«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:
Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 15 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:
comment.count (0)