news.am։ Աբովյան 22 Ա հասցեի շենքի հարակից տարածքի բնակիչները դժոգում են քաղաքապետարանից, որն այդ տարածքում 12 հարկանի շենքի կառուցման շինթույլտվություն է տվել։ Նրանք այսօր՝ օգոստոսի 27-ին, իրենց բակում բողոքի ակցիա էին կազմակերպել, ակցիային ներկա էր նաեւ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
Բնակիչներից մեկը հայտնեց, որ շինհրապարակի մեջ են մտցրել նաեւ իրենց շենքի նրբանցքը.
«Ամսի 17-ին ստացվել է շինարարության թույլտվությունը, եւ նույն ամսաթվին ստացել են գծագրման իրավունք։ Գնացեք Օպերայի տակի եւ Հյուսիսային պողոտայի կայանատեղին նայեք, դատարկ է։ Մեքենա չի կանգնում, մեզ կայանատեղի պետք չի։
Մեր ամենակարեւոր արժեքը մեր երեխաներն են, իրենց պետք է մաքուր օդ, կանաչ տարածություն։ Եթե դուք մտածում եք մեր երեխաների մասին, ապա սարքեք այգի, թող մեր երեխաներն այնտեղ խաղան։ Մինչեւ ընտրությունները, երբ հանդիպեցինք Կենտրոնի թաղապետի հետ, երբ մենք խոսեցինք շենքի մասին, ասացինք՝ մենք բողոքում ենք, չենք ուզում այդ շենքը կառուցվի, ասաց՝ լավ, կծանոթանամ, կխոսենք»։
Բնակիչներից մեկն ասաց, որ հանրային լսում չի արվել, իրենք խնդրել էին, որ բարձրահարկ շենքի փոխարեն կառուցվի 2-3 հարկանի մանկապարտեզ, սակայն այն չի կառուցվել.
«Հիմա պարզվեց, որ մենք խնդրել ենք 14 հարկանի շենք կառուցվի, որի առաջին 2 հարկը լինի մանկապարտեզ։ Մենք այդպիսի լավություն չենք ուզում։ Մեր բակը ծանրաբեռնված է տարբեր շինություններով, եթե մի շինություն էլ դնեն, ուրեմն այստեղ ապրել հնարավոր չի լինի։ Նորմատիվներ կան, որոնք խախտված են։ Մենք դիմելու ենք դատարան»։
Բնակիչներից մեկն ասաց, որ իրենք արդեն դիմել են ՄԻՊ-ի գրասենյակ.
«ՄԻՊ-ից զանգահարել են Մեսչյանին, ասել են՝ ինչո՞ւ եք թույլտվություն տվել, ասել է՝ դուք չեք պատկերացնում, թե ինչ գեղեցիկ նախագիծ է, դա պետք է իրականացնել քաղաքի կենտրոնը թեթեւացնելու համար։ Եթե շենք եք կառուցում, թեթեւացնո՞ւմ եք, թե՝ ծանրացնում։ Մանկապարտեզի անունի տակ մեզ էշի տեղ են դնում։ Ամեն ընտանիքից 1 հոգի կա այստեղ, որ բողոքում է։
Պարոն Մեսչյանը երբ դարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետ, ասաց, որ Կենտրոնում թույլ չեն տալու բազմաբնակարան շինությունների առկայություն: Ասում են՝ շենքի ներքեւը պետական մանկապարտեզ է լինելու: Ուրիշ տեղ մանկապարտեզը փակում են, բայց որոշում են այս նեղ փողոցում բացել:
Պետական մանկապարտեզով փորձում են մեզ խաբել: Նոր Կենտրոնի թաղապետարանից հայտնեցին, որ ավտոտնակներն էլ ուզում են քանդել ու սիրուն բակ սարքել, միգուցե սիրուն բակը սարքեին, նո՞ր ուրիշ հարցերից խոսեին: Պահանջում ենք, որ շինաշխատանքները դադարեցվեն, հասկանանք, թե ի՞նչ հիմքերով են թույլտվությունը տվել: Մենք դիմել ենք կառավարություն, փորձագետ ենք ցանկանում ներգրավել, որ կարծիք հայտնի։ Կողմ ենք, որ բարենորոգեն, բայց ոչ՝ իմ տունը քանդելու հաշվին»։
Բողոքողներից մեկը պատմեց, որ 2017 թվականին շենքի բնակիչներից հարցումներ են արվել, սակայն իրենք տեղյակ չեն եղել. «Մարդիկ կան նայում են, ասում են՝ մենք չենք ստորագրել։ Եթե ձեզ բերեն՝ կստորագրեք, չէ՞որ բարեկարգում են»։
Բնակիչների հետ բանակցում էր Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Նա հավաստիացրեց, որ շենքին վնաս չի կարող հասցվել, եւ որեւէ անօրինականություն չկա: Ներկայացրեց կառուցապատման ծրագիրը, ըստ որի կառուցապատող Լեւոն Օրդուխանյանը պատրաստ է 12 հարկանի բազմաբնակարան շենքի 1-ին հարկը անհատույց տրամադրել պետությանը՝ որպես մակապարտեզ, նաեւ պարտավորություն է ստանձնել բակի բարեկարգումն իրականացնել:
«Այս բակը մեծ է, մոտ 5-6 հեկտար է: Կառուցապատողը հանձն է առել բարեկարգել բոլոր 4 բակերը: Քննարկում ենք տրանսպորտի հարցը, որ Թումանյան փողոցը, օրինակ, ամբողջությամբ լինի միակողմանի: Վերեւում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կան, կառուցապատողը պատրաստ է այնպես անել, որ միանգամից բնակիչը դուրս գա Սայաթ-Նովա փողոց: Մենք փորձում ենք զարգացնել քաղաքը, բարեկարգել։ Մենք Կենտրոնի գրեթե բոլոր բակերում ունենք այս խնդիրը։
Մեկը մի սեփական տուն է առել, մեկը ժամանակին 4 հատ անօրինական ավտոտնակ է կառուցել։ Պետք է լիներ 18 հարկ, բայց լինում է՝ 12։ Այս բակի ամենամեծ խնդիրն այն է, որ ինքը սարսափելի մեծ բակ է, մոտավորապես 5-6 հեկտարանոց»,- ասաց Մնացականյանը։
comment.count (0)