Առաջարկում ենք՝ մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացված եկամուտը ևս 3 տարի եկամտային հարկով չհարկվի. Թունյան
 |1lurer.am|
12:11 - 05 մարտի, 2025

Առաջարկում ենք՝ մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացված եկամուտը ևս 3 տարի եկամտային հարկով չհարկվի. Թունյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հակիրճ ներկայացնելով նախագծի բովանդակությունը՝ Թունյանը հիշեցրեց՝ 2020-ին իր պատգամավոր գործընկերների՝ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ ցուցաբերել են օրենսդրական նախաձեռնություն և մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից, ինչպես պետական պարտատոմսերի դեպքում է: Նպատակը կապիտալի շուկան զարգացնելն էր և խթանելը:

Նրա խոսքով՝ արտոնությունը ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով և լրացել է 2024-ի դեկտեմբերի 31-ին:

«Այս ընթացքում շուկայում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, թողարկվող թղթերի ծավալը բազմապատկվել է, աճել անգամներով: Այն, որ այս արտոնությունը սրանում դեր է խաղացել, միանշանակ է: Դրա մասին վկայում է այն փաստը, որ ներկայումս շատ ընկերություններ մինչև այդ արտոնության ավարտվելը դիմում էին մեզ և հարցնում՝ արդյոք արտոնությունը երկարացվելու է, թե ոչ, որպեսզի պլանավորեն՝ հետագայում իրենք թողարկումներ անեն, թե չէ: 

Այժմ մենք առաջարկում ենք, որպեսզի ևս երեք տարի արտոնյալ ժամանակահատված սահմանենք, և մասնավոր ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերից ստացված եկամուտը ևս երեք տարի եկամտային հարկով չհարկվի: Սա է փոփոխության նպատակը: Նպատակ ունենք նաև հետադարձ բարելավող ուժ տալ, այսինքն՝ սա կտարածվի հունվարի 1-ից հետո թողարկումների վրա: Սա լավ առիթ է, որ մեզ լսող ընկերությունների ներկայացուցիչները նաև իրենց համար որոշակի կանխատեսելիություն ունենան»,- պարզաբանեց պատգամավորը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված գործող արտոնությունների ժամկետները:

Բաբկեն Թունյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել