Թեկնածուին պետք է լսեն բոլորը, ոչ թե՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ. հավաստագրով ուսուցիչը՝ նոր կարգի մասին |armtimes.com|
13:25 - 30 օգոստոսի, 2019

Թեկնածուին պետք է լսեն բոլորը, ոչ թե՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ. հավաստագրով ուսուցիչը՝ նոր կարգի մասին |armtimes.com|

armtimes.com։ Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխությունները հիմնականում դրական արձագանք են գտել ոլորտի շահառուների շրջանում:

Ակնկալվում է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կմեծանա տնօրենի ընտրության գործընթացում արդարության ու թափանցիկության չափաբաժինը, ինչպես նաեւ այդ պաշտոնի հավակնորդներն առավել լուրջ կվերաբերվեն հաստատության զարգացման ծրագրի մշակմանը, որովհետեւ դա պետք է անցնի լուրջ քննարկումների ճանապարհ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը (այժմ արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն) կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ, որը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգին, առաջարկել է արմատական փոփոխություններ եւ համապատասխան նախագիծն այժմ կառավարությունում է:

Նորացվող կարգով նախատեսվում է էապես մեծացնել մանկավարժական եւ ծնողական համայնքի դերակատարումը դպրոցի տնօրենի ընտրության գործում: Կարեւորվում է նաեւ աշակերտների կարծիքը: Գործող կարգով հանրակրթական հաստատության ղեկավարին ընտրում է դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին խորհուրդը, որը կազմված է ութ անդամից եւ որոնց առաջադրում են կրթության եւ գիտության նախարարը, լիազորված մարմինը, մանկավարժական եւ ծնողական խորհուրդները:

Փոփոխություններն ընդունվելու դեպքում, նախքան կառավարման խորհուրդը հնարավորություն կստանա քվեարկել տնօրենի թեկնածուներից որեւէ մեկի օգտին, ընտրություն կիրականցվեն ծնողական եւ մանկավարժական խորհուրդներում:

Որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար: Խորհրդի՝ մանկավարժական եւ ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ»:

Հավակնորդը կզրկվի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու իրավունքից, եթե չներկայանա մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում հրավիրված քննարկումներին: Դրանիցից հետո էլ նախատեսվում է քվարկություն: Իսկ դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված ծնողական ու մանկավարժական խորհուրդների անդամները արդեն տնօրենի ընտրության ժամանակ պարտավոր են լինելու քվեարկել ոչ թե իրենց հայեցողությամբ, այլ այն թեկնածուի օգտին, որին նախապատվություն են տվել համապատասխան խորհուրդները:

Վստահ չեմ, բայց կարծում եմ ավելի օբյեկտիվ է

Ուսուցչուհի, Երեւանի Չարենցի անվան դպրոցի փոխտնօրեն Մարգարիտա Սարգսյանը դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր է ստացել երեք տարի առաջ: Հավաստագրի առկայությունը կարեւոր պայման է հանրակրթական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:

Նա կարծում է, որ տնօրենի ընտրության կարգում նախատեսվող փոփոխություններն այդ գործընթացը կդարձնեն առավել օբյեկտիվ: Միեւնույն ժամանակ կանխատեսում է, որ մեծ թվով ծնողների դրական վերաբերմունքին արժանանալը տնօրենի թեկնածուների համար չափազանց բարդ է լինելու:

«Օբյեկտիվ է այս ձեւը, որ ե՛ւ աշակերտները, ե՛ւ մանկավարժական ու աշակերտական խորհուրդները մասնակից են դառնում, որովհետեւ առաջին հերթին իրենք են աշխատելու տվյալ տնօրենի հետ: Նախկինում այդ յոթ-ութ հոգին իրենք իրենց որոշումը կայացնում էին ու ընտրում տնօրեն:

Իսկ այստեղ արդեն մի մեծ խումբ է, որը ճիշտ ընտրություն կկատարի: Վստահ չեմ, բայց եթե համեմատեմ գործող կարգի հետ, այս նախագիծն ինձ թվում է ավելի ճիշտ է եւ ավելի օբյեկտիվ»,- ասաց Մարգարիտա Սարգսյանը՝ հիշելով ավանդական դարձած այն երեւույթը, երբ որքան էլ օրենքով տնօրենը պետք է ընտրվեր մրցութային կարգով, հաճախ նա, ըստ էության, նշանակվում էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, իսկ մրցույթը միայն ձեւական բնույթ էր կրում:

Մեր զրուցակցին որոշակի թերահավատության տեղիք տալիս է այսօրվա շատ աշակերտների ծնողների ազատամտությունը: «Այնպիսի ծնողներ ունենք, որոնք ասում են՝ երեխան թող չսովորի, թող դասարանից դուրս գա, եթե հաճելի չէ այդ պահին դասապրոցեսը, բայց չեն մտածում, որ դուրս գալով երեխան կարող է պատահական սայթաքել, ընկնել:

Այսօրվա ծնողին համոզելը, որ այդ փոքրիկ խստությունը ի շահ աշակերտի ենք անում, բավականին երկար պրոցես է: Չեմ ասում առաջվա պես դեսպոտի պես լինել, բայց ամեն դեպքում լիարժեք ազատություն տալը ինչ-որ տեղ ճիշտ չէ:

Դպրոցում ամեն դեպքում մի փոքր խստություն է պետք: Խստությունը բերում է ճիշտ դաստիարակության, կարգապահության, իսկ եթե մենք այդպես ազատ բաց թողնենք, մի քիչ այլ պատկեր կունենանք: Բայց այսօրվա ծնողը այդ ազատությունն է ուզում: Դրա համար ծնողական խորհրդի հետ կապված մտածում եմ, որ կարող են եւ լինել ծնողներ, գուցե մի ստվար խումբ, որոնք չհամաձայնեն տվյալ ծրագրի ինչ-որ կետերի հետ:

Իսկ ընդհանրապես օբյեկտիվության առումով ինձ թվում է սա ավելի ճիշտ նախագիծ կլինի, որովհետեւ տվյալ տնօրենի հետ աշխատելու համար այո, պետք է ճանաչել, իսկ ճանաչելու համար պետք է երեխաները, ծնողները, մանկավարժներտ շփվեն, տեսնեն, հասկանան, խոսեն, ոչ թե միանգամից նշանակեն ու ասեն՝ ես դպրոցի տնօրենն եմ, դե ենթարկվեք ինձ»,- ասաց մանկավարժը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել