«Մեկնաբանություններ չունեմ». Սիրունյանը՝ իր ֆեյսբուքյան անպարկեշտ գրառումների վերաբերյալ հարցերին ի պատասխան |news.am|
12:54 - 20 հունվարի, 2025

«Մեկնաբանություններ չունեմ». Սիրունյանը՝ իր ֆեյսբուքյան անպարկեշտ գրառումների վերաբերյալ հարցերին ի պատասխան |news.am|

news.am: ԱԺ շենքում այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողները ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցին, թե չի՞ ափսոսում և չի՞ զղջում ֆեյսբուքում հնչեցրած իր հայհոյանքների, ատելության խոսքի համար:

Ի պատասխան Սիրունյանը միայն ասաց. «Այս պահին մենկաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք հետո զրուցենք»:

Հարցին՝ ծանո՞թ է քաղհասարակության ներկայացուցիչների՝ իր նկատմամբ հնչող քննադատությանը, նա արձագանքեց. «Ես ուրախ եմ, որ մենք ունենք քաղհասարակություն»:

Նա այդպես էլ չպատասխանեց՝ զղջում է իր գրածների համար թե ոչ՝ խոստանալով ավարտելուց հետո զրուցել լրագրողների հետ:

Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։

Մասնավորապես, հաստատվել էր Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

ԱԺ այսօրվա նիստի օրակարգում ներառված է ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կոչ արեց ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել