Անկախությունը եկավ, ասացինք՝ անկախ ենք-անկախ ենք ու գիտեինք, թե վագոնները նույն ձևով շարունակելու էին գալ, բայց Հայաստանի ճանապարհները փակվեցին, սկսվեցին կրճատումները, կրճատեցին-կրճատեցին, կայարանները փակեցին, չգիտեմ՝ ինչ որոշում էր, ում էր ձեռնտու, ո՞վ իմանա»,- նշում է Շահվերդյանը։ Հայկական երկաթուղին ռուսական կառավարման հանձնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին շրջանում։ «Եթե այս տարբերակը չլիներ, «Հայկական երկաթուղիները» փրկություն չէին ունենա»,- իրադարձությունն այսպես է մեկնաբանել այդ ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:  «Խնդրում եմ` ճիշտ հասկացեք, որ մենք, իսկապես, եթե թողնեինք հայկական երկաթուղին այս վիճակում, ապա ընդամենը մի քանի տարի հետո շարժակազմ չէինք ունենա»,- ասել էր Մանուկյանը։  Այդ շրջանը լավ է հիշում Սամվել Շահվերդյանը։ Նրա խոսքով՝ 2008 թվականի նախօրեին հայկական երկաթուղին բարդ վիճակում էր, իր ու շատերի մոտ համոզմունք կար, որ ռուսական շահագործումը շատ բան կփոխի։  Ի վերջո, 2007 թվականին որոշվեց հայկական երկաթուղին հանձնել կոնցեսիոն կառավարման. այն է՝ ենթակառուցվածքի օգտագործման, շահագործման, սպասարկման և բարելավման իրավունքներն ու պարտականությունները որոշ ժամկետով հանձնել որևէ մասնավոր ընկերության։ Կոնցեսիոներին, այսինքն՝ շահագործող ընկերությանը գտնելու համար 2007-ի հոկտեմբերի 18-ին ձևավորվեց մրցութային հանձնաժողով։ Մասնակցելու համար դիմել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և հնդկական մի ընկերություն։  Տրանսպորտի և կապի նախարարության արխիվային տեղեկանքից պարզ է դառնում, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետից մեկ ամիս առաջ հնդկական «RITES» ընկերությունը հրաժարվել էր մրցութային հայտ ներկայացնելուց՝ ընթացիկ ծրագրերով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ։ Այդպիսով, ռուսական պետական ընկերությունը հայկական երկաթուղին շահագործելու միակ հավակնորդն էր։  2008 թվականի հունվարի 31-ին Հայաստանում ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայկական երկաթուղու կառավարումը ստանձնեց փետրվարին՝ 1.7 մլրդ դրամ կոնցեսիայի մուտքի միանվագ վճարով և յուրաքանչյուր տարվա համախառն հասույթի 2%-ը պետությանը վճարելու պարտավորությամբ։ Միաժամանակ Հայաստանի Կառավարությունն էլ պարտավորվեց ամեն տարի սուբսիդավորել համաձայնեցված ուղևորափոխադրումների մասով ընկերության կրած վնասների մի մասը։ Ընդ որում՝ սահմանված սուբսիդավորման տոկոսը, համաձայն պայմանագրի, աստիճանաբար բարձրանում է․ 2009-2010 թվականներին Կառավարությունը փոխհատուցել է վնասի 10%-ը, 2011-2012 թվականներին` 15%-ը, 2013 թվականին` 20%-ը, 2014-2015 թվականներին` 25%-ը, իսկ 2016 թվականից մինչև պայմանագրի ավարտ պարտավոր է փոխհատուցել 30%-ը՝ պայմանով, որ այն պետք է չգերազանցի կամ հավասար չլինի տվյալ տարվա համար հաշվարկված կոնցեսիոն վճարին։ Վնասի փոխատուցման աճող տոկոսադրույքներ սահմանելու հիմնավորումներ, սակայն, այս գործընթացի մասին արխիվային փաստաթղթերում չկան։ Փոխարենն այդ օրերի քննարկումների մասին այլ հետաքրքիր հիշատակումներ կան։ Մասնավորապես 2008-ի հունվարի 10-ին այդ ժամանակվա Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին է ուղարկում «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ներկայացրած ֆինանսական առաջարկի վերաբերյալ գրություն, որում առարկություններ է հայտնում սուբսիդավորման մասին։ Մասնավորապես նշում  է․ «Շահույթների և կորուստների կանխատեսման հաշվետվությամբ նախատեսվել է, որ կոնցեսիոների գործունեությունը շահութաբեր կլինի 2015-ից, սակայն սուբսիդավորում ակնկալվում է ամբողջ կոնցեսիայի ժամանակահատվածի համար։ Բացի այդ, գործունեության վնասաբեր տեսակի առանձնացումը (ուղևորափոխադրումներ,-խմբ․) և դրա գծով առանձնացված հաշվարկների իրականացումն ու սուբսիդավորման ակնկալիքն ընդունելի չի կարող լինել նույնիսկ այն առումով, որ ներկայումս (մինչև 2008 թվականը,-խմբ․) «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է շահույթով առանց սուբսիդավորման»։ Հետագա տարիներին արդեն գործող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ֆինանսական հաշվետվություններից պարզ է դառնում, որ 2011-2022 թվականներին ընկերությունն աշխատել է շահույթով՝ միաժամանակ, օգտվելով պայմանագրային իրավունքներից, պետությունից ստացել է սուբսիդավորում։ Այսպիսով, թեև Հայաստանի Հանրապետությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ամեն տարի ստանում է կոնցեսիոն վճար, սակայն այն սիմվոլիկ է, քանի որ գրեթե նույն գումարը վերադարձնում է ընկերությանը սուբսիդիայի տեսքով։  *Պատկերից կարող է թվալ, որ 2013 և 2014 թվականներին պետության վճարած սուբսիդիան գերազանցել է կոնցեսիոն վճարին, ինչը պայմանագրի խախտում է, սակայն 2008-2013 թվականների աուդիտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2009-2012 թվականների համար հաշվարկվել է 986․5 մլն դրամի սուբսիդիա, սակայն վճարվել է 650․8 միլիոնը, հետևաբար 2013 և 2014 թվականների կոնցեսիոն վճարը գերազանցող սուբսիդիոն վճարներով, ամենայն հավանականությամբ, մարվել է նախորդ տարիների պարտավորությունը։ Քաղաքական գիտությունների թեկնածու, ռուսագետ Նարեկ Սուքիասյանը նշում է, որ կոնցեսիոն կառավարումների հանձնումը նորմալ պրակտիկա է հատկապես փոքր ու զարգացող պետությունների մոտ, որովհետև նման բարդ ենթակառուցվածքների կառավարումն ու զարգացումը պահանջում են մեծ գումարներ և առաջատար տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար պակաս հասանելի են լինում այս պետություններին։ «Սակայն ի՞նչ են անում շատ երկրներ, որպեսզի այս քաղաքական կամ տնտեսական ներգրավվածությունը չվերածվի քաղաքական կախվածության և հետևաբար խոցելիության, փորձում են ապահովել հնարավորինս շատ դերակատարների՝ փոխանցում ոչ թե մենաշնորհային ձևով, այլ բազմազանեցված», - ասում է նա։ Նարեկ Սուքիասյանի խոսքով միայն երկաթգծի քարտեզին նայելով՝ հասկանալի է, որ այն դժվար թե լուրջ եկամտաբերություն ապահովի, քանի որ շատ սահմանափակ ենթակառուցվածք ունի, փաստացի, կապված է միայն Վրաստանին. «Բայց պետությունները շատ հաճախ մտնում են անեկամտաբեր և անխոստումնալից ծրագրերի տակ, որովհետև դրանց արժեքը ոչ թե ֆինանսական եկամուտն է, այլ քաղաքական դիվիդենտները, ինչն էլ, կարծում եմ, տեղի է ունեցել այս դեպքում, որովհետև Ռուսաստանը ստացել է Հայաստանի վրա ազդեցության ևս մեկ լծակ», - նշում է քաղաքագետը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, պատասխանելով մեր հարցին, թե ռիսկային չէ՞ արդյոք, որ երկաթուղին շահագործման է հանձնվել ոչ թե պարզապես մասնավոր ընկերության, այլ մեկ ուրիշ պետությանը պատկանող ընկերության, նշում է, որ երբ պետությունը որևէ ենթակառուցվածք կառավարման է տալիս մասնավոր ընկերության, բերվում են ներդրումներ, և ենթադրաբար սկսում է ենթակառուցվածքը ավելի լավ աշխատել, ուստի որևէ սահմանափակում չկա՝ այդ ընկերության բաժնետերը մեկ այլ պետություն է, թե մասնավոր ընկերություն է։  Նրա դիտարկմամբ, սակայն, ցանկացած արտապատվիրակում իր մեջ ռիսկեր է ներառում. «Արտապատվիրակման նկատմամբ միշտ էական վերապահումներ եմ ունեցել հենց թեկուզ այն պատճառով, որ պետությունը զրկվում է գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից և կախվածությունը մասնավորից մեծանում է»։ Նախկին երկաթուղային Սամվել Շահվերդյանը չի հերքում՝ երկաթգծերն ու գնացքները փոխվեցին, գծային ու լոկոմոտիվային տնտեսությունը լավացավ, նոր կառավարիչներն իրենց հետ կազմակերպվածություն ու կարգապահություն բերեցին, որոնք «հայերին բնորոշ հատկանիշներից չեն»։ «Բայց, միևնույն է, զարգացում, առաջընթաց չկա կամ էլ ես չեմ տեսնում։ Հիմա նայեք՝ ինչքան փակված կայարան կա։ Երկաթգիծը պետք է աշխատի, չէ՞, անընդհատ պետք է ուղևորափոխադրում ու բեռնափոխադրում լինի, բայց չկա։ Իսկ նախկինում հոսքն այնքան շատ էր, որ մասնագետները երկաթգծերը նորոգելու համար ժամանակ հազիվ էին գտնում»,- հիշում է նա։  Հարցնում ենք՝ չէ՞ որ հիմա էլ, ինչպես սովետական տարիներին, կառավարումը ռուսական է, ի՞նչը փոխվեց․ «Ուրիշ ռուսներ են, մեր իմացած ռուսները չեն, այնտեղ էլ են փոխվել։ Արդեն իրենց շահն են առաջ բերել, ամբողջ աշխարհում է հիմա այդպես»։  Շահվերդյանը 2013 թվականին թողել է երկաթուղին, երբ հասկացել է, որ ոչինչ չի կարող փոխել։ Մի քանի տարի Ռուսաստանում բեռնատար է վարել, հետո վերադարձել Թումանյան ու մինչև հիմա անասնապահությամբ ու մեղվագործությամբ է զբաղվում․ «Մեղվապահությունը լիովին կփոխի քեզ, այլ մարդ կդառնաս։ Մեղուների հասարակարգը սոցիալիզմի գաղափարով է, այնտեղ մեկին չեն շահագործում, կարևորը համախմբվածությունն է»։  Կարոտում է երկաթուղու նախկին տարիները, ասում է՝ կյանքն ուրախ էր, միլիոններ չէր վաստակում, բայց սիրած աշխատանքով էր զբաղված, ուրեմն երջանիկ էր։  -Հիմա հնարավորության դեպքում կվերադառնայի՞ք երկաթուղի,- հարցնում ենք։-Այս վիճակո՞ւմ,- ճշտում է,-այս վիճակում՝ ոչ։  «Մինչև երկուսն էլ շահ չեն ունենում, ոչինչ չեն անում։ Մարդուն էլ ասում են՝ ամուսնացի, երեխա ունեցի, որ մի բաժակ ջուր տվող ունենաս»․ ներդրումները «Ղեկավարներն ասում են` կին կայարանապետերն ավելի լավ են աշխատում, ավելի ուշադիր են», - նշում է «Վանաձոր» գծային-կայարանային միավորման Թումանյան կայարանի պետ Անուշ Հակոբյանը։ 2015 թվականից կայարանապետ է, առաջին տարիներին միակ կինն է եղել այդ պաշտոնում։  «Սկզբում մտածում էին՝ երևի արկածախնդիր եմ, բայց եթե գործդ լավ ես անում, էլ հարցեր չեն առաջանում։ Ես փոքրուց շատ եմ սիրել երկաթուղին։ Մանկությանս տարիներին այստեղ դատարկելու էին բերում կոճղեր, որոնց առանձնահատուկ հոտը ամբողջ օրը մնում էր կայարանում։ Այդ ժամանակվանից երկաթուղու հետ կապն անընդհատ եղել է, ու ինձ միշտ ձգել է… Մեծ երջանկություն է, երբ աշխատանքդ սիրում ես»,- պատմում  է Անուշ Հակոբյանը։ 20 տարեկանում Անուշ Հակոբյանը ընդունվել է Թումանյանի կայարան և արդեն 36 տարի այստեղ է։ Աշխատանքի ընդունվելու պահին կայարանում 39 աշխատակից կար, տարիների ընթացքում մնացել են 4-ը․ «Վերջին աշխատակիցը գանձապահն էր, 2008 կամ 2009 թվականին հեռացավ։ Շրջափակումից հետո, երբ շատ ուղղությունները կրճատվեցին, որոշ հաստիքներ էլ անիմաստ դարձան»։  Անուշ Հակոբյանը Նրա գնահատմամբ՝ ռուսական կառավարման հանձնելու նախօրեին հայկական երկաթուղին ծանր վիճակում էր․ գնացքները չէին կարողանում գերազանցել 5 կմ/ժ-ը, հաճախ դուրս էին ընկնում երկաթգծերից, գույքը շարքից դուրս էր գալիս, իրավիճակը փրկել սեփական ուժերով անհնարին էր։   «Հայաստանը հնարավորություն չուներ պահելու, անգամ մտածում էինք՝ հեսա կփակվի երկաթգիծը։ Նոր էինք անցել մութ ու ցուրտ տարիներով, պայմանները վատն էին, ինչ-որ մեկը պետք էր, որ ներդրում աներ։ Ռուսաստանից բացի էլ ուրիշ շահագրգռված երկիր չկար, Հնդկաստանն էր դիմել, հետո հրաժարվել, Չինաստանի անունն էլ էին տալիս, բայց հետո ինչ-որ պայմաններ չեն համընկել։ Նորմալ է, մինչև երկուսն էլ շահ չեն ունենում, ոչինչ չեն անում։ Մարդուն էլ ասում են՝ ամուսնացի, երեխա ունեցի, որ մի բաժակ ջուր տվող ունենաս։ Այսինքն՝ երեխային էլ մարդիկ բերում են, որ հետո իրենց ինչ-որ բան լինի, ուր մնաց բիզնեսն այդպես  չշարժվի»,- ասում է Անուշ Հակոբյանը։ Երկարամյա փորձով երկաթուղայինը թերահավատ է, որ ռուսական ընկերության հետ կնքված պայմանագրի ավարտից հետո հայկական կողմը կկարողանա հաջող շահագործել երկաթուղին։  «Եթե աշխատեն այնպես, ինչպես մինչև 2008 թվականը, մի քանի տարի կշահագործեն, հետո կսկսեն քանդելն ու վաճառելը։ 2008 թվականից երկու իշխանություն փոխվել է, եթե 2038 էլ այլ իշխանություն լինի, կամ թեկուզ այս իշխանությունը, կկարողանա ինքնուրույն շահագործել, բայց ես չեմ պատկերացնում։ Երկաթգծում պետք է կարգուկանոն լինի, իսկ մենք դրանից հեռու ազգ ենք»,- ասում է Հակոբյանը։ Կայարանապետի խոսքով 2008 թվականից ռուսական կողմն ամբողջությամբ արդարացել է իր սպասելիքները. ասում է՝ գնացքները փոխված են, երկաթգծերը նույնպես, աշխատավարձն էլ երբեք չի ուշանում։ Կոնցեսիոն պայմանագրով ռուսական ընկերությունը պարտավորվել է մինչև 2038 թվականը կատարել  174․5 մլրդ դրամի ներդրում, որից 122.3 մլրդը՝ ենթակառուցվածքում, 52.2 մլրդը՝ շարժակազմում։ Ըստ պայմանագրի՝ երկաթուղային ենթակառուցվածքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իսկ շարժակազմը՝ ընկերությանը։ Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցած տվյալների՝ մինչև 2024 թվականը կատարվել է 144 մլրդ դրամի ներդրում, որը 15 մլրդով ավելի է 2008-2024 թվականների համար պլանավորածից։ Պլանավորվածը գերազանցող ներդրումներից 11 մլրդը կատարվել է շարժակազմում։ Հետաքրքիր է, որ պայմանագրի ավարտից հետո շարժակազմը կա՛մ մնալու է «Հարավկովկասյան երկաթուղուն», կա՛մ մնացորդային արժեքով վաճառվելու է Հայաստանին։ Այսինքն՝ պայմանագրի ավարտից հետո բարելավված շարժակազմը ստանալու համար հայկական կողմը պետք է վճարի։ Կայարանապետ Անուշ Հակոբյանը հիշում է՝ այն ժամանակ գնացքները հասնում էին մինչև Ադրբեջան, Աբխազիա և Մախաչկալա, հիմա միայն Թբիլսի, ամռանն էլ՝ Բաթումի։  «Հիմա ուղղությունները քիչ են, բայց դեպի Հայաստան բոլոր գնացքներն անցնում են այստեղով։ Սովետի ժամանակ, իհարկե, անցուդարձը շատ էր, հիմա շրջափակման մեջ ենք, բայց, միևնույն է, երկաթգիծը էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտն է: Հետո ինչ եղանակ էլ լինի, երկաթուղին անխափան է աշխատում»,- նշում է նա։ Ներդրումային ծրագիր ներկայացնելիս նախկին ուղղությունները չէին մոռացել նաև «Ռուսական երկաթուղիները»։  Ընկերությունն առաջարկել էր ներդրումային 4 տարբերակ։ Առաջին տարբերակը գործում է կոնցեսիոն պայմանագրի կնքումից ի վեր՝ միջազգային միակ ճանապարհը դեպի Վրաստան։ Երկրորդ տարբերակում ընկերությունը դիտարկել է 2009 թվականից Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որի դեպքում ներդրումների ծավալը կհասներ 183․9 մլրդ դրամի։ Երրորդ տարբերակում, բացի վերոնշյալից, դիտարկվել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որի դեպքում կներդներ 538.5 մլրդ դրամ։ Եվ վերջին սցենարով էլ, եթե Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացվեր, ներդրումները կհասնեին 641 մլրդ դրամի։ Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումների արդյունավետությանը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ կատարված ներդրումները, անշուշտ, նպաստել են ենթակառուցվածքների ու շարժակազմի արդիականացման և սպասարկման որակի բարելավմանը։ Սակայն անհրաժեշտ է փաստել, որ ներդրումների ծավալները սահմանափակ են համեմատած տարածաշրջանային այլ երկաթուղիների հետ, ինչն ազդում է համակարգի ընդլայնման ու զարգացման վրա։ «Երկու հիմնական խնդիր կա. առաջին՝ ներդրումների ուղղվածությունը, որոնք դեռ չեն բավարարում երկաթուղու ամբողջական տեխնիկական և կազմակերպչական արդիականացման պահանջներին, երկրորդ՝ տարածաշրջանային քաղաքական ու գեոտնտեսական պայմանները, որոնք խոչընդոտում են տրանզիտի զարգացմանը և նոր երթուղիների բացմանը։ Ուստի, կարող ենք եզրակացնել, որ, չնայած որոշակի առաջընթացին, երկաթուղին դեռ չի զարգանում իր ամբողջական ներուժով», - նշում է նա։ «Ռուսական կողմն ակնկալում է, որ դատական գործընթացները կկարգավորվեն»․ քրեական գործեր «Հարավկովկասյան երկաթուղին» յուրաքանչյուր տարի նախարարությանը ներկայացնում է ֆինանսական հաշվետվությունները` հաստատված անկախ աուդիտորական ընկերության կողմից։  Պայմանագրի համաձայն՝ ՏԿԵ նախարարությունը նույնպես կարող է անկախ աուդիտ պատվիրել՝ կոնցեսիոն վճարի հաշվարկի արժանահավատությունը ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ վճար պահանջելու համար։  Ռուսական ընկերության գործունեության 17 տարիների ընթացքում հայկական կողմը ընկերության գործունեությունը վերահսկելու իր այդ կարևոր հնարավորությունից օգտվել է ընդամենը մեկ անգամ․ նախկին Տրանսպորտի և կապի նախարությունը 2014 թվականին պատվիրել է իրականացնել ընկերության՝ 2008-2013 թվականների գործունեության վերաբերյալ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտ։ Աուդիտի արդյունքները ներկայացվել էին 2015 թվականին։ Ուսումնասիրությամբ հայտնաբերել էր, որ ընկերությունը 2009-2013 թվականների համար շուրջ 132 մլն դրամով ավել է հաշվարկել սուբսիդավորման համար ներկայացված գումարները, այդ թվում՝ 2009-ին՝ շուրջ 5 միլիոն դրամով, 2010-ին՝ շուրջ 18 միլիոն դրամով, 2011-ին՝ շուրջ 33 միլիոն դրամով, իսկ 2012-ին՝ շուրջ 76 միլիոն դրամով։  Ըստ աուդիտի՝ 551 մլն դրամով էլ ավելի էին ներկայացվել ենթակառուցվածքներում կատարված ներդրումները։  Բացի բուն աուդիտից եզրակացություններից՝ աուդիտն իրականացրած ընկերությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը ներկայացրել էր նաև սեփական դիտարկումները։ Ընկերությունը, ի թիվս այլ խնդիրների, նկատել էր, որ պայմանագիրը հստակ չի սահմանում «ներդրումներ» հասկացությունը. որ ծախսերն են համարվում ներդրումներ, ծախսման որ փուլում են համարվում կատարված, որքանով է կատարված ծախսը որպես ներդրում ընդունվելու հանգամանքը կախված նրա արդյունավետությունից և այլն։ Միաժամանակ նշվում էր, որ  հստակեցված չէ սուբսիդավորման չափի հաշվարկման մեթոդիկան։ Հաջորդող 3 տարիներին այս աուդիտի արդյունքները որևէ լուրջ հետևանք չունեցան։ Ընկերությունում արձանագրված խնդիրների մասին կրկին հիշեցին 2018-ի իշխանափոխությունից հետո։ Արդեն 2018 թվականի օգոստոսից ընկերությունում սկսվեցին խուզարկություններ, առգրավվեցին փաստաթղթեր։ 2018-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշեց, որ չարաշահումների ծավալը հասնում է 60 մլն դոլարի։ 2018-ի դեկտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ վերջինս, ստանալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել էին երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում 428 մլն դրամի չկատարված շինարարական աշխատանքներ, ընկերությունից չէր ստացել  դրանց վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ, և խմբային շահերից ելնելով՝ հաղորդում չէր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Դրա հետևանքով ներդրումային միջոցներից հափշտակվել էր 428 մլն դրամ, ինչպես նաև գործուն միջոցներ չէին ձեռնարկվել՝ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ: Նույն թվականի դեկտեմբերի 25-ին էլ Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման  արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել էր ստուգում։ Մինչ գործի նախաքննությունը շարունակվում էր, արդեն 2019 թվականի սեպտեմբերին ռուսական RTVI հեռուստաալիքը, հղում անելով քաջատեղյակ աղբյուրին, հայտնեց, որ ռուսական ընկերությունը մտադիր է խզել պայմանագիրը Հայաստանի հետ, ինչը, ըստ էության, հաստատեց նաև ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Արդեն 2020 թվականին ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում. «Տնտեսական դաշտում ռուսական կողմն ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Լավրովի այս հայտարարությանը․ «Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,-  ասել էր  Մհեր Գրիգորյանը: Այս հայտարարություններից 4 ամիս անց՝ 2020-ի սեպտեմբերին, ՌԴ տրանսպորտի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների միջև ստորագրվեց Հայաստանի իրավապահ մարմինների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման ընթացքում առաջացած անհամաձայնությունների լուծման վերաբերյալ խորհրդակցությունների արձանագրություն, որով կողմերը, ի թիվս այլնի, պայմանավորվեցին, որ  ռուսական կողմը կիրականացնի կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծախսերի վերաբաշխում՝ 2020-2024 թվականների համար դրանք հասցնելով առնվազն 39 միլիարդ դրամի, կողմերը կպատրաստեն 2025-2038 թվականների ներդրումային ծախսերի թարմացված ծրագիր՝ որոշելով այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ շուրջ 95 միլիարդ դրամի ներդրումային ռեսուրսների պակասության լրացման աղբյուրներն ու մեխանիզմները, հայկական կողմը կդիտարկի Կավկազ-Փոթի երկաթուղալաստանավային հաղորդակցության վերագործարկման պետական աջակցության հնարավորությունը, կողմերը կքննարկեն կոնցեսիոն պայմանագրում լրացումների իրականացման հարցը՝ նախատեսելով ուղևորափոխադրումների սուբսիդիայի չափի սահմանափակումների վերացում։ Վերոնշյալ արձանագրության ստորագրումից 1 տարի անց՝ 2021-ի մարտին, քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է սուբսիդավորման նոր համակարգի նախագիծ։ Նախարարությունը մեզ չտրամադրեց այն՝ նշելով, որ շահագրգիռ գերատեսչությունների դիրքորոշումները ստանալուց, ամփոփելուց և համաձայնեցնելուց հետո նախագծի վերջնական տարբերակը կդրվի հանրային քննարկման։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը սխալ է համարում, որ պետությունը չի օգտվում անկախ աուդիտ պատվիրելու իրավունքից, որովհետև «Հարավկովկասյան երկաթուղին» իրականացնում է հանրային շահ պարունակող գործունեություն։ Քաղաքագետ Վահե Դավթյանը կարծում է, որ նախարարության՝ աուդիտ պատվիրելու հնարավորությունից չօգտվելու և քրեական գործերը կարճելու պատճառները քաղաքական են: Նրա խոսքով 2018-ի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց թիրախավորել ռուսական կապիտալը, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ «Իհարկե, ընկերության ներսում առկա էին բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար Հայաստանի նոր իշխանություններն ունեին բազմաթիվ քաղաքական, դիվանագիտական լծակներ: Սակայն քաղաքական էթիկային ու միջպետական կապերի տրամաբանությանը հակառակ՝ Փաշինյանը որոշեց ՀԿԵ-ում կոռուպցիայի մասին խոսել ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ինչն անվստահության մթնոլորտ ստեղծեց Մոսկվա-Երևան հարաբերություններում: Եվ այո, Լավրովի արձագանքը  այս իմաստով շատ օրգանական էր», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս իրադարձություններին հաջորդեցին 44-օրյա պատերազմը, Մոսկվայի միջնորդությունը, աշխարհաքաղաքական որոշակի վերաիմաստավորումներ, հրաժարում կոշտ հակառուսականությունից և այլն, ինչն էլ չէր կարող չանդրադառնալ  ընկերության մասով նախկինում կայացված որոշումների վրա: Ռուսագետ Նարեկ Սուքիասյանի պնդմամբ հեղափոխությունից հետո Ռուսաստանի հետ ձևավորվել էր հարաբերությունների մի օրինաչափություն, երբ Հայաստանը «դեմոնստրատիվ քայլեր էր անում՝ հաճախ սիմվոլիկ», Ռուսաստանից իր անկախությունը ցույց տալու, որոնց արդյունքում Ռուսաստանը տալիս էր շատ բացասական արձագանք. «Այսինքն` անկախության ձգտումով, որը արվում էր հաճախ ոչ շատ խորաթափանց դիվանագիտության ձևերով, ստեղծում էր մի իրավիճակ, երբ Հայաստանը դառնում էր խոցելի ռուսական ճնշումների նկատմամբ, ու բացասական վերաբերմունքը փարատելու համար այնպիսի քայլեր էր անում, որոնք Հայաստանը էլի տանում էին Ռուսաստանից կախվածության այլ ձևերի», - նշում է նա։ «Մինչև 2024 թվականը երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը»․ Նիկոլ Փաշինյան Արձանագրությունից մեկ տարի և քրեական գործի կարճումից 4 ամիս անց՝ 2021-ի օգոստոսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ․ «Մինչև 2024 թվականը երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը։ Մենք բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թ․ կունենաք բոլորովին այլ որակի երկաթուղի»։ «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային ծրագրով ընկերությունը 2021-2025 թվականների ընթացքում պետք է իրականացներ շուրջ 15 մլն դրամի ներդրում։ Փաստորեն, վերոնշյալ արձանագրությամբ էականորեն փոփոխվում էր 2020-2024 թվականների համար նախատեսված ներդրումների չափը։  Դեռևս 2021-ի սեպտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից մեզ տրամադրել էին 2020-2024 թվականների համար նախատեսված ծախսերի բացվածքը՝ ըստ տարիների։ ՏԿԵ նախարարության տրամադրած թարմ տվյալներից պարզ է դառնում, որ նախատեսվածին մոտ ներդրումներ կատարվել են միայն 2020 և 2021 թվականներին, իսկ 2022-2024 թվականների ներդրումները էականորեն պակաս են եղել նախատեսվածից։ Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 28 մլրդ 445 մլն դրամի ներդրում, որը 10 մլրդ 563 մլն-ով պակաս է արձանագրությունով պայմանավորվածից։   «Հանրային նշանակության բոլոր ընկերությունները պետք է պարտավորված լինեն ներկայացնելու իրենց գործունեության վերաբերյալ առավել շատ տեղեկատվություն». գնումներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Գնումների մասին» օրենքին չի ենթարկվում, գնումների ընթացակարգերի կարգավորումներ առկա չեն նաև կոնցեսիոն պայմանագրերում։ Ընկերությունը կայքում հրապարակում է գնման մրցույթների հրավերները միայն, և հնարավոր չէ ծանոթանալ մասնակից և հաղթող ընկերություններին, կնքված պայմանագրին։  Այս տարվա մարտի 18-ին հարցում ուղարկեցինք «Հարավկովկասյան երկաթուղի»՝ խնդրելով հայտնել, թե որ օրենքով կամ կանոնակարգով է կարգավորվում ընկերության գնումների գործընթացը։ 45 օր անց ընկերությունից պատասխանեցին, որ գնումների կազմակերպման գործընթացը իրականացվում է ընկերության գլխավոր տնօրենի հրամանով հաստատված կանոնակարգով և հրապարակման ենթակա չէ։ Մայիսի 12-ին ընկերությանը խնդրեցինք տրամադրել նախորդ մեկ տարվա ընթացքում անցկացված գնման մրցույթների հրավերները և արդյունքում կնքված պայմանագրերը։ Ստացանք պատասխան, որ կնքված պայմանագրերը չեն կարող տրամադրվել, քանի որ պարունակում են առևտրային, բանկային, անձնական բնույթի տվյալներ։ Մայիսի 15-ին գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել վերջին 10 տարիներին անցկացված գնման մրցույթների մասնակիցների և հաղթողների անունները, գնման առարկան և պայմանագրի գինը։ Մեկ ամիս անց կրկին մերժվեցինք․ ըստ ընկերության՝ մեր հայցած տեղեկությունն ունի առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։  Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը պնդում է, որ հանրային նշանակության բոլոր ընկերությունները պետք է պարտավորված լինեն ներկայացնելու իրենց գործունեության վերաբերյալ առավել շատ տեղեկատվություն, ինչպես իրենց ֆինանսական հաշվետվությունները, այնպես էլ գնումների վերաբերյալ փաստաթղթերը։ Անդրադառնալով ռիսկերին՝ փորձագետը նշում է. «Այստեղ ռիսկերից մեկն այն է, որ կառավարությունը սուբսիդավորում է այդ ընկերության գործունեության ինչ-որ հատվածներ՝  կապված ուղևորափոխադրումների հետ, և մենք չգիտենք՝ ինչպես է վերահսկողությունն իրականացվում այդ գործունեության նկատմամբ, ինչպես են հաշվարկվում ծախսերը, ինչպես են հաշվարկվում սուբսիդիայի գումարը և այլն»։ Գնումների փորձագետը շեշտում է, որ հանրային ծառայությունների մատուցման դեպքում միշտ գերակա է հանրության շահը, և պետությունը պետք է անի առավելագույնը այդ շահը սպասարկելու համար. «Եթե չի կարողանում և տալիս է մասնավորին, ապա պետք է ունենա ինչպես չափորոշիչներ, որոնցով գնահատում է տվյալ ընկերության գործունեությունը, այնպես էլ պետք է ունենա վերահսկողական մեխանիզմներ և համապատասխան մասնագետներ, որոնք կարող են իրականացնել այդ վերահսկողությունը»։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ եթե մասնավոր ընկերությունն իր կարիքների համար գնումներ է կատարում և դա չի ազդում սակագների վրա, ապա պետության վերահսկողությունն արդարացված չէ։ Դեռևս 2016 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 6-ամսյա ուսումնասիրությամբ եզրակացրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» գնումներն իրականացնում է ձևական բնույթի մրցույթներով կամ առանց դրանց։ Հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանը նշել էր․ «Պարզվում է, որ ընկերությունն ինքն է որոշում, թե որ ընկերությունից և ինչ պայմաններով ձեռք բերի ապրանքներ և ծառայություններ։ Եթե անգամ ընկերությունը մրցույթներ անցկացնում է, ապա շատ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում, որովհետև այդ մրցույթների արդյունքում մենք դեպքեր ունենք բացահայտված, որ հաղթող է ճանաչվում ավելի բարձր գին ներկայացրած ընկերությունը»։ Շաբոյանի ղեկավարած կառույցը հայտնաբերել էր նաև, որ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում ընկերությունը արտադրամաս է կառուցել՝ 100 մլն դրամ ծախսելով շինարարության, 300 մլն դրամ՝ սարքավորումներ գնելու համար, որպեսզի անվազույգերի նորոգումն անցկացվի Հայաստանում, մինչդեռ արտադրամասը կառուցելուց հետո անվազույգերը կրկին արտերկրում են նորոգվել։  2015 թվականին անցկացված աուդիտն էլ արձանագրել էր, որ չնայած ընկերությունում որպես առանձին ստորաբաժանում գործում էր իրավաբանական ծառայություն, ընկերությունը պարբերաբար դիմել է տարբեր կազմակերպությունների՝ իրավաբանական ծառայություններ ստանալու համար, և որոշ դեպքերում այդ ծառայությունների գծով կրել է էական ծախսեր, որոնք համարժեք չեն այդ ստացված արդյունքներին։ Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է, որ եթե գնումների ընթացակարգը նպատակային, արդյունավետ ու խնայողական չէ, ապա լինելու են չարաշահումներ և դրանց արդյունքում ձևավորվելու են գումարներ, որոնք, ի վերջո, կարող են ներառվել սուբսիդիայի գումարի մեջ. «Այսինքն՝ կստացվի, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի հարկատուները ֆինանսավորում են ընկերության անարդյունավետ գործունեությունը»։ Փնտրվում են փաստաթղթեր և թեմայով կոմպետենտ պատգամավորներ Կոնցեսիոն ակտիվները ռուսական կողմին են փոխանցվել հանձնման-ընդունման ակտի համաձայն, որտեղ նշվել է, թե Հայաստանի Հանրապետությունը շահագործման համար երկաթուղային տրանսպորտի ինչ օբյեկտներ, անշարժ և շարժական գույք է փոխանցել «Հարավկովկասյան երկաթուղուն»։  Թվում է, թե այս փաստաթուղթը, որն ամրագրում է, թե փաստացի ինչ է փոխանցվել ռուսական ընկերությանը, լրագրողներին պիտի տրվեր առաջին իսկ հարցմամբ, սակայն մեր ճանապարհը ավելի բարդ էր։  Պայմանագրի կնքման պահին լիազոր պետական մարմինը Տրանսպորտի և կապի նախարարությունն էր։ Հետագայում լիազորությունները փոխանցվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ 2019 թվականից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։  Նախ՝ ՏԿԵ և ԲՏԱ նախարարություններից մեզ փոխանցեցին, որ հանձնման-ընդունման ակտն իրենց մոտ չի պահվում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր գրությունից հետո ՏԿԵ նախարարությունը ինչ-որ հրաշքով գտավ և մեզ տրամադրեց այն։ Պատմությունն այստեղ էլ չավարտվեց, հանձնման-ընդունման ակտը մեզ փոխանցեցին թերի՝ առանց փոխանցված ակտիվների ցանկը պարունակող 7 հավելվածների։ Այս անգամ վարչապետին ուղղված գրությունն էլ չփրկեց․ հավելվածները չեն պահվում ոչ ՏԿԵ, ոչ ԲՏԱ նախարարություններում, ոչ Կառավարությունում, և ոչ էլ կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացի մասին արխիվային փաստաթղթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում ուղարկեցինք՝ հասկանալու, թե ինչու այս հավելվածները չեն պահպանվել, և թե վերջինս ինչ է անելու դրանք գտնելու համար։ Վարչապետի աշխատակազմն այս հարցումը վերահասցեավորել էր ՏԿԵ նախարարությանը, որն էլ հարցմանը պատասխանելու համար պահանջել է 30 օր։  Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ լիազոր մարմինը ՏԿԵ նախարարությունն է, և իրենք որևէ առնչություն չունեն այդ հավելվածների հետ, հետևաբար՝ բոլոր հարցերը պետք է ուղղել նախարարությանը։ Կոնցեսիոն պայմանագրի լուծման ամսաթվին «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի Հանրապետությանը պետք է վերադարձնի կոնցեսիոն ակտիվները։ Թե ինչպես են լիազոր մարմինները առանց հանձնման-ընդունման ակտի հավելվածներում առկա տեղեկության ապահովելու Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքի պատշաճ ընդունումը, հայտնի չէ։  Նյութը պատրաստելիս ՏԿԵ նախարարությունից խնդրեցինք հարցազրույց կազմակերպել Երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի հետ։ Չնայած հարցազրույցի անցկացման ժամկետ չէինք նշել՝ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանից ստացանք պատասխան, որ զբաղվածության պատճառով հարցազրույցը կազմակերպել հնարավոր չէ։ Դրանից հետո վերջինիս տեղեկացրինք, որ այդ պարագայում կարող ենք զրուցել ցանկացած այլ կոմպետենտ պաշտոնյայի հետ։ Ստացանք պատասխան․ «Հարցազրույց չենք դիտարկում այս պահին։ Եթե այլ հարցեր կան թեմայի վերաբերյալ, խնդրում եմ գրավոր ուղարկել»։ Մեկ շաբաթ անց մամուլի քարտուղարին խնդրեցինք հարցազրույց կազմակերպել փոխնախարար, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս Արմեն Սիմոնյանի հետ։ Սոնա Հարությունյանը խնդրեց կապ հաստատել մեկ շաբաթ անց, քանի որ փոխնախարարը մեկնել էր գործուղման։ Մեկ շաբաթ անց կապ հաստատելուց հետո էլ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ փոխնախարար Սիմոնյանն առաջիկա երկու շաբաթում լինելու է ծանրաբեռնված, հարցազրույցի համար կարող ենք պայմանավորվել հունիսի 19-ից հետո։ Արդյունքում, հաշվի առնելով, որ նյութում անդրադարձ է կատարվում նախարարության իրավասություններին առնչվող թեմաների՝ գրություն ուղարկեցինք՝ խնդրելով 3 օրվա ընթացքում արձագանքել մեր ուղարկած հարցերին։ Այս գրությանը պատասխանելու համար նախարարությունը պահանջեց 30 օր։  Մեր ուսումնասիրության ընթացքում փորձեցինք լսել նաև կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կարծիքը ինչպես երկաթուղու կոնցեսիոն կառավարման, զարգացման հեռանկարների, այնպես էլ, օրինակ, գնումների ոլորտում հանրային վերահսկողության բացակայության վերաբերյալ, սակայն ՔՊ 69-հոգանոց խմբակցությունից չգտնվեց մեկ պատգամավոր, որ կպատասխաներ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի և ոլորտի վերաբերյալ մեր հարցերին։ Նախ փորձեցինք զրուցել ԱԺ փոխնախագահ, նախկինում Տրանսպորտի և կապի փոխնախարար, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ, սակայն վերջինիս օգնականը փոխանցեց, որ պատգամավորը շատ զբաղված է։  Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը անպատասխան թողեց հարցազրույցի մեր առաջարկը։ Նույն հանձնաժողովի փոխնախագահ Արեն Մկրտչյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ այս թեմայով կոմպետենտ չէ, նույն պատճառաբանությամբ մեկնաբանությունից հրաժարվեցին Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։  Փորձեցինք կապ հաստատել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ լսելու նրա կարծիքը կամ խնդրելու մեզ ուղղորդել խմբակցության՝ այս հարցով կոմպետենտ պատգամավորի հետ հարցազույցի։ Վերջինս օգնականը նշեց, որ դրական պատասխանի դեպքում կզանգի մեզ․ չզանգեց։ Հարցազրույցի խնդրանքով դիմել էինք նաև «Հարավկովկասյան երկաթուղուն», մերժում ստանալուց հետո մեր հարցերն ուղարկել էինք գրավոր։ Մինչ օրս ընկերությունից այս հարցերի պատասխանը չենք ստացել։ «Պայմանագրի երկարաձգման հարցը պետք է դիտարկվի որպես ռազմավարական որոշում»․ երկաթուղու ապագան Կոնցեսիոն պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է՝ մինչև 2038 թվականը, սակայն սահմանված է այն ևս 10 տարով՝ մինչև 2048 թվականը երկարաձգելու հնարավորություն, եթե մինչև 2027 թվականի օգոստոսը կողմերն իրար հայտնեն  այդ մտադրություն մասին։  Հաշվի առնելով, որ 2027 թվականը սարերի հետևում չէ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հարցրել էինք՝ իրենք ունե՞ն արդյոք նման մտադրություն և հայտնե՞լ են այդ մասին Կառավարությանը։ Ընկերությունից մեր հարցին չեն պատասխանել։ Պայմանագրի երկարացման հնարավորությունների, երկաթուղու կառավարման այլ տարբերակների վերաբերյալ հարցեր էինք ուղղել նաև ՏԿԵ նախարարությանը։ Նախարարությունը, ինչպես նշեցինք, մեկ ամիս է խնդրել այս և մյուս հարցերին պատասխանելու համար։ ։ Քաղաքագետ Վահե Դավթյանը կարծում է, որ այս փուլում, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հաջողվել է պահպանել ենթակառուցվածքների կենսունակությունը, իրականացնել որոշակի արդիականացում և վերականգնել միջազգային ուղևորափոխադրումները, պայմանագրի ևս 10 տարով երկարաձգումը կարող է ապահովել ոլորտի գործառնական կայունությունը և կանխել անցումային ռիսկերը։ Քաղաքագետը, սակայն, միաժամանակ նշում է, որ արդիական է նաև այլընտրանքային սցենարների դիտարկումը․ «Տարածաշրջանային փոփոխությունները՝ հատկապես նոր տրանսպորտային միջանցքների քննարկումը, հուշում են, որ երկաթուղային համակարգի նկատմամբ պետք է ձևավորվի նոր մոտեցում։ Այդ թվում՝ հնարավոր է աստիճանաբար ավելացնել պետական վերահսկողությունը ոլորտի նկատմամբ կամ հաստատել պետական-մասնավոր նոր ձևաչափ, որն առավել սերտ կապված կլինի ազգային- ռազմավարական շահերի հետ։ Ուստի, պայմանագրի երկարաձգման հարցը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տեխնիկական, այլ որպես ռազմավարական որոշում, և դրա հիմքում պետք է լինեն հստակ գնահատականներ՝ արդյունավետության, վերահսկելիության և տարածաշրջանային զարգացումներին ադեկվատ արձագանքման տեսանկյունից»։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ի վիճակի է առանց մասնավոր համագործակցության կամ կոնցեսիայի կառավարել երկաթուղին, Դավթյանը նշում է, որ պոտենցիալ առումով կարող ենք ունենալ համապատասխան ինստիտուցիոնալ և տեխնիկական ռեսուրսներ, սակայն այդ հնարավորությունը խիստ սահմանափակվում է տրանսպորտային քաղաքականության համակարգային ու դոկտրինալ հիմքերի բացակայությամբ․ «Երկաթուղային ոլորտի կառավարումը չի կարող դիտարկվել միայն որպես տեխնիկական կամ ֆինանսական հարց․ այն պահանջում է ազգային ռազմավարության մաս կազմող հստակ ձևակերպված տրանսպորտային դոկտրին, որն այսօր փաստացի առկա չէ»։  Միաժամանակ քաղաքագետի բնորոշմամբ կոնցեսիայի դադարեցումը և կառավարման մոդելի փոփոխությունը պահանջում է քաղաքական կամք, մասնագիտական կադրային ներուժ և ներդրումային հստակ մոբիլիզացիա, որոնց հետ առկա են լուրջ խնդիրներ: Վերջինիս կարծիքով նախքան կոնցեսիոն մոդելի վերանայումը, անհրաժեշտ է վերաիմաստավորել Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը որպես անվտանգության բաղադրիչ, ձևավորել համապատասխան դոկտրին, և միայն դրանից հետո  գնահատել կառավարման այլընտրանքային սցենարների իրագործելիությունը։ Անդրադառնալով հայկական երկաթուղու շահագործման հարցում այլ երկրների կամ ընկերությունների հնարավոր հետաքրքրությանը՝ Վահե Դավթյանը նշում է, որ, նման հետաքրքրությունը կարող է ունենալ բացառապես աշխարհաքաղաքական մոտիվացիա․ «Տեսականորեն, եթե այնուամենայնիվ տարածաշրջանում տեղի ունենա ապաշրջափակում և հաղորդակցությունների վերաբացում, ապա հայկական երկաթուղին կարող է հանդես գալ որպես հանգույց, որի կառավարման նկատմամբ հետաքրքրություն կարող են ցուցաբերել մի շարք պետական և մասնավոր դերակատարներ՝ իրենց տնտեսական և ռազմավարական շահերից ելնելով։ Առաջին հերթին այսպիսի հետաքրքրություն կարող են ունենալ հարավկովկասյան և մերձակա տարածաշրջանի երկրները, ինչպես նաև Թուրքիան, Իրանը և Կենտրոնական Ասիայի պետությունները։ Կարևոր է նաև չբացառել չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ մասամբ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է տրանսպորտային ցանցերի ընդլայնումը դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք»։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը անդրադարձավ նաև ռուսագետ Նարեկ Սուքիասյանը՝ նշելով, որ ապաշրջափակման դեպքում  եթե երկաթգծային հաղորդակցության բաղադրիչը շարունակի լինել ռուսական վերահսկողության տակ, ապա դա կարող է բերել ռիսկի. «Արդեն ապրանքափոխանակությունը, որը կազմում է արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի գլխավոր կոմպոնենտներից մեկը, կարող է տարբեր ռիսկերի հանդիպել. տեխնիկական պատճառներով, բայց քաղաքական հետևանքներով։ Այսինքն` երկաթգիծը, որը կենսական նշանակություն կարող է ձեռք բերել, ինչ-ինչ պատճառներով չաշխատի, իսկ պատճառներ հնարավոր է մտածել անթիվ։ Այս պահին նման վտանգի պոտենցյալը ցածր է, որովհետև մեր երկաթգիծը բացի Վրաստանից առանձնապես որևէ լուրջ միջազգային ենթակառուցվածքների ցանցի միացած չէ, բայց եթե բազմազանեցվեն ու շատանան  այդ կապերը, էլ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ»,- նշում է Նարեկ Սուքիասյանը։   Այսպիսով, 2008 թվականին Հայաստանն իր երկաթուղային համակարգը 30 տարով հանձնեց «Հարավկովկասյան երկաթուղու» շահագործմանը՝ դրա համար սահմանելով տարեկան կոնցեսիոն վճար։ Այս վճարը, սակայն, պայմանավորված  կառավարության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորմամբ, կրում է խորհրդանշական բնույթ։  Ռուսական կառավարման տարիներին որոշակի ներդրումներ իրականացվել են, սակայն արդյունավետ վերահսկողության բացակայությունը, գնումների թափանցիկության խնդիրները և քաղաքական ազդեցության ռիսկերն առաջ են բերում այս մոդելի արդյունավետության վերաբերյալ հարցեր։ Այժմ, երբ մոտենում է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշում կայացնելու սահմանված ժամկետը,  թե՛ պատասխանատու գերատեսչությունները, թե՛ օրենսդիր մարմինը նախընտրում են չանդրադառնալ այս հարցերին։ Մինչդեռ անհրաժեշտ է անկեղծ պատասխան տալ՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը սեփական ուժերով իրականացնել համակարգի կառավարումը։ Եթե ոչ, ապա գոնե պետք է ապահովել առավել թափանցիկ,  հաշվետու և հանրային վերահսկողությանը ենթակա կառավարման մոդել։   Գլխավոր լուսանկարում ձախից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյան Հեղինակներ՝ Լյուսի Մանվելյան, Լիլիթ ԳրիգորյանՎիզուալները՝ Լյուսի ՄանվելյանիՏեսանյութը՝ Ռոման Աբովյանի
22:27 - 18 հունիսի, 2025
Հայաստանը պատրաստվում է սահմանափակել ռուսական քարոզչության տարածումը հեռուստատեսությամբ  |civilnet.am|

Հայաստանը պատրաստվում է սահմանափակել ռուսական քարոզչության տարածումը հեռուստատեսությամբ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ և տեխնիկական միջոցներ՝ հակազդելու Ռուսաստանի պետական մեդիայից հնչող և Հայաստանի ներքին տեղեկատվական դաշտում տարածվող քարոզչական հարձակումներին։ Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց հունիսի 18-ին Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Հայրապետյանի խոսքով՝ ռուսական հեռուստաեթերից մի հաղորդում, որը վերջին օրերին լայնորեն տարածվել է համացանցում՝ վիրավորական արտահայտություններով Հայաստանի, նրա ժողովրդավարության ու վարչապետի հասցեին, շարունակությունն է նախորդ տարվա ընթացքում արձանագրված մի քանի դեպքերի։ Դրանց արձագանքելով՝ իշխանությունները արդեն արգելափակել են այդ հաղորդման հեռարձակումը հանրային մուլտիպլեքսով։ «Այդ հաղորդումը արդեն մի քանի ամիս է, ինչ չի հեռարձակվում Հայաստանի հանրային մուլտիպլեքսով։ Սակայն խնդիրն այն է, որ այն հասանելի է մնում մալուխային հեռուստատեսությամբ՝ այսպես կոչված IPTV-ով և OTT հարթակներով։ Այժմ պատրաստ է տեսալսողական մեդիայի մասին օրենսդրական փաթեթի նոր տարբերակը, որը նախատեսում է կարգավորումներ նաև այդ ոլորտի համար և նախատեսվում է առաջիկայում քննարկել Ազգային ժողովում»,- ասաց նախարարը։ Հայրապետյանը նշեց նաև, որ ամենաբարդ հատվածը համացանցն է, որտեղ նույն այդ հաղորդումները տարածվում են սոցիալական ցանցերով՝ այդ թվում հայաստանաբնակ օգտատերերի, նույնիսկ հայ հայրենակիցների կողմից։ «Ցավոք, այդ մարդկանց մեծ մասը ֆեյք չէ։ Իրենք մեր քաղաքացիներն են, և որոշ դեպքերում ոգևորությամբ են տարածում այդ տեսանյութերը»,- ասաց նախարարը։ Նախարարության աշխատանքը, նրա խոսքով, ունի երկու ուղղություն։ Առաջինը՝ տեխնիկական միջոցներով արգելափակել քարոզչական բովանդակության հասանելիությունը բոլոր հնարավոր հարթակներում։ Երկրորդը՝ հանրության մեդիագրագիտության բարձրացում և կիբերանվտանգության մակարդակի ամրապնդում։ «Այստեղ պետությունն ունի շատ անելիքներ։ Անհրաժեշտ է մեդիա գրագիտություն, կրթական միջամտություն, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան տարբերակել՝ ինչ է քարոզչություն, ինչ է կեղծ տեղեկություն, և չդառնան հիբրիդային պատերազմի զոհ», — եզրափակեց Հայրապետյանը։
19:55 - 18 հունիսի, 2025
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար

Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը:Այս մասին հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ 𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱 ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում՝  կիրականացվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլարի ներդրում,  կտեղակայվեն հազարավոր 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗚𝗣𝗨-ներ,  կձևավորվի ավելի քան 𝟭𝟬𝟬 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,  գործարկումը նախատեսվում է 𝟮𝟬𝟮𝟲 թվականին։ AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։ Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- գրել է Մխիթարյանը իր ֆեսբուքյան էջում:
20:17 - 11 հունիսի, 2025
ԲՏԱ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. նախարար |1lurer.am|

ԲՏԱ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. նախարար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Մանրամասն ներկայացնելով իրականացված ծրագրերն ու միջոցառումները՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի համար հատկացվել է 677 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 94 տոկոս: Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի շրջանակում հատկացվել է 2,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95.8 տոկոս: Հատկացված միջոցներն ուղղվել են 4 միջոցառումների իրականացմանը: ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ու հեռահաղորդակցության ու կապի կանոնակարգման միջոցառման համար հատկացվել է 2,3 մլրդ դրամ: Նշված գումարով հանրապետության 10 մարզկենտրոններում «Ռադիոհսկման կայանների կառուցում և համակարգի ներդրում» միջոցառման շրջանակում ամբողջությամբ իրականացվել են 2024 թվականի համար նախատեսված ռադիոմոնիթորինգի  և տեղորոշման 19 չսպասարկվող ստացիոնար կայանների տեղակայման, գործարկման, տվյալների փոխանակման միասնական ցանցին ինտեգրման և շահագործման աշխատանքները: Թվայնացման աշխատանքների համար բյուջեով նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, սակայն բուն բովանդակային իմաստով կատարողականը կազմել է 16,3 տոկոս: Բյուջեի մնացած հատվածը վերաբաշխման միջոցով տրվել է մի շարք գերատեսչությունների տարբեր միջոցառումների համար: Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով հստակեցումներ հաշվետվության ներկայացված ծրագրերի, միջոցառումների վերաբերյալ: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաքելությունը քաղաքականությունների մշակումն է»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ 2024 թվականին երկու կարևոր՝ «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծեր են մշակվել:
17:19 - 09 հունիսի, 2025
ԲՏԱ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից անհիմն հատկացվել է 360 մլն դրամ

ԲՏԱ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից անհիմն հատկացվել է 360 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նախաձեռնել է աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա պետբյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է  ընդհանուր շուրջ 360 մլն դրամ։ «Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ խախտվել է պետության կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, նշված կարգի խախտմամբ կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնցով նախատեսված աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը բացակայել է, իսկ ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
12:33 - 04 հունիսի, 2025
Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար |armenpress.am|

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար |armenpress.am|

armenpress.am: Տարիներ շարունակ քննարկվում էր պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի և զինատեսակների տրամադրումը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին, որոնք դրանք կօգտագործեն նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով, սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացումը։ Ազգային ժողովի մայիսի 15-ի արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այս տարվա մայիսին մենք ակնկալում էինք իրավական ընթացակարգերով փոխանցել այդ զինատեսակները մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, սակայն իրավաբան գործընկերների հետ քննարկումներում առաջացած իրավական խոչընդոտները ստեղծում էին ռիսկ՝ ծրագիրը ժամանակին չիրականացնելու։ Այդ պատճառով որոշվեց օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն և հստակ ամրագրել լիազորություն կառավարության համար»,-նշեց Հայրապետյանը։ Նա ասաց, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն արդեն օրենսդրորեն կկարողանա սահմանված ընթացակարգով, արագ և արդյունավետ կերպով ռազմարդյունաբերական ընկերություններին տրամադրել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության միջոցները։
12:54 - 15 մայիսի, 2025
Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, մինչեւ մեզ դիմելը, մենք քննարկել ենք մասնագետների հետ՝ արդյոք հնարավո՞ր է մեզ հասանելի տեխնոլոգիական միջոցներով, տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալ՝ հասկանալու ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով 2-ամյա երեխայի անհայտ կորելու դեպքի մասին։ «Վերջին 7-8 օրերի ընթացքում մեզ հետ համագործակցություն ունեցած կամ երբեւէ նույնիսկ չունեցած միջազգային առաջատար 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն տվյալ տեղանքից [արբանյակային] վերջին լուսանկարները, որոնք որեւէ ընկերությունից մեզ հասել են, թվագրվում են ապրիլի 26-ին՝ դեպքից օրեր առաջ։ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում գուցե թե այլ ընկերությունների մոտ հայտնվեն տվյալ օրերի լուսանկարներ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որեւէ առարկայական նյութ ունենալու դեպքում ՆԳՆ գործընկերներին կտեղեկացնեն։ Նշենք, որ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ «Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։
12:47 - 15 մայիսի, 2025
ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի գլխավորությամբ կայացել է «Mistral AI» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։  Աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ կառավարության և ազգային զարգացման մեջ արհեստական բանականության (AI) դերի վերաբերյալ ռազմավարական պատկերացումներ տրամադրելը, արհեստական բանականության գործնական կիրառությունները կառավարման, տնտեսության և անվտանգության ոլորտում ներկայացնելը և AI նախագծերի քաղաքականության ու փորձնական իրականացման շրջանակները քննարկելն ու բացահայտելը: Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով հանդիպման անցկացումը, մեկ անգամ ևս վերահաստատել է արհեստական բանականության հեղինակավոր այս կազմակերպության և նախարարության համագործակցությունը՝ խթանելու ԱԲ ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Գիյոմ Բուրը, իր հերթին, հանգամանալից ներկայացրել է ընկերության գործունեությունը, արհեստական բանականության հիմունքներն ու համաշխարհային միտումները: Հանդիպմանն անդրադարձ են կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ավտոմատացման, կառավարման, անվտանգության և տնտեսական զարգացման համաշխարհային AI միտումներին, AI-ի վրա հիմնված առաջատար կառավարությունների փորձի ուսումնասիրություններին, AI-ի ազդեցությանը կառավարության գործունեության և քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների և ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, AI մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերյուծությանը, ԱԲ կիրառմամբ՝ արդարադատությանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին աջակցման և բարելավելավման մեխանիզմներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող արհեստական բանականության (AI) ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին: Հանդիպմանը նախորդել է «Mistral AI»-ի ներկայացուցիչների հետ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների նախաճաշ-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ուղղվածությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։ Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 10-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում: Նախարարության հետ համագործակցության շրջանակներում «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ, կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։
22:35 - 14 մայիսի, 2025
Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Դեսպանին է ներկայացվել ԻՔ-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ինչպես նաև ԻՔ նախաձեռնության տեսլականը: Դեսպանը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում նախատեսվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, Ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաև արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին, կիսվել իր տպավորություններով: Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների ուղղությամբ: «Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ԲՏԱ նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ինժեներական քաղաքում այս պահին ներգրավված է 30 ինժեներական և բարձր տեխնոլոգիական կազմակերպություն,  350 աշխատակից՝ հիմնականում փորձառու ինժեներներ:
21:57 - 12 մայիսի, 2025
ԲՏԱ նախարարը ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ ծանոթանալու մարզի տեխնոլոգիական առաջընթացին

ԲՏԱ նախարարը ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ ծանոթանալու մարզի տեխնոլոգիական առաջընթացին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հրավերով մայիսի 6-ին այցելել է Իջևան՝ ծանոթանալու տեղում իրականացվող տեխնոլոգիական կրթական ծրագրերին, հաջողված նախաձեռնություններին և ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությանը։ Նախարարի առաջին կանգառը «ԻննոԻջևան» հանգույցն է եղել, որտեղ մի շարք տեխնոլոգիական կրթական ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել հանգույցում, ծանոթացել հնարավորություններին և կարևորել մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը և իրականացումը։ Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը, որը քառամյա կրթությամբ տեխնոլոգիական ուսումնարան է՝ նախատեսված 9-րդ դասարանը ավարտած աշակերտների համար։ ԱՏՁՄ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է դպրոցի առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողները հիմնականում սովորում են դպրոցական՝ 10-12-րդ դասարանների ծրագրով, իսկ հետագա տարիներին անցնում են գործնական աշխատանքի և ավարտում ուսումը 2-3 տարվա մասնագիտական փորձով։ Սաները հիմնականում ընտրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և այլն։ Վահե Խաչատրյանը շեշտել է, որ «Իրական դպրոցը» իր սաներին առաջարկում է աշխատաշուկա մուտք գործելու արդյունավետ ճանապարհ՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող՝ ըստ ընտրած ուղղության։ Հաջորդ կանգառը եղել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը, որտեղ նախարարը զրուցել է սաների հետ, լսել նրանց գաղափարներն ու նախագծերը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է այս կրթական ծրագրի բացառիկությունը՝ ընդգծելով այն մարզերում տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանման և զարգացման տեսանկյունից։ Այնուհետև նախարարն այցելել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող «Microchip Technology» ընկերության Իջևանի մասնաճյուղ։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է մասնաճյուղի տարածքով, ծանոթացել աշխատակիցների հետ, մասնաճյուղի գործունեության առանձնահատկություններին։  Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ «Microchip Technology»-ի նման ընկերության ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։   Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանը։ Քննարկվել և պարզաբանվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման, նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
10:35 - 07 մայիսի, 2025
Քննարկվել է  Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները

Քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները

Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։   Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ։   Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։
22:00 - 04 ապրիլի, 2025
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է՝ թվային ենթակառուցվածքների զարգացման ու կիբեռանվտանգության համագործակցության խորացման նպատակով

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է՝ թվային ենթակառուցվածքների զարգացման ու կիբեռանվտանգության համագործակցության խորացման նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում։ Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Հաշվի առնելով Էստոնիայի հետ միջպետական համագործակցության ռազմավարական կարևորությունը և այցի նպատակը՝ պատվիրակության կազմում ներգրավվել են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և այլ պաշտոնատար անձինք։ Ապրիլի 1-ին մեկնարկել են նախատեսված աշխատանքային քննարկումները։ «e-Estonia Briefing» կենտրոնում ՀՀ պատվիրակության համար ներկայացվել է «Էստոնիայի թվային փոխակերպման ընդհանուր տեսություն» շնորհանդեսը, որի շրջանակում քննարկվել են թվային կառավարման հիմնական մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման ուղիները։ Այնուհետև պատվիրակությունն այցելել է «Proud Engineers»-ի գլխավոր գրասենյակ։ Հանդիպման ընթացքում «Proud Engineers»-ի հիմնադիր, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով առաջին տնօրեն Թաավի Կոտկան ներկայացրել է «Հանրային հատվածի ներգրավումը բարդ բարեփոխումների իրականացման գործընթացում» թեմայով զեկույցը՝ ընդգծելով բարեփոխումներին նպաստող մտածողության ձևավորման կարևորությունը և ներկայացնելով Էստոնիայի տվյալ ոլորտում ունեցած հաջողված փորձը: Այնուհետև «Proud Engineers»-ի գլխավոր տեղեկատվական տեխնոլոգիաների գծով  տնօրեն, Էստոնիայի կառավարության  տեղեկատվական տեխնոլոգիաների գծով նախկին գլխավոր տնօրեն Անդրես Կյուտը հանդես է եկել «Հանրային հատվածի մարտահրավերները․ սխալներից խուսափելու և կայուն քաղաքականություն մշակելու ուղիներ» զեկույցով՝ ներկայացնելով պետական կառավարման ոլորտում կայուն քաղաքականության մշակման կարևոր մեխանիզմները։ Հանդիպմանը մասնակցել է նաև SK ID Solutions AS  ընկերության գլխավոր տնօրեն Կալև Փիհլը, ով «Թվային ինքնության և վստահելի ծառայություններ» զեկույցում անդրադարձել է անվտանգ և արդյունավետ էլեկտրոնային ինքնության ու թվային ստորագրման լուծումներին։ Քննարկումների ավարտին «Proud Engineers»-ի և ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) eHealth փորձագետ Իգոր Բոսսենկոն ներկայացրել է «Կայուն և փոխգործունակ էլեկտրոնային առողջապահական էկոհամակարգի ձևավորում» թեմայով զեկույցը, որտեղ քննարկվել են թվային առողջապահական համակարգերի ներդրման փորձը և դրանց կիրառելիությունը։ Այցի շրջանակում, Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների, Էստոնիայում ՀՀ դեսպանության և «Proud Engineers» ընկերության աջակցությամբ, նախատեսվում են նաև հանդիպումներ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ինչպես նաև Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ հնարավոր համագործակցության նոր ուղիները։
18:19 - 01 ապրիլի, 2025
Փաշինյանն ընդունել է Emerson-NI ընկերության նախագահին

Փաշինյանն ընդունել է Emerson-NI ընկերության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ Emerson-Ni ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով, նա կարևորել է ՀՀ Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
16:36 - 10 մարտի, 2025
Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը |armenpress.am|

Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21: Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, մանրամասնելով կատարված փոփոխությունները՝  Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են հետևյալ դրույթները. Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել է նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները։ Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։ Ներկայացված օրինագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
17:04 - 05 մարտի, 2025
Քննարկվել են Հայաստանի և Անգոլայի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Անգոլայի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու նպատակները՝ ուղղված ոլորտի զարգացմանը, շեշտադրելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ ունի գրանցած և անցյալի ավանդույթների վրա հիմնվելով ներկայում ևս լուրջ ձեռքբերումներ է արձանագրում։ Ավգուստո Դա Սիլվա Կունիան իր հերթին նշել է, որ տեղեկացված են մեր երկրի ոլորտային ձեռքբերումներով, գիտեն, որ Հայաստանը լուրջ պոտենցիալ և հաջողություններ ունի, ուստի՝ հատկապես արհեստական բանականության, կադրերի պատրաստման և կրթական ծրագրերի ուղղությամբ ցանկություն ունեն համագործակցելու։ Դեսպանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի առաջմղման ուղղությամբ Անգոլայի ձեռնարկած քայլերն ու աշխատանքները։   Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արհեստական բանականության ուղղությամբ մասնավոր ընկերությունների միջև կապերի հաստատման հնարավորություններ։
18:27 - 21 փետրվարի, 2025