armenpress.am: Կառավարությունը որոշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 860 միլիոն 300 հազար դրամի չափով, ինչպես նաև կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 901 միլիոն դրամ՝ դրանք ուղղելով որոշ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներին։
Կառավարության նոյեմբերի 21-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Գումարը կուղղվի ճանապարհահատվածների և տրանսպորտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական և հեղինակային հսկողությանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների վճարմանը։
Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 1,6 կիլոմետրը, հանրապետական նշանակության է 8 կիլոմետրը, տեղական նշանակության է 6,4 կիլոմետրը։ Նախատեսված է հիմնանորոգել երեք կամուրջ և մեկ հենապատ»,- ասաց Խուդաթյանը։
comment.count (0)