Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը |armenpress.am|
13:08 - 24 դեկտեմբերի, 2024

Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դեկտեմբերի 23-ին հաստատել է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի վերացման հետևում կանգնած են իսրայելցի զինվորականները: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

«Մենք հարված կհասցնենք հութիների ռազմավարական օբյեկտներին և կգլխատենք նրանց առաջնորդներին: Ինչպես մենք վարվեցինք Հանիյեի, Սինվարի և Նասրալահի հետ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, նույնը կանենք հութիների առաջնորդների հետ Հոդեյդայում և Սանայում»,- Կացի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:

Նա նշել է՝ այժմ, երբ հութիների ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներով գնդակոծում է Իսրայելը, ցանկանում է նրանց հստակ ուղերձ փոխանցել. «Մենք հաղթեցինք ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահ»-ին, մենք կաթվածահար արեցինք Իրանի պաշտպանական համակարգերը և վնաս հասցրինք նրա հրթիռների արտադրության համակարգերին: Մենք տապալեցինք Ասադի ռեժիմը Սիրիայում, ծանր հարվածներ հասցրինք «չարի առանցքին», և մենք լուրջ հարված կհասցնենք Եմենում հութիների ահաբեկչական կազմակերպությանը»։

Հանիյեն սպանվել է Թեհրանում հուլիսի վերջին։ Իրանը սպանության մեջ մեղադրել է Իսրայելին։ Իսրայելական կողմն ավելի վաղ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր իր մասնակցությունը գրոհին:

Իսրայելցի զինվորականները հետագայում Գազայի հատվածում վերացրեցին Հանիյեին փոխարինող Յահյա Սինվարին:

Սեպտեմբերի վերջին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված հասցրին Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ է «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանը։ Այս հարվածի հետևանքով սպանվեց շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել