1lurer.am: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվեն: Չկա մի բան, ըստ որի՝ մեր երկրի տարածքում երրորդ ուժ պետք է ներկայություն ունենա: Այնտեղ հստակ փոխադարձության սկզբունք է արձանագրված: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով տրամադրվելիք ճանապարհին երրորդ ուժի կողմից վերահսկողություն սահմանելու խոսակցություններին՝ Փաշինյանը պարզաբանեց. «Ինչի՞ վերահսկողություն և որտե՞ղ վերահսկողություն՝ շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ: Մենք այդ հարցին տվել ենք պատասխան և ասել ենք, որ դա մեր ընկալմամբ կարող է լինել մոնիթորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով»:
Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կասկածի ենթակա չեն և չեն կարող լինել, դրանք չեն կարող կասկածի տակ դրվել:
«Ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, ճիշտ չեն ասում ուղղակի»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սահմանազատման գործընթացի շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք պատասխանին։
Առաջարկները հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը: Ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից՝ հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի ո՞ր մասում իրականացվեն: Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասաց նա՝ չհամաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, թե իրավիճակը փակուղային է:
comment.count (0)