Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն
14:04 - 28 նոյեմբերի, 2024

Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն

Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում նրանք կտուգանվեն: 

Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նկատեց՝ հանրապետությունում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառներից է նաև եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: 

«Ներկայում գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը: Ուստի, առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների, տրանսպորտային միջոցների  շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր: Երկրորդ՝ կարգելվի, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը կլինի 4մմ կամ դրանից պակաս։ Երրորդ՝ ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային  անվադողեր»,-ասաց նախարարը:

Եթե արձանագրվի վարչական իրավախախտումը, նախատեսվում է 5000 դրամի չափով տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա՝ 20 հազար դրամ:  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տուգանքների չափերը խստացնել:

Նախագիծը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգության մակարդակը, եղանակային անբարենպաստ պայմաններում նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը՝ դրանով իսկ կրճատելով զոհերի ու վիրավորների թիվը: Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2024թ դեկտեմբերի 10-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս որոշումը քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու: «Բայց հանրապետությունում ակնհայտորեն կան վարորդներ, որոնք ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անվադողերով: Մենք այդ վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում: Սակայն դա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք»,-ասաց Փաշինյանը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել