Հայաստանի և Դանիայի ՄԻՊ հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
19:28 - 22 հոկտեմբերի, 2024

Հայաստանի և Դանիայի ՄԻՊ հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը։

Ստորագրման միջոցառումը կազմակերպվել է Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։

Հուշագիրը համագործակցության ձևաչափ է, որը նպատակ ունի խթանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում։

Հուշագրի ստորագրման առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտադրել է, որ կարևորում է Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, իսկ այս հուշագիրը թույլ կտա առավել մեծ թափով իրականացնել համատեղ ծրագրեր:

Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքն իր հերթին ևս կարևորել է հուշագրի ստորագրումը, քանի որ հնարավորություն է ստեղծվում էլ ավելի զարգացնելու հայ-դանիական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Համագործակցության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտները հստակեցվելու են աշխատանքային կարգով։

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման և երկու հաստատությունների միջև հաղորդակցության ապահովման համար կողմերը իրենց հաստատություններից նշանակելու են պատասխանատու անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել