ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

73 զինծառայողի գործը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել
 |hetq.am|

73 զինծառայողի գործը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել |hetq.am|

hetq.am: Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել և պատժել իրենց որդիների մահվան մեջ մեղադրվող հրամանատարներին։ 2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանն այժմ մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Հրամանատարների գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այս գործով վերջին դատական նիստին դատարանը տեսակապով հարցաքննում էր այն ծնողներին, ովքեր գտնվում են արտերկրում, կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատարան։ Դեռևս կային զոհվածների ծնողներ, որոնք պետք է հարցաքննվեին։ Սակայն, նիստը նախ ընդմիջվեց, ապա անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից տարան։ Ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն տվեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, և նա զրկվի ազատությունից։ ԲԴԽ-ն կասեցրեց նաև դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Դրանից հետո Գաբրիելյանին մեղադրանք առաջադրվեց՝ կաշառք ստանալու հատկանիշով։ Նա 2 ամսով կալանավորվեց։ Զոհվածների ծնողներն անհանգստացած են՝ գործը նոր դատավորին մակագրելու դեպքում հավանաբար քննությունը զրոյից կսկսվի, իսկ այս դեպքում կա վաղեմության ժամկետի խնդիր։ Հոկտեմբերին գործի վաղեմության ժամկետը կլրանա։ Եթե այն լրանա, և նույնիսկ գործի քննությունը շարունակվի, մեղադրվող անձինք պատասխանատվություն չեն կրի։ Դատախազությունում զոհվածների ծնողներին հանդիպել էր դատախազի տեղակալներից մեկը։ Վերջինս ծնողներին առաջարկել էր այսօր հանդիպել Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանին, որը 73 զինծառայողների գործով հանրային մեղադրողներից մեկն է։ ՀՀ նոր քրեական օրենսգրքի համաձայն՝ միջին ծանրության հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 10 տարի է։ Ծնողները հույս ունեն, որ 73 զինծառայողների գործով այդ օրենքը, բացառության կարգով, նաև իրենց դեպքում կկիրառվի։
12:23 - 08 մայիսի, 2025
Անկախության պահպանման գլխավոր երաշխիքը իրավական մշակույթն է․ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյան

Անկախության պահպանման գլխավոր երաշխիքը իրավական մշակույթն է․ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյան

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Այսօր շարունակվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկումը։ ԱԺ-ում եզրափակից ելույթով հանդես եկավ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանը։ Իր ելույթում նա ասաց․ «Դատական իշխանության անկախությունը իրավական պետության հիմքն է, այն նպաստում է հասարակության վստահությանը, արդարադատության որակին եւ իշխանությունների հավասարակշռությանը։ Անկախ դատավորներն են ապահովում իրավունքի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության այն կարեւոր ուղիները, որոնք նպաստում են ժողովրդավար պետության կայացմանը»,- ասաց նա՝ նշելով, որ անկախության պահպանման գլխավոր երաշխիքը իրավական մշակույթն է․ «Ձեր վստահության քվեն ստանալու պարագայում ջանք ու եռանդ չեմ խնայելու՝ իմ գիտելիքները, փորձառությունը, հմտություններն ու կարողություններն իրենց ողջ ծավալով ներդնելու դատական համակարգի կայացման պետականամետ գործում»։ Անահիտ Աբրահամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
10:54 - 07 մայիսի, 2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ |factor.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Վարույթ հարուցած մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ինչը նշանակում է, որ դատավորներին վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտումը վերաբերում է դատավորի գույքային դրությանը, հայտարարագրին կամ բարեվարքությանը։  Մասնավորապես՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դեպքում իրավասություն ունի կարգապահական վարույթ հարուցելու։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն մայիսի 19-ին գործով դատական նիստ է նշանակել։ Փորձեցինք դատավոր Վահագն Մելիքյանից իր վերաբերյալ կարգապահական վարույթի մասին մեկնաբանություն ստանալ, սակայն դատավորի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Վերջինիս օգնականը մեզ հետ զրույցում փոխանցեց՝ դատավորը վարույթի վերաբերյալ որևէ ասելիք չունի։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:27 - 06 մայիսի, 2025
Մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է․ ԲԴԽ անդամի թեկնածու

Մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է․ ԲԴԽ անդամի թեկնածու

Հեռու եմ այն մտքից, որ մեր հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները։ Անկախ նրանից՝ դատական համակարգը համարում ենք անկախ եւ կայացած, թե դրա կայացման գործում լրջագույն խնդիրներ ենք դիտարկում, կարծում եմ՝ միանշանակ է միայն այն, որ յուրաքանչյուր ունի հստակ գիտակցում, որ մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է։ [․․․]»,- այս մասին այսօր ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության թեկնածու Արմենուհի Հարությունյանը։  «Որպես գիտակից եւ պատասխանատու մարդ՝ պարտավոր եմ համարում ներկայացնել ԲԴԽ անդամին հավակնելու իմ շարժառիթները, քանի որ հասականում եմ, որ դրա համար պահանջվող մասնագիտական որակները, կենսափորձն ու տարիների աշխատանքային ձեռքբերումները պետք է հիմք հանդիսանան այդ պատասխանատվությունը կրելու համար։ Իմ կյանքի 25 տարիները ես նվիրել եմ պետհամակարգում աշխատանքին, որից միայն 22-ը հենց արդարադատության նախարարությունում։ [․․․] Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ Հայաստանում ներդրել եմ իրավական փոխօգնության ինստիտուտի համապարփակ կարգավորումները։ [․․․] Գուցե ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, ոլորտից, երբեւէ իմ անունը չի ստվերվել որեւէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, կամ անգամ կասկածով, կամ նույնիսկ ակնարկով»։ Ինչպես նշեց թեկնածուն՝ ԲԴԽ-ն մի մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը։ Նա ասաց, որ բարձր է գնահատում այս մարմնի նշանակությունը մեր երկրում դատական իշխանության կայացման եւ զարգացման համար․ «Եւ դրա մաս կազմելը մեծ պատիվ եւ ահռելի պատասխանատվություն եմ համարում։ ԲԴԽ-ն այն տեղն է, որտեղ պատրաստ եմ ներդնել ջանքեր, ուժեր գիտելիք, կամք, ստանալ նոր որակներ, նոր փորձություններ հաղթահարել․․․»։
11:02 - 06 մայիսի, 2025
ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուն Արմենուհի Հարությունյանն է

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուն Արմենուհի Հարությունյանն է

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 4-օրյա նստաշրջանը։  Խորհրդարանն այսօր քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջարկել Արմենուհի Հարությունյանին։  ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրականը։ Թեկնածուն սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարանi Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, իրավագիտության մագիստրոս է, սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, դատավարական իրավունքի ամբիոնում։ 1999-2001թթ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, ապա սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, 2003-24թթ․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, 2025-ի փետրվարից ապրիլ եղել է «Սոֆտ Կոնստրակտ» ՓԲԸ ընկերությունների խմբի իրավաբանական տնօրենը։ 2022-24թթ․ Հարությունյանը եղել է Արդարադատության փոխնախարար։Ամուսնացած է, ունի երկու որդի։
10:20 - 06 մայիսի, 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով. փաստաբան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով. փաստաբան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Կալանքը բացառիկ խափանման միջոց է, եւ այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր: Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները եւ թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որը անշուշտ նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, Դատարանը ուներ բավարար հիմքեր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը վերջինս որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց ցավոք դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։ Ազատության իրավունքը սեւը սպիտակի վրա տպագրված երեւույթ չէ, այլ իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետեւաբար յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձեւով գնահատվեն»,-գրել է նա:  
15:15 - 02 մայիսի, 2025
Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք, տասնյակ քաղաքացիների օգտին դրսևորելով ապօրինի անգործություն, չեն արձանագրել վերջիններիս կողմից՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը և աջակցել են վարչական պատասխանատվությունից զերծ մնալուն, որի դիմաց որպես կաշառք նրանցից ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ իրավախախտման նշված դեպքերի վերաբերյալ վարչական վարույթներ չեն հարուցվել, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 5.250.000 ՀՀ դրամի վնաս: Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը: Իրենց օգտին ապօրինի անգործության համար պաշտոնատար անձանց կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած 9 անձանց նկատմամբ նախաքննության ընթացքում հարուցվել են քրեական հետապնդումներ: Վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:46 - 30 ապրիլի, 2025
Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց խոսել. դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել նրան զրկել ազատությունից |factor.am|

Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց խոսել. դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել նրան զրկել ազատությունից |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը: Դատավորը մասնակցում է նիստին: Միջնորդությունը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Երեկ հայտնել էինք, որ գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ։  Տվյալ դեպքում նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն։
11:00 - 30 ապրիլի, 2025
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ

Գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Գաբրիելյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացնում է, որ այսօր՝ 21։00-ին նշանակված նիստը հետաձգվել է նյութերին ծանոթանալու նպատակով։ Այն կշարունակվի առավոտյան՝ 09:30-ին։ Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Սա նշանակում է, որ նա չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ։ Տվյալ դեպքում նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր դատական նիստ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ քննչական գործողություններ իրականացնելու։ Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ավելի ուշ պարզեցինք, որ այդ գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Արտուշ Գաբրիելյանը պաշտոնավարում է 2003 թ․-ից։   Միլենա Խաչիկյան
22:02 - 29 ապրիլի, 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվել կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը․ «Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- մեր զրույցում նշեց Օհանջանյանը։ Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը պետք է դիմի Բարձրագույն դատական խորհրդին։ ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը, սակայն, սրա վերաբերյալ հրապարկման ենթակա տեղեկություն դեռեւս չունի, իսկ Դատախազություն մեր զանգերն այս պահին անպատասխան են։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր առավոտյան ընթանում էր դատական նիստ, որն ինչ-որ պահի անորոշ ժամանակով ընդմիջվեց․ պատճառն այն էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն էին եկել դատարան՝ իրականացնելու քննչական գործողություններ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։  Միլենա Խաչիկյան
16:26 - 29 ապրիլի, 2025
Քննչական գործողություններ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությամբ․ Շենգավիթի դատարանում լարված իրավիճակ է

Քննչական գործողություններ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությամբ․ Շենգավիթի դատարանում լարված իրավիճակ է

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս պահին լարված իրավիճակ է․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այստեղ քննչական գործողություններ են իրականացնում։ «Ինֆոքոմը» ներկա էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին, երբ այն 10 րոպեով ընդմիջվեց։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը տեղեկացրեց, որ շատ կարեւոր, անհետաձգելի զանգ է ստացել եւ դուրս եկավ նիստերի դահլիճից։ Րոպեներ անց դատարանի միջանցքից աղմուկի եւ իրարանցման ձայներ լսվեցին։ Դատավորի նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Քիչ անց պարզեցինք, որ քննչական գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Գործով տուժողները մեզ տեղեկացրին, որ նկատել են՝ ինչպես են քննիչները Գաբրիելյանին ուղեկցում այլ սենյակ։ Փորձեցինք մանրամասներ ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, որի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց միայն, որ քննիչները դատարանում իրականացնում են քննչական գործողություններ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Հաշվի առնելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը՝ դիմեցինք նաեւ ԲԴԽ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը եւս մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նորությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ դատաքննությունը։ Կատարվածից հետո որդեկորույս ծնողները մտահոգություն հայտնեցին, որ դատավորի հավանական փոփոխության դեպքում իրենց որդիներին առնչվող գործի քննությունը պետք է նորից սկսվի, մինչդեռ գործով քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետների լրանալուն մնացել է 6 ամիս։ Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումը վարույթ էր ընդունել։ 2024 թ․ սեպտեմբերին Արտուշ Գաբրիելյանը ենթարկվել էր նաեւ կարգապահական պատասխանատվության։ Բարձրագույն դատական խորհուրդը նրան հայտարարել էր խիստ նկատողություն։   Միլենա Խաչիկյան
13:05 - 29 ապրիլի, 2025
Դատավորի լիազորությունը 5 ձայնով դադարեցնելը հակասահմանադրական է. ՍԴ որոշումը՝ Արթուր Ստեփանյանի գործով

