news.am: Մի խումբ տնտեսվարողների, այսօր՝ մարտի 10-ին, կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց. նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարոն Պապոյանը մեզ խոստում տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար նորից հավաքվել ենք ակցիայի։ Ասել էր՝ կքննարկենք, կլսենք ձեր առաջարկները, առաջ կքաշենք»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ոսկու շուկայի տնտեսվարողներին հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նրանց հարցը, կարծես լուծում է ստացել, կինն ասաց. «Ինչքան տեղյակ եմ, այնպես չի, որ իրենց հարցը լուծում է ստացել, դեռ քննարկման շեմին է, բայց դա խաբեություն է: Նաիրի Սարգսյանի (վարչապետի նախկին օգնական-խմբ.) առաջարկով է եղել հանդիպումը, երևի մեր բնագավառում էլ մի հատ Նաիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին, չգիտեմ, ծանոթով, բարեկամով է երևի։ Իմ սուբյեկտիվ կարծիքով Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա»:
Տնտեսվարող կնոջ խոսքով, բացի շրջանառության հարկի դրույքաչափից, իրենց համար խնդիր է նաեւ գույքագրումը. «Դա տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն ժողովուրդն է բերել, եւ եթե անհրաժեշտ լինի, ժողովուրդն էլ կհեռացնի, նա ասաց. «2018-ին կարող է ժողովրդի 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա շատ-շատ 10% ուզենա՝ չգիտեմ ինչ շահի դիմաց: Ես մտածում եմ՝ պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի է ասել, երևի ատո՞ւմ է: Բոլոր կողմերից է այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ տնտեսվարողներին:
Հայաթափություն է լինելու, դատարկվելու է Հայաստանը: Մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում է նեղի, որ դուրս գան: Այս երկրում հնարավոր չի իրենց տեռորով աշխատել:
Մենք պահանջում ենք հանդիպում միայն Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև ոչ մեկ ոչ մի արձագանք չի տալիս»:
Խոսելով կոնկրետ իրենց խնդիրներից, կինն ասաց. «Մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, ԱԱՀ-ն վճարել են և ապրանքը չի վաճառվել։ Պետությունը միևնույն է մեզ ԱԱՀ-ն հետ չի տալիս։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1,000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1,000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են:
Բացի այդ, եթե սկսենք գույքագրել, դա պահանջելու է բարձր գներով հաշվապահություն, նաև աշխատատեղ, որը գործատուն չի կարող այդքան վճարել, այդ եկամուտները չունի»:
comment.count (0)