Կրթությա՞ն, թե՞ սոցապ նախարարության տիրույթում են թիվ 16 հատուկ դպրոցում սովորող երեխաների  սոցիալական խնդիրները
12:18 - 03 սեպտեմբերի, 2019

Կրթությա՞ն, թե՞ սոցապ նախարարության տիրույթում են թիվ 16 հատուկ դպրոցում սովորող երեխաների սոցիալական խնդիրները

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար։ Մինչ այս ուսումնական տարվա սկիզբը դպրոցը գործում էր նաև որպես գիշերօթիկ հաստատություն․ անապահով ընտանիքների երեխաներն այստեղ սնունդ էին ստանում և գիշերում։ 

Մայիսին դպրոցի տնօրենությունը կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից ծանուցում է ստացել, որտեղ նշված է եղել, որ համընդհանուր ներառական կրթության անցման շրջանակներում նախարարությունը կառավարությանը ներայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ թիվ 16 հատուկ դպրոցը անվանափոխվելու է Երևանի համար 201 հիմնական դպրոց։ 

Երկու օր առաջ էլ դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանին նախարարությունից մեկ այլ ծանուցում են ուղարկել։ Ծանուցման մեջ նշված է եղել, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի իրականացրած՝ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման տվյալների համաձայն՝ դպորոցում սովորողներից միայն 19-ն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ տեսողական ֆունկցիայի խանգարումներ։ Տնօրենին առաջարկվել է մինչև նոր ուստարվա սկիզբը տեսողության խնդիրներ չունեցող երեխաներին տեղափոխել այլ հանրակրթական դպրոցներ։

Այսօր դպրոցի ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին դպրոցում՝ բողոքելու նախարարության պահանջի դեմ։ Այնտեղ էր նաև նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

«Հանրակրթության մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունն անցնում է համընդհանուր ներառման, և Երևան քաղաքը այս տարի ամբողջովին պետք է անցնի համընդհանուր ներառման, այսնինքն՝ լինելու են բժշկա-մանկավարժա-հոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություն են ցույց տալու։ Այդ դպրոցներից մեկն է նաև թիվ 16 հատուկ դպրոցը։ Ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, դեռ կառավարության որոշում չկա, և դպրոցը շարունակելու է գործել, մինչև կլինի համապատասխան որոշում»,- ասաց պարոն Արշակյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե դպրոցը նաև գիշերօթիկ է, պարոն Աշոտ Արշակյանը պատասխանեց․

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությունով սահմանված գիշերօթիկ դպրոց հասկացություն չկա, այստեղ խոսքը վերաբերում է երեխաների սոցիալական խնդիրներին, որովհետև կրթության նախարարությունը պատասխանատու է երեխաների կրթության կազմակերպման համար, իսկ ինչ վերաբերում է սոցիալական մասին, դա սոցապնախարարության տիրույթում է, և մենք ունենք բոլոր այդ երեխաների ցուցակները, և համապատասխան քննարկումներ կլինեն նաև սոցապնախարարության հետ»։

Չնայած պարոն Արշակյանը նշեց, որ դեռ կառավարության համապատասխան որոշում չկա, և դպրոցը շարունակում է աշխատել, դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանն ասում է, որ իրենք հիմա ֆինանսավորվում չեն ստանում աշակետներին սննդով ապահովելու համար։ Նա նաև չի կարող աշակերտներին դասերից հետո տուն ուղարկել, քանի որ շատ ծնողներ հնարավորություն չունեն երեխաներին տուն տանելու։ Ծնողներից մեկը նաև բողոքում էր, որ ինքը տուն չունի։

Աշակերտներից մի քանիսի ծնողները որոշել են իրենց երեխաներին հանել այդ դպրոցից, շատ ծնողներ էլ նշում են, որ եթե դպրոցը դառնա հիմնական և իրենց երեխաները դասերից հետո տուն գնան, իրենք չեն կարողանա աշխատել։

Փորձեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզել, թե արդյո՞ք նրանք ծանոթ են խնդրին։

Սոցիալական աջակցության վարչության մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ հատուկ դպրոցներն այդ նախարարության հետ որևէ առնչություն չունեն, դրանք բացառապես կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ենթկայության տակ են։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտների վերաբերյալ որևէ քննարկում եղել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ, սոցիալական աջակցության վարչության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ դպրոցների թեմայով քննարկումներ լինում են, և դրանք վերաբերում են ընդհանուր ներառականության անցմանը, բայց կոնկրետ այս թեմայով քննարկման մասին տեղեկություններ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել