«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով
13:53 - 19 փետրվարի, 2025

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմի հետ մարտական առաջադրանքի մեկնած փոխգնդապետ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ուղեկցող Արման Նուրիջանյանին ճանապարհին առնվազն չորս անգամ հարցրել է՝ գիտի՞, թե իրենց ուր է ուղեկցում, ինչին վերջինս դրական է պատասխանել, մինչեւ անգամ վրդովվել, թե՝ գիտեմ էլի, իմ ամեն օրվա ճանապարհն է․ «Ու ամեն պահ սպասում էի, որ հեսա կերեւա ոստիկանական հենակետը, կկանգնի»,- դատարանում նշեց նա։

Արման Նուրիջանյանը, սակայն, ավելի վաղ հայտարարարել էր, թե իրեն ոչ ոք չի ասել՝ մինչեւ ուր պիտի ուղեկցի զորքին․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք՝ սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։

Այսպես մեկը մյուսի հրահանգին սպասելով՝ անցել են սահմանված վայրը՝ Կիրի հանքի մոտակայքում տեղակայված ոստիկանական հենակետը՝ փոխարենը հասնելով դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական (Զանգելան) քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ 

62-հոգանոց անձնակազմից 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ 

Փնջոյանի խոսքով՝ զորքը պատշաճ սպառազինված չի եղել 

Ներկայանալով դատարանին՝ վկա Ռաֆայել Փնջոյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է Էջմիածնի քիմիկների զորամասում՝ որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետ։ Հոկտեմբերի սկզբին տեղեկացել է, որ զորամասի անձնակազմը պատրաստվում է մեկնել Մեղրի, եւ ցանկություն է հայտնել միանալ նրանց․ «Գտնում էի, որ նախարարությունում ոչ մի բանով չեմ կարողանում օգնել, դրա համար առիթ է եղել զորամասի հետ ներգրավվելու ինչ-որ խնդիրների կատարման մեջ, ոչ մի ղեկավար պաշտոն չեմ զբաղեցրել, զուտ գնացել եմ իմ ծառայակից ընկերոջը (նկատի ունի մեղադրյալ Աբգարյանին,-հեղ․) ինչ-որ մի ձեւ օգնելու եւ մասնակցություն ունենալու մարտական գործողություններին»։ 

Օրեր անց՝ հոկտեմբերի 20-ին, երբ արդեն Կապանի զորամասում են եղել, տեղեկացել է, որ հաջորդ օրը մարտական առաջադրանք է սպասվում՝ իրականացնել հակառակորդի ներթափանցած տարածքի սանրման աշխատանքներ Կովսականում։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ ինքը երբեւէ մասնակցե՞լ էր սանրման աշխատանքների, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ուսումնառությունից գիտի, թե դա ինչ է․ «Պատվարժան դատարան, որպես այդպիսին, սանրման աշխատանքներ իրականացնում են որոշակի գործողություններից հետո ողջ մնացած կամ վիրավոր կամ թաքնված հակառակորդին հայտնաբերելու, գերեվարելու կամ ոչնչացնելու համար»։ 

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը

Այդ օրը Անդրանիկ Մակարյանն անցկացրել է խորհրդակցություն, որին վկան չի մասնակցել․ «Խորհրդակցությունից հետո փոխգնդապետ Աբգարյանը վերադարձել է մեր աշխատասենյակ, եւ մինչեւ ուշ երեկո քննարկել ենք առաջիկա գործողությունների բնույթը եւ կատարվելիք աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ պետք է գնանք որոշակի բնագիծ, այնտեղ կանգնենք, սպասենք գեներալ Մակարյանի հետագա ցուցումներին․ եթե անհրաժեշտություն լինի առաջ շարժվելու, այդ պահին առաջ շարժվենք, եթե չէ, անցնենք պաշտպանության»։

Հարցին՝ քարտեզներ եղե՞լ են, որոնց վրա պատկերավոր տեսել են տեղանքը, վկան բացասական պատասխանեց՝ հավելելով, որ քննարկումը եղել է միայն բանավոր։

Պատասխանելով զորքի սպառազինության վերաբերյալ հարցին՝ վկան հայտնեց, որ ունեցել են ինքնաձիգներ, սաղավարտ, զրահաբաճկոն կեսից քիչն է ունեցել, իսկ նռնակ, գնդացիր ընդհանրապես չի եղել։

Ըստ վկայի՝ ճանապարհին ոստիկանական հենակետ հիշեցնող ոչինչ չի եղել

Առավոտյան, երբ հավաքվել են մշտական տեղակայման վայրում, ուղեկցողը ուշանալիս է եղել։ Որոշվել է սպասել, մինչեւ գա․ «Ուղեկցողը եկել է, մեզ անծանոթ մարդ է եղել՝ քաղաքացիական հագուստով, քաղաքացիական մեքենայով․․․ Միասին քննարկել ենք եւ որոշել, որ ես նստեմ ուղեկցողի մեքենան, որ հեռախոսով կապի մեջ լինենք, որ այդքան մարդու պատասխանատվություն չմնա իր վրա, ու վստահելի լինի էլի»։ Ըստ վկայի՝ ռադիոկապ եւս չեն ունեցել։

Այդ ժամանակ ուղեկցողը եղել է գյուղապետի վարորդ Համբարձում Փարամազյանը․ «Ճանապարհին հարցրել եմ՝ գիտի՞՝ ուր ենք գնում, ասել է՝ հա, գիտեմ, բայց ես ձեզ մինչեւ այս ինչ կետն եմ ուղեկցելու, դրանից հետո այլ մարդ է ուղեկցելու»։

Այլ մարդն էլ հենց հիշյալ Արման Նուրիջանյանն է, որը, ըստ վկայի, նույնպես եղել է քաղաքացիական հագուստով եւ մեքենայով եւ նույնպես նշել, որ գիտի, թե ուր է ուղեկցում․ «Ճանապարհին կամ ես էի հարցնում՝ այս ինչ է, այն ինչ է, կամ ինքն էր ասում՝ սա սա է, սա սա է եւ այլն։ Այդպես թվարկելով՝ հասել ենք հանքի մոտ, հարցրել եմ՝ ավազի՞ հանք է, ասել է՝ ոչ, կիրի»։ 

- Իսկ եթե դուք գիտեիք, որ ձեր տեղանքը Կիրի հանքի մոտակայքում է, եւ դա էր հանքը, զորամասի հրամատարին ինչո՞ւ չտեղեկացրիք, որ հասել եք հանք,- հարցրեց մեղադրողը։ 

- Նա ասել էր, որ դրա մոտակայքում ռազմական ոստիկանության հենակետ է լինելու, ոնց որ վերջին պոստն էր, այդտեղ են կանգնելու, ու ամեն պահ սպասում եմ, որ հեսա կլինի այդ հենակետը, կկանգնենք․․․ Այդտեղ ուղեկցողին կրկնակի հարցրել եմ՝ գիտես, չէ՞, ուր ենք գնում։ Ասել է՝ հա, գիտեմ,- պատասխանեց վկան։

Վկայի խոսքով՝ ճանապարհին նույնիսկ կանգնել են, մի ոստիկանի վերցրել՝ նրա ուզած վայրում իջեցնելու համար․ «Ասաց՝ տանենք, մի քիչ այն կողմ իջեցնենք, դա է եղել, ուրիշ ոչ մի խոսակցություն։ Ես, համենայն դեպս, չեմ ճանաչել նրան, ոչ էլ այդ հարցի մեջ խորացել եմ, թե ով է, ինչ է, ինչի է նստում, ինչի է գնում, քանի որ մեզ պատկանող տարածքում է եղել, ու ոստիկանական հագուստով, ոչ մի կասկած չի հարուցել»։ Մի քանի մետր գնալուց հետո կանգնել են, որ ոստիկանն իջնի։ Այս դրվագի վերաբերյալ դատախազը նշեց․

- Դատաքննության ընթացքում հարցաքննել ենք այդ հենակետում ծառայություն իրականացնող ոստիկանին՝ Զախար Մինասյանին։ Վերջինս ցուցմունք է տվել, որ հենակետում պիտի մեքենաների անցումն ապահովեր, նստել է մեքենան, որ խնդիր չլինի (ըստ ամենայնի, նա է եղել մեքենան նստած ոստիկանը,-հեղ․)։

- Պատվարժան դատարան, այդ տեղանքով, որ գնացել ենք, հենակետ հիշեցնող ոչ մի բան չի եղել՝ ոչ արգելափակոց, ոչ ինչ-որ կրակակետ։ Ինքը նստել է հետեւը, չեմ կարող ասել՝ ինչով է իր հետեւը նստելը ապահովել անցումը հենակետով։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, որ ինքը միջամտեր, հաղթահարվեր, այսինքն՝ ոչ ոք ճանապարհը չի փակել, որ ինքը ասեր՝ ես եմ մեքենայի մեջ, բացեք, անցնենք,- ասաց վկան։ 

Նրա խոսքով՝ ոստիկանի իջնելուց մոտ հինգ րոպե հետո հասել են բնակավայրի նմանվող մի տեղ, հարցրել է՝ այս ի՞նչ է, ուղեկցող Նուրիջանյանն ասել է՝ Զանգելանի քաղմասն է, կողքը դպրոցն է․ «Ասել եմ՝ կանգնի, շատ ենք եկել, այսքան չպիտի գայինք, ասել է՝ դե, պիտի ռազմական ոստիկանության պոստ լիներ, այդ պոստը չկար, հա էդ պոստին սպասելով, որ հեսա-հեսա կլինի՝ եկել հասել ենք այստեղ»։

Մեղադրող Դավիթ Նավասարդյանը մեջբերեց Արման Նուրիջանյանի խոսքերը, թե՝ եթե իմանար, որ պիտի հենակետում կանգնեին, բնականաբար, այդտեղ կկանգներ, ինչո՞ւ պիտի մինչեւ Զանգելան քշեր։ Նա խնդրեց պարզաբանել այս հակասությունը։

- Պատվարժա՛ն դատարան, ճանապարհին ոչ մի շփոթվելու տեղ չկա, մի ճանապարհ է, գնում է գետի կողքով։ Եթե ոստիկանական պոստը լիներ, ես էլ կասեի՝ այդտեղ կանգնի․․․ Բայց ինքն էլ գիտեր՝ ուր պիտի գնանք, ոչ թե ճանապարհը պիտի ցույց տար, այլ գիտեր՝ ուր պիտի գնանք։

Վկա Փնջոյանը պատմեց, որ արագ իջել է մեքենայից, ձեռքով նշան արել, որ մյուսներն էլ կանգնեն, եւ մոտենալով Արսեն Աբգարյանին՝ ցույց է տվել, թե ուր են հասել, ինչքան շատ են եկել։ Անձնակազմն էլ, մտածելով, որ հասել են սահմանված վայր, սկսել է իջնել ավտոբուսներից, եւ քանի որ կողքի սարից արդեն գոռոցներ, շան հաչոցներ են լսվել, Աբգարյանը հրահանգել է դիրքավորվել ճանապարհի ձախ մասում, որտեղ անտառային հատված էր եւ կիսաքանդ շինություններ, մինչեւ հասկանան՝ լսվող ձայները յուրայի՞ն զորքերից են, թե՞ հակառակորդի․ 

«Անձնակազմը դիրքավորվելու ընթացքում է եղել, երբ սարի վրայից սկսել է հրաձգություն։ Ու մեր կողմից սկսվել է պատասխան կրակ։ Այդ ինտենսիվ փոխհրաձգությունը տեւել է մոտ 15 րոպե կամ մի քիչ ավելի-մի քիչ պակաս։ Ու խումբը ոնց որ կիսվել է երկու մասի․ մի մասը Աբգարյանի հետ եղել է անտառի հատվածում, մյուս մասը իմ հետ՝ կիսաքանդ շինությունների մոտ։ Հետո արդեն սկսել է Կովսական բնակավայրի կողմից զրահատեխնիկայի եւ հետեւակի առաջխաղացում։ Դրանից հետո ավելի մանրամասն դրվագ առ դրվագ չեմ կարող ասել՝ ով ինչ արեց, ով ինչ չարեց, որովհետեւ իրավիճակը անկառավարելի էր դարձել»։ Հակառակորդի թիվը, վկայի տպավորությամբ, հասնում էր 100-150-ի։

Տուժողների իրավահաջորդները

- Դիրքավորվելու հրաման եղե՞լ է,- հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։

- Աբգարյանն է տվել, ասել է՝ դիրքավորվեք ճանապարհի ձախ մասում, մինչեւ ավտոբուսները կշրջվեն, որ տեղանքից դուրս բերենք, բայց ում մոտ որտեղ բնական թաքստոց է եղել, ամեն մեկը, ժամանակ չկորցնելու համար, այդ տեղանքում է դիրքավորվել, այդ թվում ես՝ քանդված շինությունների մոտ

- Աբգարյանը ասել է՝ դիրքավորվե՞ք թե՞ ոնց ուզում եք, փախեք։

- Ասել է՝ դիրքավորվեք, մինչեւ ավտոբուսները շրջվեն։

Պատսպարված վիճակում վկան երկու այլ զինծառայողի է հանդիպել, հրահանգել, որ գնան, զորամասին տեղեկացնեն՝ օգնություն է պետք․ «Այդտեղ ինձ ոնց որ հանդիպել են երկու հոգի, մեկը՝ մեր զորամասից, մեկը՝ Մասիսի 12-հոգանոց խմբից, ում չէի ճանաչում։ Իրենց հրահանգ եմ տվել, որ վազեն Կապանի ուղղությամբ, իմաց տան մոտակա հենակետերին, որ այսպիսի բան է տեղի ունեցել, եւ նորից շարժվել եմ դեպի նպաստավոր դիրք, որպեսզի շարունակեմ մարտը»։ Վկայի խոսքով՝ ամեն րոպե սպասել են օգնության, բայց այն այդպես էլ չի հասել։ Մնացել են թաքստոցներում, որովհետեւ փամփուշտներն արդեն վերջացել էին։ Իր դիմացի թաքստոցում եղել են Ադոյանի որդին եւ սպա Բադեյանը։ Վկայի խոսքով՝ սկզբում նրանց ձայները լսել է, բայց ինչ-որ պահից այլեւս չի լսել, եւ քանի որ ուժեղ պայթյուն չի եղել, ենթադրել է՝ նրանց հաջողվել է դուրս գալ։ Նրանք, սակայն, մինչ օրս անհետ կորած են։

Լույսը բացվելուն պես՝ Աբգարյանի հետ խորհրդակցել են եւ որոշել շարժվել գետին հակառակ ուղղությամբ։ Սողեսող գնացել են, հասել եղեգների դաշտ․ «Տեղ-տեղ մառախուղը բարձունքը փակում էր, օգտվելով այդ հանգամանքից՝ արագ շարժվում էինք։ Երբ բացվում էր, թաքստոց էինք մտնում։ Այդպես շարունակել ենք ճանապարհը, դուրս եկել այդ բարձունքի տեսանելիության դաշտից եւ արդեն ազատ շարժվել գետի կողքով»։

Ճանապարհին հանդիպել են յուրային այլ ստորաբաժանման, որի հետ էլ հաջողվել է հասնել Կապան։

Անահիտ Ադոյանը նաեւ հետաքրքրվեց՝ թաքստոցում եղած ժամանակ կողմնակի որեւէ մեկին հանդիպե՞լ է կամ ձայներ լսե՞լ է, որ ինչ-որ մեկը եկել, իրենց է փնտրել։ Վկան բացասական պատասխանեց․

- Իսկ որ ասեմ՝ գնդապետ Մանուչարյանը եկել է․․․,- ասաց Անահիտ Ադոյանը։

- Մեր մոտ մարդ չի եկել, խոսակցություն չեմ ունեցել իր հետ, չեմ էլ իմացել, որ էդտեղ եղել է, ի՞նչ օգնություն ցուցաբերելու է եկել, չեմ իմացել,- պատասխանեց վկան։

Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննված գնդապետ Արարատ Մանուչարյանը, որը Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետն էր, պատմել էր, որ իմանալով, որ զորքի հետ կապը կորել է, գնացել է նրանց հետեւից․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշել էր վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե նա միայնակ 5-6 ժամ ինչ պետք է աներ այդտեղ, այն էլ՝ առանց համապատասխան տեխնիկայի։

Մանուչարյանի հարցաքննությունը պետք է շարունակվեր երեկ, սակայն դատարանը հայտնեց, որ նա ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ բուժման նպատակով մեկնել է արտերկիր։

Վարչության պետի որդու՝ ծառայության վայրից մեկնելու ժամկետների մասին վկան տեղյակ չէր

Այս քրեական գործի շրջանակում մեղադրվում են նաեւ 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։

Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկա Ռաֆայել Փնջոյանից հետաքրքրվեց՝ վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանը Արսեն Աբգարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ուներ։ Ի պատասխան՝ վկան ասաց․ «Պատվարժան դատարան, իմ ծառայության ընթացքում վարչությունում բազմիցս  եղել է, երբ ծառայողական հարցերի շուրջ գնացել եմ վարչություն, զեկուցել եմ վարչության պետին այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, վարչության պետը Աբգարյանին դիտողություններ է արել։ Չեմ կարող ավելին ասել, թե ինչ հարաբերություն է ունեցել, բայց ըստ իս՝ ծառայողական»։

Փնջոյանը հայտնեց, որ Մեղրիում գտնվելու ժամանակ Գեւորգ Նշանյանին տեսել է, սակայն Կապանում՝ այլեւս ոչ։ Չի ճշտել, թե որտեղ է, իրեն հետաքրքիր էլ չի եղել, միայն լսել է, որ ինչ-որ ազգականի փնտրելու թե հուղարկավորելու հարցով թույլատրվել է գնալ։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք այդ թույլտվությունը անժամկետ էր, վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, բայց որպես կանոն, անժամկետ չի լինում։ Նշանյանի մեկնումը փաստաթղթավորվել է, թե ոչ՝ վկան չգիտեր, ասաց՝այդ գործընթացը վերահսկելու պարտավորություն չի ունեցել։

 

Գլխավոր լուսանկարում՝ վկա Ռաֆայել Փնջոյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել