ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են
19:43 - 10 ապրիլի, 2025

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Կ.-ն (խմբ․ - Աշոտիկ Կամավոյսանին) մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին (խմբ․ - Հովիկ Աղազարյանին): Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», - նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել