Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում
Բռնի տեղահանման օրերին Արցախի Հանրապետության կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու վերաբերյալ մի շարք հարցեր դեռեւս մնում են չպարզված։ Թե իրավական ինչ ընթացակարգերի շրջանակում են անձինք ազատվել, պատկան մարմինները պաշտոնապես չեն մանրամասնում։ Մեզ հայտնի է, որ որոշներն ազատվել են Արցախի իրավապահ մարմինների որոշումներով, որոշները, ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանի որոշումներով, մյուսները՝ առանց որեւէ իրավական հիմքի։
Բոլոր դեպքերում խնդիրն ունի երկու դիտանկյուն․ մի կողմից հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրադրությամբ պայմանավորված՝ հնարավոր չէր Արցախում շարունակել անձանց անազատության մեջ պահել, մյուս կողմից նրանց՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելը կարող է հասարակական եւ ազգային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց լինել։ Հիշեցնենք, որ ազատ արձակված անձանց շրջանում կան պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։
Եթե կալանավորների պարագայում գործում է անմեղության կանխավարկածը, եւ նրանց անազատության մեջ պահելը պայմանավորված է քրեական գործերի քննության շահով, ապա դատապարտյալների դեպքում իրավիճակն այլ է․ վերջիններս դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման նաեւ հանրության համար վտանգ ներկայացնելու պատճառով։
Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու հիշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ ընդհանրապես դրանք շարունակելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետությունների եւ երկու տարբեր օրենսդրությունների հետ։
«Ինֆոքոմ»-ը փորձել է պատասխանատու կառույցներից եւ մասնագետներից ստանալ թեմային վերաբերող հարցերի պատասխաններ։
ՀՀ ՔԿՀ-ներում պահվում են Արցախի միայն 3 կալանավոր եւ 17 դատապարտյալ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՀՀ ԱՆ ՔԿԾ) փոխանցմամբ՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչ օրս Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել, այդպիսիք Արցախի տարածքում եղել են, թե ոչ՝ ՔԿԾ-ից նշել են՝ տեղեկություններ չունեն։
ՔԿԾ-ից տեղեկություններ էինք խնդրել նաեւ 2022 թ․ դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կորսվել է Արցախի միակ՝ Շուշիի ՔԿՀ-ն։
Ի պատասխան հայտնել են, որ 2020 թ․ հոկտեմբերից մինչեւ 2022 թ․ դեկտեմբեր Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանից եւ քրեակատարողական հիմնարկից Հայաստան է տեղափոխվել 81 ազատազրկված անձ, որոնցից 17-ը՝ դատապարտյալ, 64-ը՝ կալանավորված անձ։ Նրանք պահվել են ՀՀ ԱՆ «Գորիս», «Նուբարաշեն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում։
Ներկայում, ըստ ՔԿԾ-ի, Հայաստանում շարունակվում են պահվել հիշյալ 17 դատապարտյալները եւ կալանավորներից միայն 3-ը․ թե երբ եւ ինչ հանգուցալուծում են ստացել մնացած 61 կալանավորների վերաբերյալ վարույթները, ՔԿԾ-ից չեն մանրամասնել։ Միայն նշել են, որ մինչեւ 2022թ. դեկտեմբերը հիշյալ կալանավորները Արցախի ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման կողմից պարբերաբար տեղափոխվել են Արցախի դատարաններ՝ դատական նիստերին մասնակցելու նպատակով: Ենթադրվում է, որ հետագայում կա՛մ նրանց խափանման միջոցները փոփոխվել են, կա՛մ գործերի քննությունն ավարտվել է, եւ նրանք մնացել են Արցախում։
Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պահման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ չեն արվել, նրանց պահման հետ կապված ծախսերը կատարվել են ՀՀ ԱՆ ՔԿԾ՝ 2022-2023 թթ հատկացված միջոցների հաշվին:
ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը խուսափում են տեղեկություններ տրամադրել
Թեմային առնչվող գրավոր հարցումներ էինք ուղարկել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանն ու ՆԳՆ ոստիկանությանը։ Մասնավորապես, նախ հետաքրքրվել ենք՝ տեղեկացվա՞ծ են արդյոք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում պահվող կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ։ Եթե այո, խնդրել էինք տրամադրել այդ անձանց թվի եւ մեղսագրվող հանցանքների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանից բացի, խնդրել էինք տրամադրել տվյալներ նաեւ 2020-2022 թթ ընթացքում Հայաստան տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ։
ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը խնդրել էինք նաեւ գնահատել այդ անձանց ազատումները համապատասխանաբար ազգային անվտանգության եւ հասարակական անվտանգության տեսանկյունից եւ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել են դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։
Մինչդեռ հիշյալ անձանց՝ Արցախից Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկություններ չունենալու դեպքում անգամ խնդիրը դուրս չէ ո՛չ ԱԱԾ-ի եւ ո՛չ էլ Ոստիկանության լիազորությունների շրջանակից, որովհետեւ անձի, հասարակության ու պետության անվտանգությունն ապահովելը ԱԱԾ-ի՝ օրենքով նախատեսված պոզիտիվ պարտականությունն է, իսկ հասարակակական անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը՝ Ոստիկանության պարտականությունը։ Ուստի ՀՀ քաղաքացին կարող է ողջամտորեն ակնկալել տեղեկություն, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են վերջիններս ձեռնարկում իր անվտանգության պահպանման ուղղությամբ։
Ընդ որում, երկու կառույցներին հարցեր էինք հղել նաեւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) մասին, որոնց հասցեատերը դարձյալ իրենք են։ Այս համակարգում են ներառվում այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Ըստ Կառավարության որոշման՝ ԱԱԾ-ն համակարգի շահագործումն ու սպասարկումն իրականացնող մարմինն է, Ոստիկանությունը՝ տվյալներ տրամադրող աղբյուրներից մեկը։ Հետեւաբար երկու կառույցներից հետաքրքրվել էինք՝ մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը ՍԷԿՏ համակարգում ներառվե՞լ են այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ Արցախի իրավապահ մարմիններն ընտրել են բացակայելու արգելք խափանման միջոցը։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ ներկայում Արցախի՝ ազատ արձակված կալանավորների եւ դատապարտյալների ելքը ՀՀ-ից շարունակո՞ւմ է լինել փակ, թե՞ ոչ։
ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, սակայն, այս հարցը նույնպես թողել են անպատասխան։ Մեր տեղեկություններով՝ այդ անձանց ելքը ՀՀ-ից նախկինում փակվել է, բայց թե ինչ իրավիճակ է բռնի տեղահանումից հետո, հայտնի չէ։
ՀՀ ՄԻՊ-ը հարցումներ է հասցեագրել իրավասու կառույցներին
Դիմել էինք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմին՝ հետաքրքրվելով, թե ՀՀ ՄԻՊ-ը ինչ տեղեկություններ եւ դիրքորոշում ունի Արցախի կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակման եւ Հայաստան տեղափոխման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով թե՛ այդ անձանց իրավունքների եւ ազատությունների, թե՛ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը տեղեկացրել է՝ բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ «Հարցի առնչությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություններ չկան։
Քրեական օրենսգրքով որոշակի լուծումներ սահմանված են, բայց կան քննարկման ենթակա մի շարք հարցեր. միջազգային իրավունքի մասնագետ
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքով (ՔՕ) սահմանված որոշակի լուծումներ տեսնում է, բայց նաեւ շեշտում, որ բացարձակ հետեւություններ կատարելուց առաջ պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։
Սահակյանը մատնանշում է ՔՕ 12-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ ՔՕ-ով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:
Իսկ եթե հանցանքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ ՔՕ-ով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, այստեղ կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ նրանց տրվել է հատուկ քաղաքացիություն, նրանք ՀՀ լիարժեք քաղաքացիներ չեն, քանի որ ՀՀ-ում ընտրելու իրավունք չեն ունեցել։
Արցախում մարդու իրավունքների հարցերով միջազգայնորեն պատասխանատուն Հայաստանն է
Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ այս պահին ուժի մեջ եղած դիրքորոշումն այն է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ, ըստ այդմ, ԼՂ-ի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը, եւ ԼՂ-ում մարդու իրավունքների հարցերով Հայաստանն է միջազգայնորեն պատասխանատու (CASE OF CHIRAGOV AND OTHERS v. ARMENIA)։
Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրության եւ փաստակազմի փոփոխություն է տեղի ունեցել՝ Սահակյանը տեսնում է հնարավորություն, որ ՄԻԵԴ-ը կարող է վերագնահատել նոր իրավիճակը եւ նոր եզրահանգման գալ, բայց ինչպիսին էլ լինի այդ եզրահանումը, միջազգային պատասխանատվության տեսակետից մարդիկ չեն կարող հայտնվել իրավական վակուումում, եւ տվյալ տարածաշրջանում վերահսկողության տարրեր իրականացնող ճանաչված պետությունները պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
Տվյալ դեպքում, ըստ Սահակյանի, պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ «Նախ, ԼՂՀ տարածքները արդեն իսկ 2020 թ․-ին օկուպացվել են եւ արդյունավետ վերահսկվել Ադբեջանի կողմից, եւ երկրորդը, ի հայտ է եկել ռուս խաղաղապահ կոնտինգենտը, որը եւս սուվերենության տարրեր իրականացրել է, եւ նման պայմաններում ՀՀ իշխանությունների արդյունավետ վերահսկողությունը ԼՂՀ-ում կարող էր փոփոխության ենթարկվել»,- ասում է մասնագետն ու հավելում՝ յուրաքանչյուր դեպքի փաստական հանգամանքները գնահատելով՝ պետք է հասկանալ, թե ով է պատասխանատուն՝ Հայաստ՞անը, Ռուսաստա՞նը, թե՞ Ադրբեջանը։
Ինչ վերաբերում է իրավունքների հնարավոր խախտումներին, դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ տուժողների եւ ամբաստանյալների/դատապարտյալների․ «Մենք ունենք մարդու իրավունքների համընդհանուր ստանդարտներ, որոնք արգելում են կյանքի իրավունքի ծանր խախտումների կամ խոշտանգումների գործերով անպատժելիությունը ցանկացած ձեւով, այդ թվում՝ ներումների եւ համաներումների տեսքով պատժի դատապարտված անձանց, եւ եթե օրենքով նախատեսված որոշակի սահմանափակ գործիքներից զատ նրանք այլ ձեւով ազատ են արձակվում, կարող ենք խոսել տուժողների կյանքի իրավունքի կամ խոշտանգումների արգելքի խախտման մասին՝ դատավարական ասպեկտով»,- նշում է Սահակյանն ու հիշեցնում՝ թույլատրելի գործիքները, որոնց միջոցով անձինք կարող են պատժից ազատվել, պետք է կիրառվեն դատական ներգրավվածությամբ։
Հայաստանի դատարանները, ըստ Սահակյանի, այդ դեպքում կհամարվեն օրենքի հիման վրա ստեղծված, եթե միայն լինի հստակ բացատրություն, թե Արցախի դատարանների կողմից քննված եւ լուծված պատժի հարցը հետագայում իրավական ինչ հիմքով է ընդդատյա դառնում ՀՀ դատարանին։
Մյուս հարցն էլ վերաբերում է ամբաստանյալների եւ դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումներին, ինչն ուղղակիորեն կապված է Արցախի ինքնալուծարման հրամանագրի հետ։ Սահակյանը նախ ընդգծում է՝ քաղաքական առումով այդ ակտը մեծ ազդեցություն ունի, քանի որ այն կայացվել է Ադրբեջանի հարկադրանքի ներքո եւ նաեւ մարդասիրական խնդիրներ լուծելու համար։ Բացի դրանից, Ադրբեջանն ընդունել է ԱՀ լուծարման ակտի լեգիտիմությունը, ինչն ինքնին Արցախի պետականության իրավիճակային ճանաչում է․
«Բայց եթե քննարկում ենք դրա իրավական մասը, կարծում եմ՝ գործ ունենք առոչինչ իրավական ակտի հետ, քանի որ ինքնալուծարման ակտի հնարավորություն սահմանադրորեն նախատեսված չէ, եւ առավել եւս, վերապահված չէ Արցախի նախագահին։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այս առոչինչ ակտն էլ պետք է վիճարկվի սահմանված ընթացակարգով, բայց քանի դեռ վիճարկված չէ եւ փաստացի իրավական հետեւանքներ է առաջացնում, ինքնալուծարումը ազդեցություն է ունենում դատական ակտերի կատարման գործընթացի վրա․ չկա պետականություն, չկան այդ պետության կողմից ընդունված ակտերի՝ հարկադիր կատարումը ապահովող մեխանիզմներ, եւ ավելին, եթե անգամ այդ պետության ակտերը պետք է մեկ այլ պետությունում ճանաչվեն, նորից միջազգային համագործակցության դաշտ ենք տեղափոխվում, դրանք մեկ այլ երկրում ավտոնոմ կատարման ենթակա չեն, իրավական համաձայնագրերի պայմաններում ֆորմալ գործընթաց է տեղի ունենում, որով ճանաչվում է ակտը, եւ նոր այդ ճանաչման ուժով մյուս պետությունը կարող է հարկադիր կատարման ենթարկել նաեւ օտարերկրյա պետության դատական ակտերը»,- մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը։
Առանց այդ գործընթացների անձանց անազատության մեջ պահելը, ըստ Սահակյանի, կհանգեցնի Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ ազատությունից զրկելու կամայականության արգելքի խախտման։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ բացառություն կարող են համարվել միայն զինվորական գործերը, քանի որ միջպետական համաձայնագրի հիման վրա ՀՀ դատախազության կայազորները տեղակայցված են եղել ԼՂՀ-ում, եւ զինվորականների հետ կապված գործերը ընդդատյա են եղել ոչ թե Արցախին, այլ Հայաստանին, ինչը ընդունված մոդել է նաեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում։
Նշենք, որ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված է եղել, սակայն այժմ հասանելի չէ։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5 օրը լրացել է, սակայն Դատախազությունից մինչ այս պահը պատասխան չենք ստացել։
Դիմել էինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել է՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական է, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է:
Խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության շրջանակում. Արծվիկ Մինասյան
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ օրենսդիրից, սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մի քանի օր այդպես էլ ժամանակ չգտավ հարցազրույցի համար, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ խմբակցության օրակարգում այս թեմայով քննարկում կամ օրենսդրական նախաձեռնության հարց չկա։
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության եւ կնքված համաձայնագրերի շրջանակում, որոնք նմանատիպ հարցերը կարգավորում են, իսկ օրենսդրությունները գրեթե նույնական են, եւ էական առանձնահատկություններ, հատկապես՝ քրեական արդարադատության ոլորտում եւ քրեական արարքների տեսակետից, չեն լինի։
Ըստ Մինասյանի՝ եթե ազատ արձակումները տեղի են ունեցել Արցախի իրավասու մարմինների որոշումների հիման վրա, ապա դա օրինական է կամ եթե նրանց վերաբերյալ վարույթները կարճվել են, խնդիրը լուծվել է, իսկ եթե չկան համապատասխան որոշումներ, եւ վարույթներն էլ չեն կարճվել, ապա Արցախի պետական մարմինները, առնվազն նրանք, որոնք էական նշանակություն ունեն պետականության գործունեության կազմակերպման համար, պետք է շարունակեն գործել Հայաստանում, ունենան հստակ իրավասություններ, որոնք պետք է ճանաչվեն Հայաստանի պետական մարմինների կողմից։
ՀՀ քրեական օրենսգիրքը Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած անձին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլ պայմանների, սահմանում է, որ արարքը պետք է ուղղված լինի ՀՀ շահի դեմ։ Տվյալ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանի եւ Արցախի պետական շահերը պետք է նույնանան․ «Անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքական իշխանությունը ինչ հայտարարություն է անում, շարունակում է գործել ՀՀ-ի՝ Արցախի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության իրավազորությունը, իրավական այդ պարտավորությունը ամրագրված է»,- ասում է նա՝ հավելելով, որ ՀՀ իրավասու մարմինները, անձանց իրավունքներով ու օրինական շահերով առաջնորդվելով, պետք է ապահովեն համադրություն եւ հավասարակշռված պաշտպանություն պետական շահերի հետ։
Մինասյանի համոզմամբ եւս՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը իրավաբանական ուժ չունի եւ պետք է վիճարկվի, բայց առնվազն մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը քրեական գործերի ընթացքավորումը անհրաժեշտություն է։
Հավելենք, որ օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները եւ գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում եւ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավեր։
Միլենա Խաչիկյան
18:46 - 26 հոկտեմբերի, 2023