Դատախազությունը հրապարակել է խոշտանգումների վերաբերյալ վիճակագրություն |shantnews.am|
10:36 - 18 դեկտեմբերի, 2019

Դատախազությունը հրապարակել է խոշտանգումների վերաբերյալ վիճակագրություն |shantnews.am|

shantnews.am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Քանի որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության շրջանում ակտիվացել են քննարկումները խոշտանգումների թեմայով, հարկ եմ համարում հայտնել հետևյալ տեղեկատվությունը:

 

2019 թվականին հոկտեմբերի 1-ին դրությամբ, այսինքն՝ առաջին 9 ամիսների ընթացքում, միայն ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի /խոշտանգում/ հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ, որից 3 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և դրանցով դատական քննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել: 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է:

 

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին: Մեղադրական եզրակացությամբ 2018թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից:

 

ՀՀ դատախազությունը նշված գործերով մեղադրական ճառով միջնորդել է անձին մեղավոր ճանաչել խոշտանգման համար և նշանակել պատիժ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնեու իրավունքից:

 

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2017թ. սկսած՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց խոշտանգումների դեմ քրեաիրավական պայքարը, մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու իրավունքի ապահովումը առջնային խնդիր է Դատախազության համար:

 

Այդ համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների, ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո ՀՀ դատախազությունում կատարվել էին Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված որոշումների, այս ոլորտում առկա պրակտիկայի ուսումնասիրություններ:

Դրա արդյունքում Դատախազության կոլեգիայի որոշումներով հստակեցվել էին այն անհրաժեշտ քայլերը և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և Հայաստանում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը: (Հղումը՝ ստորև):

Դատախազության սկզբունքային մոտեցումը առավելապես պայմանավորված է ինչպես նման դեպքերի կանխման, այնքան էլ այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության բարձրացման հրամայականով: Ելնելով դրանից՝ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել էին հանձնարարականներ՝ առաջին հերթին խոշտանգումների փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Այդ հանձնարարականները, որոնց մեծ մասի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ուղղված են նրան, որ իրավասու մարմնի աշխատակիցը զերծ մնա քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ԶՊՎ-ներում հարցաքննությունների իրականացման համար ներդվեն այնպիսի մեխանիզմներ և տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվորեն արձանագրելու այդպիսի վարքագծի դրսևորումները, ինչպես նաև բարձրացնել խոշտանգումների փաստերով քննության արդյունավետությունը՝ անհետաձգելի քննչական դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ և իրականացմամբ:

Այս քաղաքականությունը շարունակվելու է նաև հետայսու»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել