1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 20-ին:
Բյուջետային միջոցները ուղղվելու են ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
«Վարկի գումարը 100 միլիոն դոլար է, վարկի մասհանման արժույթը՝ ԱՄՆ դոլարով, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2024-ի դեկտեմբերի 31-ն է, վարկի տոկոսադրույքը՝ 4 տոկոս տարեկան, վարկի ժամկետը՝ մինչև 20 տարի, որից արտոնյալը՝ մինչև 10 տարի՝ պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո:
Նշեմ, որ այս ծրագրով էլ ունենք բավական հավակնոտ բարեփոխումների շրջանակ, որը ամբողջությամբ իրականացվել է»,- տեղեկացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով նախարարին, հարց ուղղեց՝ ինչպես է գնահատում վարկեր-ՀՆԱ հարաբերակցության վիճակը:
«Այս պահին մենք մոտեցել ենք 50/50-ի, այսինքն՝ մեր վարկային պորտֆելի 50 տոկոսը դրամով է, 50 տոկոսը՝ արտարժույթով: Արտարժութային պորտֆելն էլ դիվերսիֆիկացված է: Վարկային համաձայնագրերի մեջ վարկը եվրոյով վերցնելը նաև այդ դիվերսֆիկացիայի նպատակն է հետապնդում: Եթե ընդհանուր վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն եք վկայակոչում՝ պարտք-ՀՆԱ-ն, ապա այս տարեվերջին այդ ցուցանիշը կմոտենա 50 տոկոսին»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը:
Պատգամավորի հարցին՝ արդյոք նախատեսո՞ւմ ենք ներքին պարտքի հաշվին նվազեցնել արտաքին պարտքը, հարաբերակցությունը փոփոխել, Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ մեր ուղենշային մակարդակը 40/60-ն է, այսինքն՝ 40 տոկոսն ունենալ դրամով պարտք, 60 տոկոսն՝ արտարժույթով:
«Ինչպես ասացի, այդ ուղենշային մակարդակից բավական բարձրացել ենք և 50/50 ունենք: Մյուս տարվա պարտքի քաղաքականության մեր մոտեցումները այնպիսին են, որ փորձելու ենք մի քիչ մեծացնել արտարժույթով վարկի ծավալը մեր ընդհանուր պորտֆելում, որը կախված է արտարժույթի մեր կարիքներից, այսինքն՝ պետք է ուսումնասիրենք արտարժույթի և դրամի՝ մեր տեղական շուկայի պահանջարկի ծավալը և ըստ այդմ այնպիսի որոշումներ կայացնենք, որպեսզի անհիմն ռիսկեր չստեղծենք մեր պարտքի սպասարկման տոսոսադրույքների բարձրացման ուղղությամբ»,- ասաց նախարարը:
comment.count (0)