ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։
Հատկանշական է, որ նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության պակաս և հսկողության թուլացում քրեակատարողական ծառայողների կողմից, սակայն ծառայողների աչալրջության շնորհիվ բոլոր նախատեսված փոխանցման փորձերը անմիջապես կանխվել և բացահայտվել են։
Այսպես․
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետել արգելված իրեր։ Հոկտեմբերի 18-ին իրականացվող օպերատիվ միջոցառումների շրջանակներում նույն բաժնի ծառայողները հիմնարկի հարակից տարածքում նկատել են կասկածելի ավտոմեքենա և երկու քաղաքացու։ Ծառայողների կողմից անմիջապես հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդան քաղաքի ոստիկանության բաժին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել 4 բջջային հեռախոս, 2 USB լար, 2 ականջակալ։ Ավտոմեքենայում առկա է եղել նաև անօդաչու թռչող սարքը (դրոնը)՝ իր հեռակառավարման վահանակով, մարտկոցով և ներնետման սարքով։
2. Հոկտեմբերի 18-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձին քաղաքացի Ա․ Վ․-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։
Զննությամբ սառնարանի շարժիչի միջի թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
3. Հոկտեմբերի 18-ին հանձնուքի միջոցով կալանավորված անձին ապօրինի փոխանցման ևս մեկ փորձ արձանագրվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Թ.-ի կողմից կալանավորված անձին բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող սպիտակ, փոշենման զանգվածներ։
Ն․Թ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
4. Սույն թվականի հոկտեմբերի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա խուզարկության են ենթարկել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժակ Ա․Ա․-ին, որի մոտ առկա տոպրակից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար, անլար ականջակալ և լիցքավորիչ, ինչպես նաև՝ ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ և խոնավ շորի կտոր՝ ներծծված թմրամիջոցի նմանվող զանգվածով։
Ա․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ
17:05 - 25 սեպտեմբերի, 2024
comment.count (0)