Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ընթացքում երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հանդես է եկել հայտարարությամբ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:
«Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:
Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՖՖ-ն կոչ է անում երկրպագուներին զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դրանք վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով։ Երկրպագուներն ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները տեղեկացրել են՝ այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին։
comment.count (0)