Կառավարությունը կստորագրի AI-ի կիրառման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիա |hetq.am|
12:24 - 27 դեկտեմբերի, 2024

Կառավարությունը կստորագրի AI-ի կիրառման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիա |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հավանություն տվեց «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը։

«Արհեստական բանականության ոլորտը ողջ աշխարհում ապրում է աննախադեպ զարգացում և արդեն իսկ օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում:

Միաժամանակ արհեստական բանականության համակարգերը, համապատասխան իրավական կարգավորումների և վերահսկողության բացակայության պարագայում, կարող են վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները»,- նշում է արդարդատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հիմնավորման մեջ։

Ըստ Արդարադատության նախարարության՝ մեր պետությունը դեռևս չունի բավարար իրավական կարգավորումներ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ, այդ իսկ պատճառով կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա զարգացնելու ոլորտին առնչվող իրավական դաշտը։

Նախատեսվում է, որ կոնվենցիան կբացառի թվայնացման գործընթացներում կենսաբանական տվյալները նույնականացնելիս անձի հանդեպ ռասսայով, կրոնով, սեռով պայմանավորված խտրականությունը, որի դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ:

Կոնվենցիան նաև նպատակ ունի կարգավորել անձնական տվյալների չարաշահումը արհեստական բանականության կողմից։ Ինչպես նաև կարգավորել, որ այն չդառնա մանիպուլյացիայի գործիք։

Կոնվենցիան արդեն ստորագրել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, ԵՄ-ն, Իսրայելը, Վրաստանը և այլն։

Ըստ հիմնավորման՝ այն ուժի մեջ կմտնի այն դեպքում, երբ ևս հինգ պետություն ստորագրեն՝ ներառյալ ԵԽ անդամ երեք պետություն պետք է վավերացնեն կոնվենցիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել