ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
«Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, փոխնախարարներ, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ, հրավիրյալներ:
Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նման թեմայով լսումներ կազմակերպվել են քննարկումների արդյունքում: Ներկայացնելով ճանապարհային պատահարների վիճակագրական տվյալները՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ՝ տարեկան կտրվածքով միջինում ամեն օր մեկ մարդ մահանում է, 16-ը՝ ստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ պատահարների պատճառներն ընդգրկում են ինչպես ոլորտի կառավարման ու ենթակառուցվածքային բացերը, այնպես էլ երթեւեկության մասնակիցների անբավարար տեղեկացվածությունն ու պատասխանատվության պակասը: Նա կարեւորել է հանրակրթության ոլորտում երթեւեկության մշակույթի եւ վարքագծի ձեւավորման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է ճանապարհային պատահարների վրճակագրական տվյալները, նշել, որ 2024 թվականին տեղի է ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ՃՏՊ. զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը:
«Միայն 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է զոհերով կամ վիրավորներով 988 ՃՏՊ, որի հետեւանքով գրանցվել է 60 զոհ եւ 1391 վիրավոր: Կարելի է ասել, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70 հազար վիրավոր, եւ չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2000-3000-ը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն»,- ընդգծել է զեկուցողը:
Անդրադառնալով պարեկային ծառայության ստեղծմանը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ դա ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում կարեւոր ինստիտուցիոնալ փոփոխություն էր, որն էական ազդեցություն է ունեցել ոչ միայն երթեւեկության վերահսկման, այլ նաեւ հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման վրա: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով վերջին տարիներին պետությունն էական փոփոխություններ է իրականացրել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների տրամադրման ոլորտում: «Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը: Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերն էականորեն նվազել են: Այսօր, առանց համապատասխան գիտելիքների, գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք»,- նշել է Արմեն Խաչատրյանը:
Բանախոսն ընդգծել է, որ ոլորտը կարիք ունի միասնական կառավարման, որի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական դաշտ եւ ընդունել ճանապարհային անվտանգության ռազմավարություն, համաձայն որի՝ ոլորտում կիրականացվի միասնական, համապարփակ, պետական քաղաքականություն:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի խոսքով Հայաստանի ճանապարհների՝ քաղաքացիների անվտանգության ապահովվումն իրենց նախարարության կարեւոր հանձնառություններից է: Ըստ նրա՝ թեեւ նվազման միտում ունի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդուհանդերձ ճանապարհային անվտանգությունը շարունակում է մնալ կարեւոր մարտահրավեր:
ՏԿԵ նախարարությունը ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղղությամբ վթարների արձագանքումից անցում է կատարում կանխարգելիչ միջոցառումների քաղաքականության իրականացմանը:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին նախարարությունն իր ջանքերը ներդրել է ճանապարհների վիճակի բարելավմանը: Յուրաքանչյուր տարի վերանորոգվում, հիմնանորոգվում է շուրջ 500 կմ ճանապարհ: 2024 թվականին ճանապարհների հիմնանորոգման վերակառուցման աշխատանքների շրջանակներում տեղադրվել են շուրջ 9433 ճանապարհային նշաններ, 121.294 գծամետր մետաղական արգելափակոցներ, կատարվել են միջպետական հանրապետական ճանապարհների 552.404 քառակուսի մետր գծանշման աշխատանքներ:
Փոխնախարարն ընդգծել է, որ, ըստ վերլուծությունների, այն ճանապարհահատվածների վրա, որտեղ իրականացվել են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ, էական նզազել է պատահարների քանակը:
ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն իր ելույթում եւս անդրադարձել է ճանապարհային պատահարների վիճակագրական տվյալներին, նշել դրանց պատճառները: Նա ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 6,5 տոկոսով:
Արամ Հովհաննիսյանի խոսքով պատահարների նվազումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում պարեկային ծառայության գործունեությամբ, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից թիրախային միջոցառումների իրականացմամբ:
