Քամալա Հարիսը իր քարոզարշավի վերջին օրերը անցկացրեց Միչիգան նահանգում՝ նախ Դետրոյթի ռեստորաններից մեկում հանդիպելով ընտրողներին, այնուհետև՝ ելույթ ունեցավ տեղի եկեղեցիներից մեկում՝ հայտարարելով, թե դեմոկրատներին հարող ընտրողներին են միացել հանրապետականներին ձայն տվողները:
«Իմ աչքերի առջև է մի ազգ, որը վճռել է շրջել ատելության և պառակտման էջը ու ընտրել արդարության ուղին: Իմ այցերի ժամանակ հանդիպել եմ ամերիկացիների՝ «կարմիր» նահանգներից մինչև «կապույտ» նահանգներ, որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության»,- ասել է Հարիսը:
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Քարոլինայում էր, որտեղ իր աջակիցներին փոխանցեց՝ վստահ է ընտրություններում ինքն է հաղթելու:
«[Մենք կհաղթենք], քանի որ զգալի առաջ ենք։ Պարզապես անհրաժեշտ է երեքշաբթի օրը դուրս գալ և քվեարկե՛լ, քվեարկե՛լ, քվեարկե՛լ»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ իր հակառակորդներն արդեն փորձում են կեղծել ընտրությունները:
«Նրանք խարդախություն են անում ընտրությունների ժամանակ, և երբ ի ցույց ես դնում այդ, փորձում են քեզ բանտ նետել։ Մտածե՛ք այդ մասին։ Դա ամենաանհավանական բանն է, որ երբևէ տեսել եմ։ Բայց ինձ դա դուր է գալիս։ Գիտեք ինչո՞ւ, քանի որ ապացուցել ենք ու ցույց ենք տվել դա։ Մենք դա կշտկենք, և պետք է հաղթենք այս ընտրություններում»,- հայտարարել է Թրամփը:
Ի դեպ, իր խոսքում Թրամփը վերստին ակնարկել է քաղաքական հակառակորդների դեմ բռնության մասին։
Հարիսի խոսքով՝ ընտրություններն ավելին են, քան կուսակցությունների միջև ընթացող պայքարը, և գոյություն ունեն մարդիկ, որոնք ընտրությունների ժամանակ «ձգտում են խորացնել պառակտումները, տարածել ատելություն ու վախ, սերմանել քաոս»:
«Խոստանում եմ լսել այն մարդկանց, ովքեր չեն համաձայնվում ինձ հետ, որովհետև, չեմ հավատում, որ մարդիկ, ովքեր համաձայն չեն ինձ հետ, թշնամի են: Նրանց տեղ կտամ սեղանի շուրջ, որովհետև այդ է անում ուժեղ առաջնորդը»,- ընդգծել է Հարիսը:
Արդեն մոտ 80 միլիոն ամերիկացիներ քվեարկել են այս ընտրություններում՝ չորս տարի առաջ քվեարկածների ԱՄՆ քաղաքացիների գրեթե կեսը։ The New York Times / Siena College-ի անցկացրած հանրային կարծիքի ամենից թարմ ուսումնասիրության համաձայն՝ թեկնածուների վարկանիշները բաժանվել են ճի՛շտ հավասար մասերի՝ Հարիսն ունի 48%, Թրամփը՝ 48%։
comment.count (0)