civilnet.am: Առք ու վաճառքով զբաղվող շրջհարկ վճարողների 61,7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն։ Եթե վերցնենք այդ թիվը, ապա ստացվում է, որ օրը 27,000 դրամի առևտուր են անում մեր հայրենակիցները։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով շրջանառության հարկի բարձրացման թեմային։
«Մենք դրա համար հեղափոխություն չենք արել, որ խրախուսենք ստվերը։ Մեր հեղափոխական պարտավորությունները գնում ենք կատարելու։ 5 տարի կիսածնկաչոք աղաչել ենք»,- ասել է վարչապետը։
Կառավարության որոշմամբ՝ 2025-ի հունվարի 1-ից շրջանառության հարկը բարձրացել է՝ 5 %-ի փոխարեն՝ 10%։
Փաշինյանը ներկայացրել է կառավարության կատարած տնտեսական հաշվարկները և եզրակացրել, որ տարեկան 10 մլն դրամի շրջանառություն ցույց տվող բիզնեսները պետք է փաստացի գոյություն չունենային։
«Նրանք տարին վճարում են 500,000 դրամ հարկ։ Ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար»,- ասել է Փաշինյանը։
Վարչապեստի խոսքով, եթե քաղաքացին իր ապրանքներն օրինական գրանցի, ապա հարկերը կնվազեն մինչև 1 %:
«Մեր նպատակն ինչ-որ մեկին վնաս տալը չէ, այլ՝ հակառակը»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից պետք է հրաժարվել։
Հարկային նոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025-ի հունվարի 1-ից, էականորեն փոխել են փոքր և միջին բիզնեսի հարկման կարգը։ Եթե նախկինում գործարքների համար ՓՄՁ-ները վճարում էին շրջանառության 5% հարկ, ապա այժմ այն կրկնապատկվել է՝ 10%։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը խթանում է բիզնեսի թափանցիկությունը՝ փաստաթղթավորված գործարքների համար նվազեցնելով հարկի դրույքաչափը 1,5%-ից մինչև 1%։ Այս կարգավորումները վերաբերում են այն ընկերություններին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։
comment.count (0)