Դատավորի լիազորությունը 5 ձայնով դադարեցնելը հակասահմանադրական է. ՍԴ որոշումը՝ Արթուր Ստեփանյանի գործով

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի գործով որոշումը։ Արթուր Ստեփանյանն այն դատավորներից է, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր նախորդ տարի։ Ոորոշումը կայացվել էր Խորհրդի 5 անդամի քվեարկությամբ։ Դրանից հետո նախկին դատավորը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ իր լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է (քանի որ ԲԴԽ կազմը բաղկացած է 10 հոգուց՝ 5 դատավոր եւ 5 իրավաբան գիտնական), այլ՝ 5 կողմ ձայնով․ «Թեև դատական նիստին մասնակցել են 10անդամները, օգտվելով դատավորին վերապահված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հարցեր տալու, ինչը կարող էր ազդել նրանց դիրքորոշումների ձևավորման վրա, ձայների հաշվարկի հիմքում դրվել է 8-ը: Բացի այդ, ԲԴԽ-ն քվեարկությանը նիստին մասնակցած բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու հնարավորություն ունենալով, չի ստեղծել նման պայման, իսկ ձայների հաշվարկի նպատակով անտեսել է դատա-կան նիստին մասնակցած 2 դատավորներին, ինչը խախտում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ու 63-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով ԲԴԽ-ի կողմից նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պայմաններում դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է, այլ՝ 5 կողմ ձայնով»,- իր դիմումում նշել էր դատավորը։ Պատասխանող կողմը՝ ի դեմս Ազգային ժողովի, առարկել էր՝ նշելով, որ կոլեգիալ մարմիններում որոշումների կայացման համար միաձայնության պահանջն անխուսափելիորեն հանգեցնելու է որոշումների կայացման անհնարինության և տվյալ մարմնի գործունեության համար անհաղթահարելի խոչընդոտների․ «Բարձրագույն դատական խորհրդի պարագայում օրենսդիրը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսելով նիստին մասնակցող խորհրդի անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս քան խորհրդի անդամների առնվազն կեսի ձայնի առկայություն, գտել է, որ նշված քանակությամբ ձայների առկայությունը բավարար է Խորհրդի կողմից լեգիտիմ որոշում կայացնելու համար»։ Լսելով կողմերին՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդիրը պետք է նախատեսի այնպիսի կարգավորում, որը մի կողմից կբացառի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունման հնարավորությունը բացառապես 5 դատավորի կամ բացառապես 5 իրավաբան գիտնականների կողմ ձայներով, մյուս կողմից կերաշխավորի վերոնշյալ որոշման ընդունումը Խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն 6 կողմ ձայներով, քանզի Խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կազմված է 10 անդամից: «Մինչդեռ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված կարգավորման գործողության ուժով դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, արդյունքում՝ նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով կարող են դադարեցվել Խորհրդի համապատասխան որոշմանը Խորհրդի 5 անդամի կողմ քվեարկելու դեպքում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Խորհրդի՝ 10 անդամից կազմված լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթի գործողության պայմաններում Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունում գործածված «խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» ձևակերպումը չի տեղավորվում «մեծամասնություն» եզրույթի ներքո: Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը վերաբերում է Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալիս լիազորությունների իրականացմամբ որոշումների ընդունմանը, ինչն ավելի է ընդգծում վերոնշյալ օրենսդրական կարգավորման՝ սահմանադրականության առումով խնդրահարույց լինելը՝ առավել ևս այն պայմաններում, երբ Խորհրդի՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ դատարանակազմական լիազորություններ իրականացնելիս որոշումների ընդունման համար պահանջվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»,- ասված է որոշման մեջ։ Նշենք, որ այս որոշումը կարող է հիմք հանդիսանալ գործի վերանայման համար։ Ամբողջական որոշումը՝ այստեղ։   Միլենա Խաչիկյան
18:24 - 25 ապրիլի, 2025