Անդրադառնալով տրանսպորտային միջոցների ավելացմանը՝ ոստիկանապետը նշել է, որ 2015 թվականի համեմատ 2024 թվականին հաշվառված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է մոտ 400.000-ով:
Փոխնախարարը ներկայացրել է նաեւ 2025 թվականի առաջին եռամսյակի ճանապարհային պատահարների վիճակագրությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խոսել է ուսումնական հաստատություններում սովորողների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների եւ ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանող քաղաքացի ձեւավորելու ուղղությամբ դպրոցներում իրականացվող աշխատանքների մասին:
Դպրոցական համակարգում կարեւոր գործընթաց է իրականացվում, որի թիրախը սովորողների կարողունակությունների ձեւավորումն է:
Հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում վերանայվել են ուսումնական ծրագրերը, չափորոշիչները: Տարրական դպրոցից սկսած՝ մի շարք առարկաների ծրագրերում ճանապարհային երթեւեկությանը վերաբերող տարբեր թեմաներ կան ինտեգրված, ինչը հնարավորություն է տալիս սովորողներին տարբեր թեմաների ուսումնառության շրջանակում սովորել նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները:
Նախադպրոցական ոլորտում եւս մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ շուրջ 800 նախադպրոցական մանկավարժներ վերապատրաստվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների ուսուցման ուղղությամբ: Երեւանի բոլոր նորակառույց մանկապարտեզների բակային հատվածներում ճանապարհային երթեւեկության կահավորում է իրականացվում, որով երեխաները պրակտիկ ուսուցում անցնելու հնարավորություն կունենան:
Քոլեջներում եւ ուսումնարաններում եւս ճանապարհային երթեւեկությանը վերաբերող դասընթաց կա:
Միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ համագործակցության շրջանակում իրականացվում է նաեւ մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանք: Փոխնախարարը տեղեկացրել է, որ իրականացվել են նաեւ հանրային արշավներ եւ հավելել, որ ՆԳՆ-ի ու ոստիկանության հետ առկա է սերտ համագործակցություն ուսումնական հաստատությունների տարածքում ճանապարհային անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:
Երեւան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, խոսել ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման հարցում իրականացվող բարեփոխումների մասին, իսկ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը մանրամասնել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով ՆԳՆ-ի եւ ոստիկանության կողմից ձեռնարկվելիք միջոցառումներն ու նախաձեռնությունները:
Զեկուցողները ներկայացրել են ճանապարհային անվտանգության ոլորտի խնդիրները, խոսել ճանապարհատնարնսպորտային պատահարների պատճառների մասին: Նշվել է, որ 10 տարվա ընթացքում գրանցվել է 58.455 վթար, եղել է 3326 զոհ: Կարեւորվել է առանձնացված ճանապարհային անվտանգության ռազմավարության, գործունեության ծրագրի եւ համակարգող մարմնի առկայությունը: Ընդգծվել է, որ թեպետ պատահարների նվազեցման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ մեր երկրում դեռեւս մտահոգիչ է ճանապարհատնարնսպորտային պատահարների վիճակագրությունը: Կարեւորվել է այլընտրանքային փոխադրամիջոցների անվտանգ եւ անխոչընդոտ երթեւեկության կազմակերպումը:
Զեկուցողները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ:
Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին վեց ժամից ավելի տեւած լսումներին մասնակցելու եւ դիտարկումներ ու առաջարկներ ներկայացնելու համար: Պատգամավորի խոսքով անհրաժեշտ է ունենալ ռազմավարական փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն իրավասու կառույցների քայլերը: Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ լսումների արդյունքներից պարզ է դառնում, որ բոլոր կառույցները ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում ունեն անելիքներ: «Թեեւ Կառավարությունը վերջին հինգ-վեց տարիներին բավականին լուրջ միջոցառումներ է իրականացրել այս բնագավառում, ինչի արդյունքը տեսնում ենք զոհերի եւ վիրավորների նվազման տեսքով, բայց այսօր միասնական քաղաքականություն վարելու անհրաժեշտություն կա»,- ընդգծել է զեկուցողը:
Խորհրդարանական լսումներն իրականացվել են ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի եւ Կանադայի կառավարությունների եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)