Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը |azatutyun.am|
16:37 - 10 մարտի, 2025

Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարությունում այսօր մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։

Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար չորս թեկնածու է պայքարում՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։

Կարեն Բատիկյանը փաստաբան է: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ:

Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Նա այս պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել:

Արտաշես Մայիլյանը քննիչ է Հակակոռուպցիոն կոմիտեում, նա քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը:

Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է, ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը: Մինչ այդ դատախազ է աշխատել:

Այսօր ավարտվեց Կարեն Բատիկյանի հարցազրույցը: Բոլոր թեկնածուներին լսելուց հետո միայն մրցույթն անցկացնող խորհուրդը հաղթածների ցանկը կուղարկի Կառավարություն: Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին էլ Կառավարությունը կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել