Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։   Նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։  «Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի սարսափելի է, ուղղակի բառեր չեմ գտնում ու կարծում եմ, որ նման իրավիճակներն անթույլատրելի են։ Բնականաբար, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է կարևոր, այլև մեր։ Մենք մեր հերթին պետք է մանրամասն հասկանանք, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, և որ օղակն ինչքանով է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել»,-շեշտեց նախարարը։ Նրա հավաստիացմամբ՝ նման դեպքերը մեկ օրում տեղի չեն ունենում. որոշ նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։ «Եթե լինի արձագանք ընտանիքներից, դպրոցից, այսպիսի դեպքերը չեն կարող նման սրացումներ ունենալ, խորանալ ու հնարավոր կլինի ավելի վաղ կանխել»,-ասաց Անդրեասյանը։   Նախարարը կարծում է՝ նախարարությունն ընդհանրապես թմրանյութերի տարածումը կանխարգելելու ուղղությամբ շատ անելիքներ ունի։ Վերջերս ՀՀ կառավարությունում քննարկել են այդ ուղղությամբ ռազմավարությունը, որը ներկայացված է եղել ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների կողմից։ Անդրեասյանը վստահ է՝ այդ ոլորտում բոլոր գերատեսչություններն անելիքներ ունեն։  «Կրթական հաստատություններում անելիքներ կան մի քանի հիմնական ուղղություններով. մեկն իրազեկումն է, որ երեխաները տեղեկացված լինեն  վնասակար հետևանքների, վտանգների մասին ու հասկանան, թե որ իրավիճակում ով, ինչ կարող է իրենց առաջարկել և ինչպես պետք է արձագանքեն նման իրավիճակներում, ում կարող են դիմել, աջակցություն ստանալ։ Մենք նաև դպրոցներում ունենք անվտանգություն ապահովելու խնդիր։ Նպատակ ունենք կարգավորել  դպրոցներում ելումուտը։ Հատկապես խոշոր ու ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, ավելի լուրջ ռիսկեր կան։ Մեզ անհանգստացնում են ոչ միայն թմրանյութերը, այլև դանակի գործադրման կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը։ Այս դպրոցների ելումուտը վերահսկելու, կարգավորելու խնդիր կա»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է անչափահասների շրջանում թմրանյութերի, թմրամիջոցների հնարավոր թեստավորման տարբերակը։ ՀՀ ՆԳՆ-ի հետ փորձում են հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր կազմակերպել դա։ «Առկա է անձնական տվյալների հետ կապված հարցը նաև։ Մենք հասկանում ենք, որ բավականին զգայուն ու նուրբ հարց է, բայց մյուս կողմից էլ սա մեր երեխաների առողջության ու անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Առաջիկայում կգտնենք ընդունելի կարգը՝ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով։ Մի բան կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունեցել, չպիտի կրկնվի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ստանում է հաղորդագրություններ իրավապահ մարմիններից և փաստում՝ հաճախ թմրանյութերի տարածումը, վաճառքը իրականացվում է տարբեր հարթակների միջոցով, ինչպես օրինակ՝ «Տելեգրամ»-ի ալիքների։ «Ահազանգեր ստացել ենք, որ ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում, օրինակ, դպրոցների մոտակայքում։ Բնականաբար, իրավապահ մարմինների հետ կապի մեջ ենք և փոխանցում ենք այդ տեղեկությունները։ Սա մի աշխատանք է, որը պետք է անենք բոլորս»,-ասաց նա։  Խոսելով դպրոցի տնօրենի աշխատանքից հնարավոր հեռացման մասին՝ Անդրեասյանը շեշտեց. «Եթե դպրոցն այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, խնդիր է։ Բոլոր անձիք, որոնք տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, որը չեմ պատրաստվում քննարկել։ Այդ դիրքորոշումը փոխանցել եմ նաև մարզպետին»։ Ավելի վաղ Արարատի մարզպետարանը խստորեն դատապարտել էր կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարել, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո։  Կառույցը վստահեցրել էր, որ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով: Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն եւ վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք եւ բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:
16:44 - 16 մայիսի, 2025
Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։ Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների և օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային առօրյա և հրատապ հարցեր, այդուհանդերձ, կրթությունն առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե՛ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե՛ նաև ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։ Այս օրը հնարավորություն է մի կողմից մեր գնահատանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության և քայլի համար՝ չափազանց բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու ևս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը: Այն կրթությունը, որը մրցունակ է և այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը՝ առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որն իրացվելով և ստեղծագործելով՝ իր լավակեցությամբ նաև երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։ Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլվելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք՝ եղած խնդիրները ձևակերպելու համար և հետևողական ու համբերատար լինենք՝ դրանք լուծելու համար։ Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ, այս օրը նշելով նաև իբրև Հայաստանի Հանրապետությունում ուսանողների և երիտասարդների օր՝ մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։ Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին՝ հիմնադրման 106-ամյակի առիթով՝ ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների առաջատար՝ նորովի վերահաստատելով իր պատմական և հանրային նշանակությունը»:
11:06 - 16 մայիսի, 2025
Ծնողների մեծ մասը բռնության ամենօրյա քարոզով երեխաներին ուղարկում է դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Ծնողների մեծ մասը բռնության ամենօրյա քարոզով երեխաներին ուղարկում է դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության․ ծնողների մի զգալի մասը չգիտի՝ իր երեխան ինչով է զբաղված, տպավորություն է, որ ոչ էլ ուզում է իմանալ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե՛ իրենց վերաբերմունքն է, թե՛ իրենց կողմից նաև իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա։ Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։ Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, երեկ Մերձավանի դպրոցում միջադեպ էր եղել, դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչներ պահանջում էին պատմության ուսուցչուհու հեռացումը։ Ինչպես ծնողները, այնպես էլ աշակերտները տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում ուսուցչի հասցեին։ Խաթարված էր դասապրոցեսը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ 
13:58 - 14 մայիսի, 2025
Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները. ԿԳՄՍ նախարար

Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսք է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ: «Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները և միասնաբար խնամելու, պահպանելու ու փոխանցելու դրանք ապագա սերունդներին։ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։ Մեր հարուստ և բազմազան ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, ինչպես տարեցտարի ավելացող պետական հատկացումներով, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Սա վկայում է այն մասին, որ հուշարձանների պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա հնարավոր է լավագույնս իրականացնել պետություն-քաղաքացի միասնությամբ ու համախոհությամբ: Մեր մասնագետները հետևողական աշխատանքներ են իրականացնում նորահայտ հուշարձաններ գրանցելու, դրանք հիմնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, միջազգային կառույցների հետ ակտիվ գործընկերության և շարունակական ջանքերի շնորհիվ մեր արշավախմբերը խոշոր պեղումների միջոցով առավել հարստացնում են մեր պատմությունը, հետևողականորեն պատրաստվում են հայտեր՝ մեր համամարդկային նշանակության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու նպատակով: Ոլորտում շարունակվում է իրավական բարեփոխումների շարքը: Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները, և հատկապես զարգացնել մշակութային ժառանգության պահպանության կրթությունը և խրախուսել նոր սերունդներին սիրել ու արժևորել սեփական պատմությունը։ Յուրաքանչյուրիս ջանքը կարևոր է: Շնորհավորում եմ բոլորիս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ: Հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահապանները, վերականգնող մասնագետները, հնագետները մեր ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնողներն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են: Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»,- ասել է նախարարը:
14:58 - 18 ապրիլի, 2025
Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջին լրամշակումներն են կատարվում, և այն շուտով կուղարկվի կառավարություն։ Օրենքի ընդունմամբ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մի շարք առանցքային փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ բուհերի խոշորացումը, գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորումը։ Օրերս Ազգային ժողովում (ԱԺ) օրենքի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էին գործադիրի և օրենսդիրի, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր։ Օրենքի նախագիծը, հիշեցնենք, տևական լրամշակման փուլից հետո շրջանառության մեջ դրվեց անցած տարվա սեպտեմբերին։ Այս ընթացքում տարբեր կողմերից նախագծի վերաբերյալ առաջարկներ են հնչել։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ առաջարկների հիման վրա նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել,  սակայն անփոփոխ է մնացել բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը, որն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, սկզբունքային է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող համակարգի փորձառությունից է հենց բխում միավորման առաջարկը։  «Մեզ անընդհատ թվացել է, որ գլոբալ որակական արդյունքի կարող ենք հասնել կոսմետիկ փոփոխություններով կամ կիսատ լուծումներով։ Դրանք կարող են կարճ ժամանակով բարելավել իրավիճակը, որոշ ցուցանիշներ գուցե կարող են 1-2 կետով ավելի լավը դառնալ, բայց դա որակական, համակարգային փոփոխության ճանապարհ չԷ»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում:  Ժաննա Անդրեասյանը Ժաննա Անդրեասյանը չհիմնավորված համարեց այն պնդումը, թե սպասվող փոփոխություններով գիտությունը դիտարկվելու է որպես բարձրագույն կրթությանը սպասարկող ոլորտ (օրենքի նախագծի  կարգավորումներով նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները գործելու են որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող միավորներ)։ ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումն ու կառավարության իրականացրած ծրագրերը՝ շեշտելով, որ դա ցույց է տալիս իրենց վերաբումունքը ոլորտի հանդեպ։  ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ասաց՝ իրենք որոշումներ կայացնելիս առանորդվում են եղած տվյալներով ու թիրախավորում ոլորտի խնդիրները։ Նա, մասնավորապես, շեշտեց, որ Հայաստանի գիտաշխատողների 70%-ը Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) է, գիտության բազային ֆինանսավորման 75%-ը տրվում է ԳԱԱ ինստիտուտներին, մինչդեռ ԳԱԱ-ն ապահովում է միջազգային տպագրությունների 25-30%-ը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԳԱԱ ինստիտուտներում, ըստ կառավարության տվյալների, ամեն մոտ երկու գիտնականի բաժին է  ընկնում մեկ վարչական աշխատող։ «Սա խոսում է նրա մասին, որ համակարգում այսօրվա կազմակերպման ձևով, այսինքն` գիտությունը գիտական կազմակերպություններում իրականացնելու պայմաններում մենք ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ։ Սրան զուգահեռ մենք ունենք գիտական կազմակերպություններ, որտեղ աշխատում են 50-ից ոչ ավելի գիտաշխատողներ։ Այս ամեն ինչը բերում է գիտության գետտոյացման, ու խնդիր է  առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում․ շատ բարդ է լինում գաղափարը հասցնել կատարողներին»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև գիտության սերնդափոխության ու միջազգային տպագրությունների հարցերին։ Նա նշեց՝ վերջին տարիներին և՛ գիտնականների թվի աճ կա, և՛ միջազգային տպագրությունների, սակայն երկու դեպքում էլ աճի տեմպերից դեռևս գոհ չեն։ Գիտության սերնդափոխության խնդրին և կառավարության կողմից սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկվող լուծումներին մանրամասն կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» հոդվածում։ Սարգիս Հայոցյանը ԲԿԳԿ նախագահը նշեց, որ օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող սկզբունքային կետերի շուրջ աշխատել են ԳԱԱ-ի հետ։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ նշեց, որ կառուցողական քննարկում է տեղի ունեցել։ ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ իրենք գործընթացի վերաբերյալ ի սկզբանե այլ դիրքորոշում ունեին և առաջարկում էին կատարել ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում՝ ԳԱԱ համակարգում պահելով որոշ ինստիտուտներ և իրականացնելով բարեփոխումներ։  «Բայց քանի որ կառավարության դիրքորոշումը այլ է, օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո մենք երկու անգամ հանդիպել ենք պարոն Հայոցյանի հետ, քննարկել ենք Ակադեմիայի մասով գործառույթները, որը արդեն բավականին պատասխանատու, կարևոր դերակատարություն կունենա ապագայում գիտության, կրթության, ընդհանրապես մեր պետության գիտական մտքի զարգացման համար։ Փորձագիտական և գիտամեթոդական գործունեությունը վերադառնում է ԳԱԱ-ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Օրենքի՝ այս պահին հանրային քննարկման դրված նախագծում որպես ԳԱԱ գործառույթներ են նշվում քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Թե ինչպիսին կլինի նոր ձևակերպումը, պարզ կդառնա նախագծի լրամշակված տարբերակի հրապարակումից հետո։ Սակայն ԱԺ-ում հստակեցվեց, որ ԳԱԱ-ն իր կազմում ինստիտուտներ չի ունենալու։ Դիմելով գործադիրի ներկայացուցիչներին՝ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց՝ աշխարհում կան հրաշալի աշխատող տարբեր համակարգեր, և կառավարությունը պիտի հիմնավորի, թե ինչպես է սպասվող փոփոխություններով համակարգը որակապես ավելի լավը դառնալու։ Նրա խոսքով այդ հիմնավորումը բացակայում է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նաև հարց բարձրացրեց, թե ինչու գիտական գործունեության տեսակների դիվերսիֆիկացում չի ապահովվում սպասվող փոփոխությունների համատեքստում։  Նշենք, որ Բարձարգույն կրթության և գիտության օրենքի՝ այս պահին շրջանառության մեջ դրված նախագծից պարզ է դառնում, որ օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության, իսկ բուհերի խոշորացումից հետո ներառվելու են խոշոր համալսարանների կազմում։ Համալսարանների մաս են դառնալու նաև գիտական անկախ կազմակերպությունները՝ եզակի բացառություններով։ Բացի համալսարանական գիտությունից՝ օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ունենալու նաև գերատեսչական գիտական կառույցներ, որոնք կզբաղվեն գերատեսչությունների խնդիրներով, ինչպես նաև թանգարանների, առողջապահական հաստատությունների, արտադրական կազմակերպությունների կազմում գործող հետազոտական հիմնարկներ։ Իսկ որևէ համալսարաննի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվել կարող է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում: ԱԺ քննարկման ընթացքում գործադիրի ներկայացուցիչներից հնչած մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ այս դրույթները լրամշակված տարբերակում նույնն են մնալու։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշեց՝ աշխատել, իհարկե, կարող են տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը։ Եվ սա բացառող համակարգ չէ, սա հենց դիվերսիֆիկացիա է, որովհետև դիվերսիֆիկացիան գնում է ըստ նպատակի։ ․․․․ Մենք վստահ ենք, որ Ակադեմիայի ներգրավվածությունը մեր գիտական կյանքում շատ ավելի մեծ է լինելու այն համակարգում, որը մենք նկարագրում ենք, որովհետև այդտեղ մարդիկ զբաղվելու են իրենց էքսպերտային կարծիքի մշակմամբ, ներկայացմամբ և նաև գնահատմամբ»,- ասաց նախարարը։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ գիտնականների ատեստավորման նոր կարգում կան պատվավոր գիտաշխատողների տարակարգեր․ ինչ-որ առաջադեմ տարիքից հետո ձեռքբերումների արդյունքում մարդիկ կարող են ստանալ այդ աստիճանը,  և «այդ ամբողջ մարդկային ներուժը կդառնա  Ակադեմիայի հենքը»։  Արթուր Իշխանյանը նշեց, որ խոսքը կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է, և դա նշանակում է ԳԱԱ-ն դարձնել «ծերակույտ»։ Սարգիս Հայոցյանն էլ պատասխանեց․ «Ամենայն հարգանքով, այսօր ԳԱԱ ակադեմիկոսների ամենափոքր անդամը 62 տարեկան է»։ Նշենք, սակայն, որ ԳԱԱ ղեկավարությունն ինքն է արդեն մի քանի տարի խոսում ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանելու և անդամների ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ իրենց նախաձեռնության՝ օրենքի նախագծի հետ անհամաձայնությունները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ իրենք դեմ են միավորմանը։ Նախաձեռնությանը հետաքրքիր է այն հարցի պատասխանը, թե ինչպես է հիմնավորվում, որ այս փոփոխությունների իրականացմամբ հնարավորություն կստեղծվի պետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացման համար։ Տիգրան Շահվերդյանը նաև հստակեցրեց՝ իրենց մտահոգությունը ոչ թե այն է, որ գիտությունը ստորադասվելու է բարձագույն կրթությանը, այլ որ սպասվող փոփոխություններով շեշտն առաջնային կերպով դրվում է ակադեմիական գիտության բնագավառում մրցունակության բարձրացման վրա։ Տիգրան Շահվերդյանը «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ հարկավոր է ձևավորել պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ծրագրերի պատվերի ամբողջական համակարգը, որից պարզ կլինի, թե ինչպիսի պետական կամ մասնավոր ԳՀՓՄ կատարողներ են Հայաստանին հարկավոր։ Նա առանձնացրեց ԳՀՓՄ երեք ուղղություններ՝ ակադեմիական հետազոտություններ, որտեղ շեշտը դրվում է մտավոր ներուժի, գիտական սարքավորումների, կարողությունների և բարձրորակ հրապարակումների քանակի վրա, արդյունաբերական նորարարություն, որտեղ շեշտը դրվում է մասնավոր հատվածում ԳՀՓՄ-ի ֆինանսավորման կամ խթանման, ավելացված արժեքը բարձրացնելու, ՀՆԱ-ն մեծացնելու և, ի վերջո, պետական բյուջեն ավելացնելու վրա, անվտանգային հարցեր, որտեղ վճռորոշ չափանիշ է հասանելիությունը արտադրանքին, տեխնոլոգիաներին և կարողություններին։ «Հայաստանը ժառանգել է ԳՀՓՄ կատարողների համակարգ, սակայն չի ժառանգել պատվերի մեխանիզմները, որի պատճառով էլ կորցրել է կատարողների մեծ մասին։ Որպես անկախ, ինքնիշխան պետություն ԳՀՓՄ պատվերի ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման հարցում մենք շատ դանդաղ ենք շարժվում։ Մինչև այսօր էլ համակարգը դեռ մասնակի է ձևավորված՝ չնայած այն բոլոր անվտանգային մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք։ Որպեսզի ԳՀՓՄ-ն իրապես օգտագործվեն որպես մրցունակության գործիք,  անհրաժեշտ է, որ վերոնշյալ 3 գործունեության տեսակները իրականացվեն ներդաշնակ կերպով, սակայն այս օրենքի նախագծի օրինակով էլ մենք տեսնում ենք, որ սայլերը դնում ենք ձիերց առաջ․ փոխանակ ջանքերն ուղղենք նպատակները հստակեցնելու, կարիքներից բխող ԳՀՓՄ պատվերի մեխանիզմները ամբողջական ձևավորելու մեջ, դրանց հիման վրա հայաստանյան ակադեմիական գիտության ռազմավարության հստակեցման մեջ, մասնավորապես, թե ակադեմիական գիտության մեջ ինչ բնագավառների պետք է առաջնահերթություն տրվի, մենք ահռելի ռեսուրսներ ենք դնում ակադեմիական գիտության համակարգի կտրուկ փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ»,- ասաց Տիգրան Շահվերդյանը։  Ժաննա Անդրեասյանը դեռ իր խոսքի սկզբում էր նշել, որ պատվերի մեխանիզմների ձևավորման հարցը դուրս է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման շրջանակից, ապա հիշեցրել՝ վարչապետին կից ձևավորվել է գիտատեխնոլոգիական խորհուրդ, որտեղ կառավարությունից ու մասնավոր հատվածից ներկայացուիչներ կան, և աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առաջարկվել է Նորարարությունների հայկական հիմնադրամ ստեղծել։ Սարգիս Հայոցյան էլ հիշեցրեց, որ գիտության ֆինանսավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ փոփոխվել է, մասնավորապես, նպատակային ֆինանսավորման ծրագրերի տրամաբանությունը։ Այս ծրագրերը միտված են պետության կարիքներից բխող հետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը, սակայն մինչև այս պահը հետազոտություններն իրականացվում էին հենց գիտնականների նախաձեռնությամբ։ Այժմ արդեն մեխանիզմներ են դրվել, որոնցով կբացահայտվեն պետության կարիքները, ապա գիտնականների հետ քննարկումից հետո կսհտակեցվի հետազոտական ծրագրերի ցանկը։ ԲԿԳԿ նախագահը նշեց՝ ֆինանսավորման ծրագրերում այս և նմանատիպ ծրագրերի ծավալն ավելի փոքր է, սակայն համադրելի է կարողունակության հետ։ «Երբեք որևէ միջոցառման որակը չենք զիջում՝ քանակ ապահովելով»,- շեշտեց նա։ Սարգիս Հայոցյանի խոսքով, չնայած կառավարությանը մեղադրում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, բայց իրենց պատկերացմամբ հրապարակումները գիտնականի աշխատանքի առաջնային ցուցիչներն են։ «Եթե գիտնականն իր հիմնական գործը չի կարող անել, հիմք չկա կարծելու, որ մնացած աշխատանքներն ավելի լավ է անելու։ ․․․․ Ըստ էության, մեզ պետք է ապահովել համակարգի կարողունակությունը, հետո անցնել այդ համակարգից այլ կողմնակի արդյունքներ քաղելուն»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը շեշտեց՝ համալսարանների կազմում գիտական կազմակերպություններն անկախ են լինելու իրանց գործունեության ոլորտները որոշելու հարցում ու նաև կարողնալու են «ազատորեն որոշակի պատվերներ իրականացնել»։  «Մի շարք արևմտյան երկրներում համալսարանական հետազոտական ինստիտուտները կարևորագույն հետազոտություններ են անում, այդ թվում՝ նաև պաշտպանական ոլորտում, ինդուստրիայի հետ համագործակցության հարցում»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ «Գիտուժ» նախաձեռնությանն այս օրենքի քննարկման համատեքստում հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր է համակարգի բարեփոխումն իրականացնել այնպես, որ մի կողմից ապահովվի Հայաստանի կարիքներից բխող հետազոտական կարողությունների զարգացում, մյուս կողմից «իրավիճակն էլ ավելի չբարդանա»։ «Այս հարցում ժամանակը մեր դեմ է աշխատում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերներն աճում են, այլ նաև այն պատճառով, որ ԳՀՓՄ մեջ ներդրվում են հարկատուների գումարները, և պետք է օր առաջ պատասխանել, թե ինչքանով են այդ ներդրումները իրական խնդիրներ լուծում կամ խնդիրների լուծման համար կարողություններ ձևավորում»,- ասաց նախաձեռնության անդամը։ Նա հիշեցրեց իր թված ԳՀՓՄ երեք ուղղությունների մասին՝ ակադեմիական, նորարարական և անվտանգային՝ շեշտելով, որ եթե ակադեմիականին զուգահեռ նորարարական հետազոտությունների մասով այս պահին քայլեր արվում են, ապա անվտանգային ԳՀՓՄ-ի պատվերի մեխանիզմը կայացած չէ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ գիտնականի աշխատանքի արդյունավետության միակ չափանիշն ակադեմիական արդյունքը չէ, պետության խնդիրների լուծումն է, որն իրենց տեսակետից ավելի կարևոր է։  «Ակադեմիական արդյունքը ոչ ոք չի ստորադասում, բայց կարևոր է, որ ակադեմիական արդյունքը լինի այն ուղղություններում, որոնք առաջնային են մեզ համար, և դա մենք, ցավոք սրտի․ դեռ չենք տեսնում։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք իրականացնում եք կարիքներից բխող որոշ ծրագրերի ֆինանսավորում, բայց դա շատ փոքր տոկոս է կազմում»,- նկատեց նա։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ եթե անգամ պետական պատվերի մեխանիզմների ձևավորումը ԿԳՄՍՆ տիրույթում չէ, կառավարության տիրույթում է, և փոփոխությունները պետք է համակարգված, ներդաշնակ իրականացվեն։  «Եթե մեր ամբողջ նպատակն է միայն ակադեմիական արդյունքը, ապա խնդիր չկա ձեր նախատեսած կտրուկ միավորումների հետ, բայց քանի որ մենք գործ ունենք պետական միջոցների ներդրման հետ, ամբողջ աշխարհում արդեն հասկացել են, որ կատարողների երկու տեսակ կա։ [Կան] համալսարաններ, բայց նաև կան համալսարաններից դուրս գիտական ինստիտուտներ, որոնք տարբեր ձևաչափի են լինում, գերատեսչական են լինում, լինում են հատուկ խմբավորումների մեջ, նաև՝ Ակադեմիայի մեջ, լինում են ուղիղ կառավարության [ենթակայութամբ]։ Դրանց նպատակն է պետության կարիքներից ելնող ԳՀՓՄ աշխատանքներ իրականացնել ու նաև ավելի արդյունավետ լինելու պատճառով ակադեմիական գիտությամբ զբաղվել, բայց կարող ենք և չզբաղվել։ Հիմա մենք խոսում ենք այս ձևաչափի մասին, որն օրենքի նախագծում սահմանափակվում է միայն գերատեսչական ֆորմատով, և անհասկանալի է` ինչու։ Եկեք զարգացնենք մեր բարձրագույն կրթությունը` համատեղելով գիտության հետ, բայց շատ կարևոր է նաև զարգացնել կարողություններ մեր խնդիրը լուծելու»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ընտրել ինստիտուտների առաջին խմբերը, միավորել դրանք ու նախ համոզվել, որ այդ ֆորմատով հնարավոր է պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնել։  Ժաննա Անդրեասյանը կրկին պնդեց, որ կառավարության ներկայացված համակարգը բացառող չէ՝ նշելով՝ եթե կա ինչ-որ առաջարկ, որը կոնկրետ ցույց է տալիս, թե այդ համակարգի տրամաբանությունից ինչ տեսակի հետազոտություններն են դուրս մնում, ապա այդ առաջարկը կարող է ներկայացվել կառավարությանը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, իրավաբան, ճարտարագետ Խաչատուր Փափանյանը նկատեց՝ բարեփոխումները սովորաբար տեղի են ունենում աստիճանաբար, մինչդեռ ինքը նկատել է, որ Հայաստանում դրանք արվում են կտրուկ։ «Եթե դուք ուզենայիք աստիճանաբար անել բարեփոխումները, ի՞նչ փուլեր կներառեիք այդ բարեփոխումների մեջ»,- հարցրեց նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։  Ժաննա Անդրեասյանը նշեց՝ քննարկման ենթակա ամենակարևոր հարցերից և բարեփոխումների հաջողման/չհաջողման ամենաառանցքային նախապայմաններից մեկն իրականացման ճանապարհային քարտեզն է։ Նա շեշտեց, որ նախարարությունը դեռ 2023 թվականի ամռանն է հայտարարել խոշորացման ու միավորման մասին՝ բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրելով առաջարկներ ներկայացնել։   «Ութ ամիս տրվել է առաջարկների համար։ Նախորդ տարի մարտից բոլոր ինստիտուտների, բուհերի և հետաքրքրված կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խմբեր են ձևավորել, որոնց կցվել են համապատասխան միջազգային գործընկերները, և այդ խմբերն աշխատում են արդեն մի տարուց ավելի։ Մենք նպատակ ունենք այս տարվա վերջին ամփոփել հայեցակարգային փուլը և դրանից հետո գնալ իրականացման պլանի ուղղությամբ։ Մեզ ավելի շատ մեղադրանքներ են ուղղվում դանդաղության համար, քան արագության, բայց մենք բոլոր արձագանքներում ասում ենք, որ պատրաստ չենք շտապել որակի հաշվին»,- ասաց նախարարը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը նկատեց, որ նախարարի նշած աշխատանքային խմբերում ներառականության խնդիր կա։ «Բացեք և նայեք՝ ովքեր են ներառված այդ աշխատանքային խմբերում։ Որոշ ինստիտուտների աշխատակիցներ իմանում են, թե իրենց ինստիտուտից ովքեր են ներառված, Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ներկայացնում են ինստիտուտները, ներառված չեն ներինստիտուտային քննարկումների մեջ»,- ասաց Գայանե Շագոյանը։  Գիտնականը կարևորեց նաև, որ երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս նախագիծն ունենա քաղաքական և քաղաքացիական կոնսենսուս․ «2015 թվականից քննարկում ենք [այս հարցերը] և անընդհատ ունենք այս խնդիրը, որովհետև չունենք մեծ հայեցակարգային մոտեցումը, թե մենք մեր երկրում ինչ տիպի գիտություն ենք զարգացնում, որովհետև չգիտենք, թե ինչ տիպի պետություն ենք զարգացնում»։ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խմբերի ներգրավվածության հարցը ԿԳՄՍՆ տիրույթից դուրս համարեց և խորհուրդ տվեց խնդիրը բարձրաձայնել ինտիտուտների ներսում։   «Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, մշակութային փոփոխության մասին ու սպասում ենք, որ վերևից պետք է մեկը գա և ձևավորի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, նշանակում է` մշակութային փոփոխության մասին չենք խոսում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում, երբ ներսում աշխատանքային թիմերը այդ պահանջներն իրենց ղեկավարների առաջ դնում են, մենք էլ խրախուսում ու աջակցում ենք։ Այդ տնօրեններն ընտրվում են, և այդ բոլոր գործընթացները կարող են կառավարվել ու ի սկզբանե ճիշտ պլանավորվել։ Ես վստահ եմ, որ մեր նախագծած համակարգում այդ տրամաբանությամբ աշխատող ինստիտուտներ չենք ունենալու, որոնք անձի շուրջ ձևավորված կառույցներ են, և որտեղ մարդիկ մասնակից չեն պրոցեսներին»,- ասաց նախարարը։ Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ շատ մտահոգություններ բխում են նրանից, որ ստեղծվելիք համակարգը անծանոթ է, և ռիսկայնություն կա։ «Մեր կառավարման հիմնական գործիքը պետք է լինի անցումային ժամանակահատվածի և ճանապարհային քարտեզի ճիշտ պլանավորումը։ ․․․․ Եթե մենք նույնիսկ լավագույն գաղափարները միասին համաձայնեցված ձևակերպենք, սակայն սխալ պլանավորենք դրա իրականացումը, ոչ մի արդյունք չենք ստանալու»,- ասաց նախարարը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, հիշեցնենք, վերջնական լրամշակման փուլում է և շուտով կուղարկվի կառավարություն, ապա՝ ԱԺ։ Մինչ այդ կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես օրակարգ բերվեցին բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչ դիրքորոշումներ ու մտահոգություններ են տարբեր կողմերից հնչել այս համատեքստում, և որոնք են կառավարության հիմնավորումները։    Լուսանկարները՝ ԱԺ-ի Աննա Սահակյան
14:46 - 16 ապրիլի, 2025
Հայաստանում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է․ Փաշինյան
 |civilnet.am|

Հայաստանում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 3-ի նիստին հայտարարեց, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում առկա է կադրերի սուր պակաս։ Քննարկվում էր դպրոցների տնօրենների թափուր տեղերի համալրման գործընթացը, երբ վարչապետը հնչեցրեց այս գնահատականը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ներկայում 437 դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, և դրանցից միայն 138-ում է հնարավոր եղել նշանակել նոր տնօրեն։ Այսինքն՝ կառավարությանը հաջողվել է համալրել միայն մոտ 32 տոկոսը։ Հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ յուրաքանչյուր 100 թեկնածուից միայն 13-ն է հաղթահարում դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանությունը։ Այս տեղեկությունն ստանալով՝ վարչապետը արձագանքեց, որ «Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ»։ Վարչապետն անդրադարձավ նաև իր՝ վարորդական վկայական ստանալու փաստին՝ նշելով, որ առանց քննության է ստացել վկայականը. «Այո, կաշառք չեմ տվել, բայց հայտնի լրագրող էի, չմոտեցա անգամ տարածքին, բերեցին վկայականը ու տվեցին ու ասացին՝ շուտ գնա այստեղից»։ Փաշինյանը նշեց, որ այսօր շատ վարորդներ մեքենա վարել չգիտեն, բայց մեքենա են վարում և հավելեց. «Եթե կարելի է լինել վարորդ ու չիմանալ մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ»։ Վարչապետը շեշտեց, որ այդ ամենը կրկին ցույց է տալիս շարունակական ինքնակրթության ու զարգացման անհրաժեշտությունը։ Նա առաջարկեց ընդունել որոշումը, սակայն հետագայում քննարկել խնդիրը։
12:00 - 03 ապրիլի, 2025
Հայաստանում հունիսի 5-7-ը կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

Հայաստանում հունիսի 5-7-ը կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային երկխոսությունը։ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մշակութային օրերի հագեցած ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի՝ խթանելով Հայաստան-Վրաստան մշակութային կապերի զարգացումը։ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար: Դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են մշակութային մի շարք միջոցառումներ՝ վրացի անհատ կատարողների, երաժշտական խմբերի, պարային համույթների մասնակցությամբ: Երկկողմ համագործակցության համատեքստում կողմերն առանձնացրել են նախորդ տարի Իջևանում հայ և վրացի կատարողների մասնակցությամբ անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման և երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր։
18:09 - 01 ապրիլի, 2025
Ժաննա Անդրեասյանը հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

Ժաննա Անդրեասյանը հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։ Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա խաղում։ Նա զրուցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ` հետաքրքրվելով թիմի նախապատրաստական մարզումների ընթացքից, թիմում տիրող մթնոլորտից: ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին և հույս հայտնել, որ սեփական պատերն ու երկրպագուների աջակցությունը մեր ընտրանուն կօգնեն հասնել ցանկալի արդյունքի: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է՝ թիմի տրամադրվածությունը լավ է, հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրել է՝ հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից Էդուարդ Սպերցյանը թեև վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա հանդիպումները, այդուհանդերձ, վաղը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու թիմակիցներին: Հանդիպման ընթացքում ՀՖՖ նախագահը ներկայացրել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին: Հայաստանի հավաքականը նիդերլանդցի մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Վրաստանի ազգային թիմին: Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում:
09:41 - 19 մարտի, 2025
Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին: Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական կրթության համակարգում։ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված այս կարևոր թիրախին հասնելու նպատակով իրականացվում է 500 մանկապարտեզի հիմնման և կառուցման ծրագիրը, որի արդյունքներն արդեն տեսանելի են կոնկրետ ցուցանիշներով։ Մասնավորապես՝ եթե 2017 թվականին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է եղել 3-5 տարեկան երեխաների 56%-ը, ապա 2024 թվականին այս ցուցանիշն աճել է 20%-ով և այժմ կազմում է շուրջ 75%: «Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե երեխան առնվազն մեկ տարի ներգրավված է լինում նախադպրոցական կրթության մեջ, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված է, որ 2030 թվականին նախադպրոցական կրթության առնվազն մեկ տարին պետք է դառնա պարտադիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի ընթացքի մասին Ներկայացնելով ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը՝ նախարարը նշել է, որ աշխատանքներն ավարտվել են 195 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցից 125-ը գտնվում է գյուղական բնակավայրերում։ 136-ում հաստատությունում շինարարությունն ընթացքի մեջ է, իսկ 64-ում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ծրագրի ավարտին ավելի քան 33 հազար երեխաներ կունենան բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն: 2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև նախադպրոցական հաստատությունների, մասնավորապես՝ մասնավոր դաշտում գործող ծառայությունների լիցենզավորման ուղղությամբ ԿԳՄՍՆ կողմից իրականացված աշխատանքները: Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին 155 կազմակերպություն է լիցենզավորվել, դրանից 87-ը՝ 2024 թվականին: Նման կազմակերպությունները նախկինում գործել են որպես ծառայություն մատուցողներ՝ առանց համապատասխան լիցենզիայի և, ըստ էության, ԿԳՄՍՆ վերահսկողության տիրույթում չեն գտնվել։ «Այսպիսով նաև կրթության որակի վերահսկողության երաշխիքներ են ստեղծվում, քանի որ ավելի քան 8200 երեխաներ հաճախում են նման հաստատություններ: Սա ինչ-որ առումով ստվերից դուրս գալու գործընթաց է, որովհետև այս երեխաների ցուցանիշները չէին արտացոլվում նաև վիճակագրության մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ լիցենզավորման գործընթացը նախադպրոցական կրթության ավելի ամբողջական պատկեր է ապահովում։ Մսուրի ծառայության հասանելիության մասին Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ կարևորագույն խնդիր շարունակում է մնալ մսուրի ծառայության հասանելիությունը: Նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է փորձնական ծրագիր, որով 6 ամսականից 1 տարեկան երեխաների համար Երևանում, Գյումրիում և Վանաձորում մսուրի փորձնական ծառայություն է գործարկվում: Փորձարկումից հետո ծրագիրը նախատեսվում է ներդնել բոլոր խոշորացված համայնքներում: 9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակելու և 12-ամյա կրթության պարտադիր պահանջի մասին Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ պարտադիր կրթության մեջ ներգրավվածության առումով առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես՝ եթե 2018 թվականին պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը կազմել է 72%, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 88%։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամենախնդրահարույց խումբը 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակող երեխաներն են: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակել է 9-րդ դասարանի շրջանավարտների 54%-ը, այսինքն՝ գրեթե կեսն ավագ դասարաններում կամ ուսումնարանում և քոլեջում կրթությունը չի շարունակել: Վերջին՝ 2023/2024 ուսումնական տարվա տվյալներով՝ 9-րդ դասարանն ավարտել և վկայական է ստացել շուրջ 39 հազար երեխա, որոնցից ավելի քան 24 հազարը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, իսկ ավելի քան 12 հազարը՝ քոլեջներում և ուսումնարաններում: Ընդ որում՝ 9-րդ դասարանից հետո քոլեջներում և ուսումնարաններում կրթությունը շարունակողների ցուցանիշն ընդհանուր շրջանավարտների շրջանում կազմել է շուրջ 30,1 %: «Այս դրական ցուցանիշը փաստում է, որ մասնագիտական կողմնորոշումն ու ավելի նպատակաուղղված կրթության շարունակությունը դառնում են ավելի տիրապետող վարքականոն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ընդունելության աճ քոլեջներում և ուսումնարաններում ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում 2024 թվականին գրանցվել է ընդունելության ավելի քան 11,4% աճ՝ 2023 թվականի համեմատ: Ներկայում ՄԿՈՒ համակարգում սովորում է շուրջ 45 հազար ուսանող: Նախարարը նաև անդրադարձել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության մասնագիտություններով պետության կողմից ներդրված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակային ծրագրին, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, էական ազդեցություն է ունեցել ընդունելության արդյունքների վրա։ «2024/25 ուսումնական տարում վերոնշյալ ուղղություններով 988 ուսանող ընդունվել է արհեստագործական ծրագրերով. նախորդ տարվա համեմատ՝ այս թիվն աճել է ավելի քան 123%-ով: 717 ուսանող էլ ընդունվել է միջին մասնագիտական ծրագրերով՝ աճը՝ 61%: Ըստ կրթաթոշակային ծրագրի համար սահմանված կարգի՝ նշված մասնագիտություններով առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Սակայն հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ կրթաթոշակ են ստանում միայն առաջադիմության որոշակի շեմ ապահովող ուսանողները»,- ներկայացրել է նախարարը։ Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը՝ ավելի քան 10 հազար շրջանավարտ, ընդունվել են բուհեր: Խոսքը վերաբերում է միասնական և ներբուհական ընդունելություններին: Նրանց մեծ մասը՝ 61%-ը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով: Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ Մարդու իրավունքների իրացման համատեքստում Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային կյանքին և ծառայություններին հասանելիության կարևորությունը. «Կառավարության ծրագրով կարևորվում է մշակութային կյանքի և ծառայությունների ապակենտրոնացումը։ Նախորդ տարի այս նպատակով կազմակերպվել են երաժշտական 9 փառատոներ՝ ավելի քան 73 հազար հանդիսատեսի մասնակցությամբ, թատերական 3 տարբեր փառատոներ՝ շուրջ 14 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ»-,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տարատեսակ փառատոներ են կազմակերպվել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2024/25 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի։ Բոլոր մարզերում իրականացվել են առանձին արշավներ՝ մշակութային էքսպոների ձևաչափով, որոնք, ընդհանուր առմամբ, շուրջ 27 հազար այցելու են ունեցել: Բաժանորդային ծրագրով թանգարաններ և թատրոններ են այցելել շուրջ 300 հազար աշակերտներ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև դպրոցական բաժանորդային ծրագրին և նշել՝ մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ: Սա 30%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը և ընդգրկում է դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը: «Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում նաև ներառականությանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում ունենք նոր նախաձեռնություններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ Անդրադառնալով առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության շուրջ իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մասսայական միջոցառումները: «Այս խորագրի ներքո 5 խոշոր մասսայական մրցաշարեր են կազմակերպվում, որոնց նախորդ տարի ավելի քան 9600 մարդ է մասնակցել․ 48%-ով ավելի՝ 2023 թվականի համեմատ: «ՀՀ վարչապետի գավաթի» ևս երկու մրցաշարեր՝ սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից, նախորդ տարվանից անցկացվում են միայն դպրոցականների համար․ դպրոցների առնվազն 30% մասնակցության ցուցանիշ է ամրագրվել: Հեծանվավազքի մրցումներն անցկացնելու նպատակով էլ ավելի քան 6000 հեծանիվներ են ձեռքբերվել և բաժանվել դպրոցներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ նորակառույց դպրոցներն ապահովվում են մարզական նոր գույքով: Այս տարի մեկնարկել է դպրոցական բասկետբոլի լիգան, անցկացվում են մասսայական սպորտի միջոցառումներ՝ սպարտակիադաներ, գիմնազիադաներ, ուսանողական խաղեր. դրանց մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: 1,4 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակային ծրագրին Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար մեկնարկած աջակցության ծրագրերը: Ըստ նրա՝ շուրջ 17 հազար երեխայի համար ապահովվել է հանրակրթության հասանելիություն։ Միաժամանակ, բուհերի և քոլեջների ուսանողների համար իրականացվել են առանձին կրթաթոշակային ծրագրեր: ՀՀ կառավարության 2024 թ. համապատասխան որոշմամբ առաջին կուրս ընդունվածների համար գործում է կրթաթոշակային ծրագիր։ Բուհերի ավելի քան 1700, իսկ քոլեջների 1400 ուսանողների համար պետությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում: Ուսուցիչների օժանդակության ծրագրով հնարավորություն է տրվել ԼՂ-ից տեղահանված մասնագետներին արտամրցութային կարգով աշխատանքի անցնել ՀՀ մարզերի դպրոցներում: «Մասնավորապես՝ մարզերի դեպքում երկու տարի շարունակ հավելավճարի հնարավորություն է գործում: Իսկ Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները նաև ամսական 50 հազար դրամ լրավճար ստանալու հնարավորություն ունեն։ Լրավճարների համար բյուջեից տրամադրվել է 168 մլն դրամ»,- ասել է նախարարը և հայտնել, որ 2024 թ. ՀՀ դպրոցներում աշխատանքի է անցել շուրջ 600 ուսուցիչ: Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի տրամադրմանը: «298 կրթական հաստատությունների 31 հազար դասագիրք է տրվել՝ ներառյալ Վրաստանի հայկական դպրոցները: Ծրագրի ֆինանսավորման ծավալները վերականգնել են, և այս պահին ընդունվում են դասագրքերի հայտեր: Ձևավորվել է նաև առանձին էլեկտրոնային հարթակ, որտեղ բոլոր նյութերը, այդ թվում դասագրքերը՝ հասանելի են նաև առցանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերանայվել է դասագրքերի ցանկը՝ ըստ դպրոցների առանձնահատկությունների: Նրա իրազեկմամբ՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրով նախորդ տարի մեկամյսա վերապատրաստում է անցել 14 երկրի 60 ուսուցիչ: Նախորդ տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման ծրագիրը: Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է մշակել հայերենի ստուգման չափորոշիչները և ունենալ առցանց գնահատման համակարգ՝ ստուգելու հայերենի իմացության մակարդակը: Ներկայացվել է նաև միգրանտ ընտանիքների հայերենի ուսուցման բարելավման ծրագիրը, որով առանձին դասընթացներ են իրականացվում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամներին հարցերին՝ անդրադառնալով մի շարք այլ թեմաների:
17:52 - 18 մարտի, 2025
ԿԳՄՍ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման տարբեր ոլորտներում առկա է արդյունավետ համագործակցության ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության և գիտության բնագավառում «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորություններին: Նախարարը կարևորել է, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը շեշտադրվել է նաև երկու երկրների միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթղթում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է ամերիկահայ հեղինակավոր գիտնականների ցանցի հետ ակտիվ համագործակցությունն ու միասնական ջանքերի ներդրումը՝ համատեղ աշխատանքների իրականացման համար: Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային մի շարք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ ընթացող այս խոշոր նախագծի արդյունավետ իրականացման առումով հայկական կողմը կարևորում է նաև ամերիկյան բուհերի հետ գործընկերությունն ու ամերիկյան լավագույն փորձի կիրառումը: Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացումն առանձնակի կարևորություն ունի: Դեսպանը մասնավորապես նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կարող է լավագույնս նպաստել համագործակցության ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությանը, հայ և ամերիկացի գիտնականների միջև կապերի ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ԱՄՆ կառավարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող ծրագրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:39 - 07 մարտի, 2025
Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

ՀՀ կառավարությունը 2025թ. մարտի 6-ի նիստում հաստատեց ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագիծը ներկայացնելիս ընդգծեց, որ դրա ընդունումը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից և Կառավարության՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում, մասնավորապես՝ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրում և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: «Հաշվի առնելով նախկինում եղած ռիսկերը՝ փորձել ենք այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար»,- նշեց Ժաննա անդրեասյանը: Նա ընդգծեց, որ փորձ է արվում կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական միջամտության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկյա հեղինակավոր բուհերում, ֆինանսավորում ստանան պետության կողմից: Խոսքը այն ուսումնական հաստատությունների մասին է, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում, մասնավորապես՝ 1. առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում, 2. առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։ Սովորողին յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար կրթաթոշակ կարող է տրվել մեկ անգամ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ծրագրի գործելու հիմնական պայման է, որ մասնակցություն ունենա մասնավորը. «Առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարվա ընթացքում ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո պետությունը ևս ամեն տարի մինչև 10 մլն դրամ (մնացորդային գումարի չափով) կրթաթոշակ կտրամադրի»: Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր: «Կարևոր պայման է նաև այն, որ սովորողը ուսումնառությունն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտությամբ առնվազն 3 տարի պետք է աշխատի առևտրային կազմակերպությունում»,- ընդգծեց նախարարը: Այս կետի իրացումն ապահովելու համար գործատուն և սովորողը պետք է կնքեն աշխատանքային պայմանագիր, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ կետեր ևս: Գործատուն պարտավորություն ունի ՀՀ պետբյուջե փոխանցել պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը չպահպանելու դեպքում, և պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը, եթե շահառուն՝ 1. ուսման ավարտից հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ, 2. ուսումնառությունը կիսատ է թողնում, 3. տեղափոխվում է կարգով չնախատեսված այլ հաստատություն: Ժաննա Անդրեասյանի խոսքով այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որ մի շարք առանցքային ոլորտներ համալրվեն որակյալ կադրերով, որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ և արտադրողականության տեսանկյունից բարենպաստ: Նոր գիտելիքներով ինտելեկտուալ կապիտալը կնպաստի փորձի փոխանցմանն ու փոխանակմանը։  Կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակներում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների  փորձի՝ ուսանողների հետվերադարձի վիճակագրության ուսումնասիրություն:  «Օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է վերադարձել և որևէ կերպ ներդրում ունեցել երկրի տնտեսությունում: Կարծում ենք՝ այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Խոսելով կրթաթոշակի տրամադրման մեխանիզմների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետագայում համանման գործունեություն պատվիրակվել է «Իմ քայլը» հիմնադրամին, որի դեպքում արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61%-ն է վերադարձել. «Էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։ Ընդունված կարգով նախատեսված պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը հրապարակվելու են Կոմիտեի կայքում յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը: Սովորողները կարգի շահառու դառնալու համար կարգում ներկայացված փաստաթղթերը ներկայացնելու են մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:
15:40 - 06 մարտի, 2025
Շանհայի վարկանշավորման համակարգի բուհեր ընդունված և ավարտած 45 ուսանողից 19-ը չի վերադարձել Հայաստան |1lurer.am|

Շանհայի վարկանշավորման համակարգի բուհեր ընդունված և ավարտած 45 ուսանողից 19-ը չի վերադարձել Հայաստան |1lurer.am|

1lurer.am: 2018-ից գործում է տարկետման համակարգ, որը տրամադրվում է Շանհայի վարկանշավորման համակարգի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողների համար: 2018 թվականից ի վեր 380 հոգի օգտվել է այդ համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է, իսկ 45-ը ավարտել է: Այդ մասին Կառավարության՝ մարտի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ավարտած ուսանողներից քանի՞սն են վերադարձել ՀՀ, քանի որ եթե 45-ն էլ չեն վերադարձել, ապա արտոնությունը պետք է հանել: «Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել»,- ասաց նախարարը: Վարչապետը նկատեց՝ էական չէ՝ չվերադարձողները տղանե՞ր են, թե՞ աղջիկներ, քանի որ խնդիրը միայն զինվորական ծառայության անցնելը չէ: «Վերադարձածների վիճակագրությունը կտաք, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը բան ենք անում… Կներեք, մենք այդքան ռեսուրս չունենք՝ զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու: Իրենք իրենց զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ քննարկումը ծավալվել է այն որոշման նախագծի համատեքստում, որով առաջարկվում է ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել ֆինասնավորման տեսանկյունից: Այն է՝ պետությունը և տվյալ մասնագետի կարիքն ունեցող, առնվազն 100 աշխատող ունեցող ընկերությունը պետք է համաֆինանսավորեն տվյալ մասնագետի վերապատրաստման համար 50/50 համամասնությամբ: Կրթությունից հետո շրջանավարտը պետք է առնվազն 3 տարի աշխատի տվյալ կազմակերպությունում:
13:41 - 06 մարտի, 2025
Համակարգում կա 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ. ԿԳՄՍ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին |1lurer.am|

Համակարգում կա 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ. ԿԳՄՍ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով: «Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, [էլեկտրոնային եղանակով ներկայացնելը] հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու: Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասաց նա: Կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը: Հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90--100 տոկոսը»,- ասաց նա: Հստակեցվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները, որոնք, ըստ նախարարի, նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- հավելեց նախարարը:
12:06 - 06 փետրվարի, 2025