Հայաստանի թունավոր կետերը
 |hetq.am|
22:43 - 28 ապրիլի, 2025

Հայաստանի թունավոր կետերը |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքից՝ Դաստակերտից, 1,5 կմ հեռավորության վրա է Դաստակերտի կոնսերվացված պոչամբարը։ Այն առաջացել է 1951-1975 թվականներին Դաստակերտի պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման և լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքով։

1976 թվականից Դաստակերտի հանքավայրն ու հարստացուցիչ ֆաբրիկան, ինչպես և պոչամբարը կոնսերվացվել են։

Պոչամբարը օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածքն է։ Այսպես սահմանում է Ընդերքի մասին օրենսգիրքը։ 

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի տարածքում շուրջ 365 մլն մ3 փաստացի ծավալով 23 պոչամբար կա։ Դրանցից 11-ը կոնսերվացված է և ռեկուլտիվացման ենթակա։ 

Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերը կորցնում են իրենց առաջնային արժեքը և բացասական են ազդում շրջակա բնական միջավայրի վրա։ Ռեկուլտիվացիան խախտված տարածքների վերականգնում է։     

Ռեկուլտիվացման ենթակա է նաև Դաստակերտի պոչամբարը։ 

Պոչամբարի եզրով կառուցված ջրահեռացման համակարգը, որով գետը շրջանցում էր պոչամբարը, այլևս գոյություն չունի։ Եվ գետը, քայքայելով պոչամբարը, առու է բացել դրա մեջ։ Պոչամբարի մակերեսի որոշ մասեր փլուզվել են․ առաջացել են խոռոչներ։

Տարածքով անցնում է Այրիգետի վտակ Կըշկոշտի գետը։ Դաստակերտի հանքավայրից վերև՝ Կըշկոշտ և Այրիգետ գետերի ջրի որակը համարվում է երկրորդ դասի, որը որակվում է որպես «լավ դաս»,  իսկ երբ դեպի ներքև է հոսում՝ դառնում է 5-րդ՝ «վատ» դասի ջուր։ Այսինքն՝ փակված պոչամբարից ներքև՝ երկու գետերի միախառնման մասում, ջրի որակն ընկնում է։  

2019 թվականին Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները պոչամբարի թափոնների և հողային շերտի նմուշառումներ են կատարել։ Երբ համեմատում ենք ստացված արդյունքները և թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների շեմը, պարզ է դառնում, որ թե ընդերքօգտագործման թափոններում, թե հողային շերտում մկնդեղի պարունակությունը 11-14 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ցինկի պարունակությունը հողային շերտում 7 անգամ է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 

Թե մկնդեղը, թե ցինկը հողի քիմիական աղտոտման տեսանկյունից առաջին դասի վտանգավորության նյութեր են։ Դրանք դասակարգված են հողի որակի հիգիենիկ և սանիտարական կաննոների և նորմերի մասին առողջապահության նախարարի համապատասխան հրամանում։ 

Այրիգետից օգտվում է երկու բնակավայր` Տորունիքն ու Տոլորսը։ Փաստացի 64 բնակիչ ունեցող Տորունիքում 2,5 հա է ոռոգվում այդ գետով։ Հիմնականում կարտոֆիլ, լոբի, քիչ քանակությամբ լոլիկ ու վարունգ են աճեցնում։ Բանջարեղենը գյուղացիներն իրենք են օգտագործում, նաև իրացնում են շուկաներում։

«Քանի որ մեր գյուղը ոռոգման ջուր չունիժողովրդի տնամերձերը բաժանված են գետափնյա տարածքիցկարելի է ասել՝ 95 տոկոսը Այրիգետից է ոռոգում։ Մենք նկատում ենք հողի վրայից շերտեր, տարեկան մոլիբդենի շերտն ավելանում էր։ Իսկ ինչ վնաս է տալիս, մենք դա չենք նկատել, երևի ռադիացիա, բան, չափումներ է պետք, էտի չենք կարա ասենք։ Որ հողի որակական հատկանշները փոխվում է, ավելի մածուցիկ է դառնում, ոչ թե փխրուն, կորցնում է իրա սնուցումը, էդ ակունքներում երևում է»,- ասում է Տորունիքի բնակիչ, Սիսիանի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի աշխատակից Քաջիկ Հախվերդյանը։ 

Դաստակերտի պոչամբարի տարածքը 3,85 հա է։ Այստեղ ամբարված է եղել 1,5 մլն խմ թափոն՝ թեպետ նախագծային ծավալը ամբարվածի կրկնակին է եղել։ Թե ինչ է մնացել պոչամբարի պարունակությունից, հայտնի չէ։ 

Պոչամբարի 30 մետրանոց պատվարը կառուցված է եղել խճաքարից, կավից և լեռնային ապարների բեկորներց։ Դրանք արդեն վաղուց քայքայված են։ Չնայած դրան, Դաստակերտի հանքավայրի կենտրոնական տեղամասի համար ընդերքօգտագործման իրավունք ստացած «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն Դաստակերտի կոնսերվածցված պոչամբարը պետք է ծառայեցներ որպես պահեստային պոչամբար։ Այս մասին ընկերությունը նշել է Շրջակա միջավայրի վրա գնահատման հայտում, որը ստացել է դրական եզրակացություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարն է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել