«Այբ կրթական հանգույց» հիմնադրամը ծնողից գումար է պահանջել չմատուցված ծառայությունների դիմաց |hetq.am|
12:23 - 16 դեկտեմբերի, 2019

«Այբ կրթական հանգույց» հիմնադրամը ծնողից գումար է պահանջել չմատուցված ծառայությունների դիմաց |hetq.am|

hetq.am:  Նինա Ամիրխանյանը չորս տարուց ավելի դատական վեճի մեջ է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հետ: Այդ ժամանակ 3-րդ դասարանի աշակերտ Ռուբեն Հակոբյանի օրինական ներկայացուցիչ Նինա Ամիրխանյանի և հիմնադրամի միջև 2015թ. հուլիսի 1-ին կնքվել է «Այբ կրթական հանգույց»-ում ուսումնառության մասին պայմանագիր:

Պայմանագրով նախատեսված ծառայությունը մատուցվել է մինչև 25.11.2015թ.: Ծնողի կողմից պայմանագրի լուծման պատճառ է հանդիսացել այն, որ վերջինս իր ամուսնու հետ պետք է տեղափոխվեր Քուվեյթ, ինչի մասին իմացել է անսպասելի:

Նինա Ամիրխանյանը ցանկացել է հիմնադրամից ստանալ երեխայի փաստաթղթերը, որպեսզի տեղափոխվեն Քուվեյթ, սակայն չեն տրամադրել՝ պահանջելով վճարել տարեկան ուսման վարձն ամբողջությամբ:

«Պայմանագրին ծանոթանալու կարիք Նինա Ամիրխանյանը չի ունեցել, քանի որ կնքման պահին որևէ մտադրություն ուսումը չշարունակելու կամ այլ կերպ դադարեցնելու մասին չի ունեցել: Սակայն, տեղի է ունեցել հանգամանքների այնպիսի էական փոփոխություն, որով վերջինս ստիպված դիմել է այդ քայլին:

Իր ամուսնու աշխատանքով պայմանավորված՝ Նինա Ամիրխանյանը և իր երեխան` դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Ռուբեն Հակոբյանը, 2015թ. նոյեմբերի 29-ին մեկնելու էին Քուվեյթի Պետություն, ինչի կապակցությամբ էլ դեռևս նույն թվականի նոյեմբերի 16-ին Նինա Ամիրխանյանի ամուսինն էլեկտրոնային նամակով դիմել է դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանին, որպեսզի իրեն տրամադրվի երեխայի անձնական գործը` Քուվեյթի Պետությունում երեխայի ուսումնառությունն ապահովելու համար:

Սակայն, նոյեմբերի 17-ին էլեկտրոնային եղանակով ստացել է նամակ, որտեղ նշվել է հետևյալը. «... մենք պատրաստ ենք հանձնել Ձեզ երեխայի անձնական գործերը Ձեր կողմից միայն պայմանագրի գումարն ամբողջովին վճարելուց հետո»»,- ասում է Նինա Ամիրխանյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Առաքելյանը:

Ըստ հիմնադրամի՝ նման դրույթի նախատեսումն ինքնանպատակ չէ և միտված է ապահովել աշխատակիցների` այդ թվում դասավանդողների առջև ստանձնած ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը: Քանի որ նրանց հետ հարաբերությունները կառուցում է տարեկան կտրվածքով կնքվող պայմանագրերի հիման վրա, և ցանկացած աշակերտի ուսումնառության վաղաժամ դադարեցումը կասկածի տակ է դնում ամբողջ ուսումնական գործընթացը:

Տարբեր գրագրություններից հետո, որին մասնակից են դարձել նաև Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, 25.11.2017թ. կազմվել է համաձայնագիր՝ պայմանագիրը լուծելու մասին, և երեխայի անձնական գործը հանձնվել է ծնողին: Ընդ որում՝ Նինա Ամիրխանյանը ստիպված է եղել ստորագրելու համաձայնագիրը, որովհետև իրենք երեխայի հետ մեկնում էին Քուվեյթ 29.11.2017թ., և վտանգի տակ էր դրվում երեխայի ուսման հարցը:

«Դպրոցը ստեղծել էր ծնողի` տվյալ դեպքում Նինա Ամիրխանյանի համար այնպիսի անբարենպատ պայմաններ, որ ծնողը ստիպված ստորագրել է 25.11.2015թ. համաձայնագիրը՝ գումարը վճարելու մասին, և երեխայի կրթության իրավունքն իրականացնելու համար վերջապես ստացել է երեխայի անձնական գործը»,- ասում է փաստաբան Վարդան Առաքելյանը:

Նինա Ամիրխանյանը՝ ներկայացուցչի միջոցով ներպետական դատարաններում վիճարկել է որդու անձնական գործը ծնողին չվերադարձնելու ձևով դրսևորած անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելը, սակայն մերժվել է: Բայց դատարանն արձանագրել էր, որ ուսումնական հաստատությունն իր մոտ իրավասու չէր պահել և ծնողին չտալ երեխայի անձնական գործը` զուտ միայն իր հանդեպ առկա հնարավոր ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու նկատառումներով:

Մերժվել է նաև Նինա Ամիրխանյանի մեկ այլ հայցադիմումը՝ կողմերի միջև կնքված պայմանագրի կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որով տարեկան կտրվածքով վճարի հատուցում է նախատեսվում, եթե նույնիսկ ծնողից անկախ հանգամանքներով, ինչպիսին, օրինակ, անսպասելի երկրից մեկնելն է, երեխային ուսումնառության ծառայություններ չեն մատուցվում:

«Այբ կրթական հանգույց» հիմնադրամը 2016թ. փետրվարին գումարի բռնագանձման պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել Նինա Ամիրխանյանի դեմ:

Դատարանը, համարելով, որ գործի համար էական նշանակություն ունի, թե արդյոք Ռուբեն Հակոբյանի կողմից ուսումնառությունը չշարունակելու դեպքում դպրոցն ընդունել է նոր աշակերտի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ստացել է պատասխան, որից պարզ է դարձել, որ 2016թ. հունվարին ձմեռային լրացուցիչ ընդունելությամբ այդ դասարան է ընդունվել մեկ այլ աշակերտ: Սակայն, դատարանն իր պահանջած և գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցին որևէ կերպ չի անդրադարձել:

Դատարանն այս տարվա հունիսի 25-ին վճռել է Նինա Ամիրխանյանից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 1 մլն 732 հազար 500 դրամ, որպես «Այբ»-ի հանդեպ ունեցած չկատարված դրամական պարտավորություն:

Ընդհանուր իրավասության դատարանն այդպես էլ վճռում չի անդրադարձել այն փաստին, թե ինչ վնաս է կրել «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը, երբ պայմանագիրը դադարեցրած աշակերտի փոխարեն ընդունել է մեկ այլ աշակերտի և վճարվել դրա դիմաց: Նինա Ամիրխանյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Փաստաբան Վարդան Առաքելյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ եթե հիպոթետիկ ընդունեն, որ ուսման վարձի ամբողջական մուծման նպատակը եղել է ապահովելու աշխատակիցների, այդ թվում՝ դասավանդողների հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը, այս դեպքում այդ ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարումը որևէ կերպ չի տուժել:

Ընդհանուր իրավասության դատարանը պահանջել և ստացել էր տեղեկություն «Այբ»-ից։ Պարզվել է, որ Ռուբեն Հակոբյանի փոխարեն արդեն 2016թ. հունվարին դպրոցն ընդունել է այլ աշակերտ: Իսկ եթե նույնիսկ տուժել է, ապա բացառապես 2015թ. դեկտեմբեր ամսվա համար, որի, ինչպես նաև 2016թ. հունվար ամսվա վճարման պարտավորությունն իր վրա վերցնելու մասին Նինա Ամիրխանյանը հայտնել է գրավոր:

Վերաքննիչ դատարանը ևս մերժել է Նինա Ամիրխանյանի բողոքը: Ուշագրավ է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ օբյեկտիվ իրականության մեջ կարող են լինել հանգամանքներ, որոնք պարտադրում են սուբյեկտին կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից, որպիսին տվյալ պարագայում հանդիսացել է բողոքաբերի ընտանիքի Քուվեյթ տեղափոխվելու և դրանով պայմանավորված նրա երեխայի անձնական գործերը ստանալու անհրաժեշտությունը:

Սակայն, պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պարտադրվածությունը չի հանդիսացել «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի կամ մի երրորդ անձի վարքագծի /մեղքի/ հետևանք։ Ուստի Ն. Ամիրխանյանի այն պնդումները, թե վերջինս (իր կողմից վկայակոչված պատճառներից ելնելով) ստիպված է եղել ստորագրելու համաձայնագիրը, չի կարող վերաբերելի լինել համաձայնագրի անվավերության գնահատման տեսանկյունից։ Հետևաբար, վերաքննիչ բողոքն այս հիմքով հիմնավոր չէ։

«Շատ կարևոր է արձանագրել, որ Ռուբեն Հակոբյանի փոխարեն այլ աշակերտ ընդունելուց հետո վերջինից նույնպես դպրոցը վերցրել է ծառայության վճար, ընդ որում՝ այս տեղեկությունը 2015թ.-ից սկսած տրամադրվել է միայն 2018թ.-ին, այն էլ դատարանի կողմից նման ապացույց պահանջելու մասին որոշման ուժով»,- նշում է Վ. Առաքելյանը:

Նրա խոսքերով՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը պետք է ապացուցեր, որ պայմանագիրը լուծվել է Նինա Ամիրխանյանի մեղքով, ինչն էլ արել են դատարանները հիմնադրամի փոխարեն՝ ընտանիքով Քուվեյթ գնալով պայմանավորված ուսումնառությունը դպրոցում չշարունակելու իրավիճակը համարելով ծնողի մեղքով պայմանագիրը լուծելու դրսևորում:

«Տվյալ դեպքը որևէ կերպ չի կարող դասվել զուտ պարտավորական հարաբերություններից բխող դեպքերի շարքին: Այն վերաբերել և վերաբերվում է Հայաստանի միջազգային պայմանագրերով ամրագրված երեխայի, սեփականության, իրավունքի չարաշահման և խտրականության արգելքներին, ինչպիսի պայմաններում էլ առավել քան ակնհայտ է, որ հիմնադրամի կողմից հայցադիմումում վկայակոչված և արդյունքում դատարանների կողմից արտատպված իրավանորմերը այս գործով կիրառելի չեն»,- հավելում է փաստաբան Վ. Առաքելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել