Տնտեսվարողներին տուգանում են ՀԴՄ չունենալու համար, թեև նրանք ՀԴՄ գնելու համար վճարումներ են կատարել |hetq.am|
13:48 - 26 օգոստոսի, 2019

Տնտեսվարողներին տուգանում են ՀԴՄ չունենալու համար, թեև նրանք ՀԴՄ գնելու համար վճարումներ են կատարել |hetq.am|

hetq.am։ Մի շարք տնտեսվարողներ օրեր շարունակ սոցիալական ցանցերով բարձրաձայնում են հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման խնդիրների մասին։ Նրանք բողոքում են, որ ամիսներ առաջ ՀԴՄ ձեռք բերելու համար դիմել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ», վճարում կատարել, սակայն մինչ օրս ՊՈԱԿ-ից սարքը չեն ստացել, իսկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրենց տուգանում է՝ ՀԴՄ սարք չունենալու պատճառով։

Նման իրավիճակում է հայտնվել նաև տնտեսվարող Մարիաննա Խաչատրյանը։ Օգոստոսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեն Մարիաննային տուգանել է 300 000 դրամով՝ ՀԴՄ սարք չունենալու համար։

Վերջինս  պատմեց, որ ՀԴՄ սարք գնելու համար հուլիսի 5-ին դիմել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, կատարել 10 000 դրամ վճարում, մինչ օրս ամսական 5000 դրամ վճար է փոխանցել, թեև ՀԴՄ սարքը ՊՈԱԿ-ից դեռևս չի ստացել։

Առցանց երկու անգամ ստուգել է ՊԵԿ կայքը, որում գրված է եղել, որ նրա հերթը դեռևս չի հասել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեցած ապրանքը սեզոնային է՝ մանկական շորեր է վաճառում, սկսել է դրանք վաճառել և օրեր առաջ ՊԵԿ տեսուչները ստուգիչ գնում են կատարել խանութում և տուգանել Մարիաննային՝ ՀԴՄ սարք չունենալու համար։

«Իրենք ասացին՝ գնացե՛ք, ուրիշ տեղից գնե՛ք, մենք պարտավոր չենք ձեզ ՀԴՄ տրամադրել։ Ես ասացի՝ եթե պարտավոր չեք, ինչի եք ձեր վրա վերցնում, խոստանում, որ դուք մատչելի գնով ՀԴՄ կբերեք։ Պարտավոր չեք, մարդկանց ասե՛ք՝ գնացեք, գտե՛ք ձեր համար ՀԴՄ, մենք էլ մեր գլխի ճարը կտեսնենք։ Կամ չենք աշխատի, կամ կհասկանանք՝ թանկ գնով մեզ ձե՞ռ է տալիս գնել ՀԴՄ այդ սարքը, թե ոչ։

Եթե իմ խանութում ընդամենը 150 հազար դրամի ապրանք է, ես ամբողջ ամսվա ընթացքում 20 000 ապրանք եմ վաճառել, որը թղթի վրա մանրամասն գրել եմ, որ վճարել եմ այսքան դրամի ապրանք, տոկոսն՝ այսքան, եռամսյակի վերջում պետք է այսքան վճարեմ պետությանը։ Իրանք չեն տրամադրել ՀԴՄ սարքը, բայց ես մեծ սիրով պատրաստ եմ իրենց հարկերը վճարելու»։

Մարիաննան բողոքարկելու է տուգանքի որոշումը։

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 2017 թվականի մի որոշում ունի, որով անվավեր է ճանաչել ՊԵԿ-ի՝ Ա/Ձ Կարեն Մակարյանի տուգանքը։ Մակարյանը բողոքարկել էր ՊԵԿ-ի՝ ՀԴՄ սարք չունենալու տուգանքը։

Վերջինս «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում 60 000 դրամ վճարել էր՝ ՀԴՄ գնելու համար, սակայն հայտնել էին, որ ՊՈԱԿ-ում այդ պահին ՀԴՄ չկա, ստանալու դեպքում անմիջապես կտրամադրեն, այնինչ հետագայում ՊԵԿ-ը տնտեսվարողին տուգանել էր ՀԴՄ չունենալու համար։

Գանգատարկման հանձնաժողովը մասնավորապես հայտնել էր, որ Ա/Ձ Կարեն Մակարյանի մեղքը բացակայում է, քանի որ նրա կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ՀԴՄ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն ՀԴՄ այդպես էլ չի հաջողվել ստանալ, քանի որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ում այն առկա չի եղել։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել