hetq.am: Կառավարության աջակցությամբ անհուսալի վարկառուներին ներելու ծրագիրը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոգատարության դրսևորում է անվանում։
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախարարը շեշտեց, որ այս ծրագիրը բեռ չի դառնում բյուջեի համար։
«Այն մարդիկ, ովքեր պետք է ստանան այս աջակցությունը, ըստ էության, դա ստանալու են իրենց հավելյալ վճարած եկամտային հարկի հաշվին։ Այսինքն՝ այս պահին այդ մարդիկ եկամտային հարկ չեն վճարում, որովհետև չեն աշխատում։ Երբ իրենք սկսեն աշխատել և եկամտային հարկ վճարել, այս եկամտային հարկը ուղղվելու է այդ պարտավորությունների մարմանը»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
Կառավարությունը որոշել է 218 000 քաղաքացու, որոնք բանկերից վարկ են վերցրել և տարիներ շարունակ այն չվճարելով՝ դարձել անհուսալի վարկառու, ֆինանսական աջակցություն տրամադրել։ Աշխատանքի անցնելու պարագայում նրանց եկամտային հարկը կուղղվի ոչ թե պետական բյուջե, ինչպես մյուս քաղաքացիների դեպքում է, այլ՝ վարկերի մարմանը։ Գաղափարն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է։ Դեկտեմբերի 12-ին Կառավարությունն այն անվանեց և ընդունեց։
Հանրային քննադատությունների ալիք բարձրացավ այս ծրագրի վերաբերյալ։ Քաղաքացիների մի մասը դրանում սոցիալական անարդարություն և ընտրակաշառք են տեսնում։
Ըստ ծրագրի հիմնավորման մեջ նշված կանխատեսումների՝ պետական բյուջեն 6 ամսում կկորցնի 33 մլրդ դրամ, հետո ձեռք կբերի նոր հարկատուներ։ «Սա ոչ թե բյուջեի միջոցների ծախսի է բերելու, այլ՝ եկամուտների ավելացման»,- համոզված է Վահե Հովհաննիսյանը։
Նա ասում է, որ կառավարության որևէ որոշում ընդունելուց առաջ տեղի է ունենում նախարարական կոմիտեի նիստ, որին ինքը հիմնականում անձամբ մասնակցում է և բոլոր հարցերին Ֆինանսների նախարարության դիրքորոշումը ներկայացնում։
Ֆինանսների նախարարը կարծում է, որ որոշակի պատճառներով անհուսալի վարկառուները դուրս են մնացել ընդհանուր համակարգից և պետք է օգնել այդ մարդկանց՝ վերադառնալու այնպիսի միջավայր, որտեղ կարող են արժանավայել ձևով ամբողջ հանրության հետ մասնակցել այս գործընթացներին. «Ես կարծում եմ, որ սա այդ հոգատարության դրսևորում է՝ առանց պետական միջոցներից այս ուղղությամբ հավելյալ ծախս անելու»։
Հարցին՝ ինչու՞ բանկերն իրենք իրենց միջոցներով չեն ներում անհուսալի վարկառուներին, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ բանկերը հանձնառություն են ստանձնել ներել կուտակված տույժ-տուգանքները։
Սակայն ինչպես նշված է ծրագրում, մայր գումարները բանկերը կստանան պետական բյուջեից՝ եկամտային հարկի հաշվին։
Ամեն դեպքում, Վահե Հովհաննիսյանը սա միահամուռ աշխատանք է համարում դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին աջակցելու համար։
«Մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ անկարգապահ մարդկանց ներելը նշանակում է անարդար գտնվել այն մարդկանց նկատմամբ, որոնք կարգապահ են։ Կարծում եմ, որ այս մարդիկ երեք տարի արդեն այնքան են տառապել, որ անարդարություն չկա։ Մարդիկ արդեն սև ցուցակներում են, իրենց հաշիվները կալանքների տակ են»,- նշեց ֆինանսների նախարարը։
comment.count (0)