armenpress.am: Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան: Այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:
«Այժմ մենք պլանավորում ենք երկրի ղեկավարի այցը Երևան: Երկու մայրաքաղաքների միջև իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ, իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, ապա դրանք գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և առաջիկայում, երբ արդեն փոխադրումների զրո տոկոս տոկոսադրույքն իրականացվի, տնտեսական համագործակցությունը թռիչքային աճ կարձանագրի»,-նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ լավ համագործակցություն է ձևավորվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:
comment.count (0)