Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը կգործի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է:
Սահմանվել է նաև, որ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հետվճարը հաշվարկվում է այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրը մեկնարկել է 2022-ի հուլիսից, և այս տարիների ընթացքում աճել են թե՛ գործարքների ծավալները, թե՛ շահառուների թիվը. «Եթե ներկայացնենք մեկնարկի պահից թվային ցուցանիշները, ապա կարող եմ ասել, որ զրոյական մակարդակից անկանխիկի ընդհանուր ծավալը հասել է 171,7 մլրդ դրամի, իսկ այս ընթացքում մեր հայրենակիցներին վերադարձրել ենք 15,2 մլրդ դրամ: Շահառուների թիվը մեկնարկի պահին 16 հազար էր առաջին ամիսը, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունեինք շուրջ 278 հազար շահառու: Ակնկալում ենք, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300 հազարի շեմը: Մեկ շահառուի գծով հաշվարկված ամսական գումարը 2022-ի դեկտեմբերին կազմել էր 3079 դրամ, 2023 թվականին այդ արժեքը 3400 էր, իսկ 2024-ի նոյեմբերին՝ արդեն 4190 դրամ: Նոյեմբերի տվյալներով՝ շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ այն Կառավարության հաջողված որոշումներից մեկն է, ինչի մասին փաստում են թվերը: «Մենք 4000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Բայց ասում են՝ այդպես էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակն ավելանում է: Եվ կարող է հետագայում՝ թոշակների հետ կապված որոշումներ կայացնելիս, պետք է ոչ թե ասենք, որ մենք բազային թոշակը բարձրացնում ենք 5000 դրամով, այլ ասենք՝ անկանխիկ առևտրից հետվճարը բարձրացնում ենք, 12-ից դարձնում ենք 15, 15-ից դարձնում ենք 17, 17-ից դարձնում ենք 20: Կարծում եմ՝ ոչ մի անազնիվ բան չկա սրա մեջ»,- ասել է վարչապետը և հավելել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022-ին նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան պարենային զամբյուղը:
comment.count (0)