armenpress.am: Մայրաքաղաքում քաղաքապետարանի ջանքերով 2024 թվականին աղբահանության բնագավառում աշխատանքներ իրականացվել են, սակայն հիմնական նպատակը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ աղբի վերամշակման և աղբահանության աշխատանքների էկոհամակարգ կառուցելն է։
Այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
«Բնապահպանության վարչության հետ համագործակցությամբ նախապատրաստում ենք ներդրումային ծրագիր, որի շուրջ բանակցում ենք միջազգային դոնոր կառույցների հետ։ ՀՀ կառավարության հետ պետք է սկսենք մեր երկխոսությունը, որպեսզի մեր ծրագիրը հավանություն ստանա և դրա համար ռեսուրսներ հատկացվեն»,-ասաց նա։
Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն էլ ընդգծեց, որ նպատակահարմար են գտնում ունենալ սանիտարական աղբավայր ոչ այն մեծ ծավալով, որը հիմա է գործում։ Նրա խոսքով՝ հիմնական շեշտը դնելու են բնապահպանական և ամբողջ աշխարհում այս պահին ընդունված աղբի վերամշակման կայանի ներդրման վրա, որոնց հիմնական մասն աշխատում է աղբից էներգիա ստանալու ուղղությամբ։
«Նախնական շուկան ուսումնասիրելու համար հայտարարել էինք հայտերի ընդունման մրցույթ, ստացել էինք 12 առաջարկ, որոնցից իրապես յոթն էին բավարարում մեր նախանշած պայմանները, բայց, քանի որ սա մասնավոր-համայնք համագործակցության մասին է և տևական աշխատանք է ենթադրում, ապա առաջնորդվելու ենք երկփուլ մրցույթի հայտարարմամբ, որտեղ նախատեսված և ապահոված կլինեն թե՛ ներդրողի, թե՛ պետական հատվածի՝ համայնքի բոլոր շահերը։ Առաջիկայում հանրությանը կներկայացնենք, թե ինչ փուլում ենք»,-եզրափակեց Հայկազյանը։
comment.count (0)