Կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ. «Նոա» ֆուտբոլային ակումբ
11:20 - 04 նոյեմբերի, 2024

Կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ. «Նոա» ֆուտբոլային ակումբ

«Նոա» ֆուտբոլային ակումբը հանուն հայկական ֆուտբոլի զարգացման և հեռանկարային ծրագրերի, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

««Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը՝ «Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։ Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։

Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորում է նաև ֆուտբոլասերների և մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։

«Նոա» ՖԱ-ն շարունակում է իր ճանապարհը հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրերով՝ հանուն այս նպատակների պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։ «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին։

Բոլորիս մաղթում ենք ֆուտբոլային նոր վերելքներ»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել