hetq.am: Սա պատմություն է փոքր երկրի ամենամեծ պոչամբարի մասին, որն աշխարհում, ըստ փորձագետների, խոշորագույններից է: Պատմություն է երկրի մեծ «կապույտ աչքի» մասին, որի շուրջ հյուսվում է շրջակայքում ապրող մարդկանց կյանքը՝ վախերով, ծպտված դժգոհություններով, առողջական խնդիրներով, որոշ դեպքերում էլ՝ հանքարդյունաբերող ընկերության հանդեպ երախտագիտությամբ՝ ամսական 40 հազար դրամ նվիրատվության եւ աշխատատեղի համար:
-What a beautiful lake,- Երեւանից Կապան տանող տաքսու մեջ զբոսաշրջիկ կինը ձգվում է դեպի պատուհանը: Կապանցի տաքսու վարորդն իջեցնում է նվագարկչի ձայնն ու հարցում ինձ՝ «Հի՞նչ ա ասում»:
-Ասում ա՝ ինչ սիրուն լիճ ա,- պատասխանում եմ:
-Պո՜, պա ասե՝ հեսա մաշինը կըղնըցնիմ, թող քինի լըղանա (բա ասա՝ հիմա մեքենան կանգնեցնեմ, թող գնա լողանա),- առանց ժպիտի ասում է վարորդը, հետո նորից պնդում առաջարկը, - տու ուրան ասե (դու իրեն ասա):
Փոխարենը զբոսաշրջիկին ասում եմ՝ «այն, ինչ տեսնում եք, լիճ չէ, մետաղական հանքի պոչամբար է»:
Կանաչ ծառաշերտով եզերված զմրուխտե-փիրուզագույն «լիճը», որի հարեւանությամբ նախիր է արածում, հեռվից իդիլիա է հիշեցնում, բայց բավական է մոտենալ դրան, ու կտեսնես իրականում մոխրագույն, կարծրացած մակերեսով թափոնների ամբարը՝ լցված միլիոնավոր խորանարդ մետր ծավալով թունավոր, ծանր մետաղներով, որոնց հոտը քիթդ որսում է հատկապես քամու ժամանակ: Բավական է մի քսան րոպե շնչել լվացող-ախտահանիչ միջոցի հոտ հիշեցնող օդն, ու գլխացավ ես ունենում:
Սա Արծվանիկի պոչամբարն է:
Պոչամբարի տեղում գյուղակներ ու այգիներ են եղել
Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 6-7 կմ (ուղիղ գծով՝ 3 կմ) հեռավորության վրա գտնվող պոչամբարն իր անունը ստացել է հարեւան Արծվանիկ գյուղից: Բնականաբար, պոչամբարն այստեղ հավերժ չի եղել, բայց 1970-ականներից հետո ծնվածները չեն տեսել այն ամենը, ինչ հիշում են ավագ սերնդի ներկայացուցիչներն ու ֆիքսված է պատմագիտական աղբյուրներում:
Իսկ պոչամբարի տեղում ժամանակին բնակավայրեր են եղել, ավելի ուշ՝ խորհրդային տարիներին, այստեղ կոլխոզի այգիներն էին:
Պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն ասում է, որ Արծվանիկը Կապանի հնագույն գյուղերից է, որի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հնագիտական պեղումների եւ, մասնավորապես, գյուղատնտեսական ու շինարարական աշխատանքների ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան մշակութային արժեքներ՝ արձանիկներ, սափորներ, զենքեր, զարդեր: Գյուղի անունը (Երեց, Երեցվանիկ) առաջացել է 6-րդ դարի հայտնի հոգեւորական Երիցակի անունից, որից ծագում է նաեւ գյուղի մոտակայքում գտնվող Երիցավանք վանական համալիրի անունը:
Գ. Սմբատյանի փոխանցմամբ՝ ներկայիս պոչամբարի տեղում նախկինում եղել է երկու գյուղակ, դամբարանադաշտ, մատուռ, ջրաղաց եւ այլ կառույցներ: Հնագետների ուշադրությանն են արժանացել երաժիշտների ուշ բրոնզեդարյան քանդակները, ծածկագիր արձանագրությունը, բազմաթիվ գտածոներ:
Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) 2016-ից Արծվանիկ եւ հարեւան Չափնի գյուղերի տարածքներում հետազոտություններ է իրականացրել: Հնագետ Տիգրան Ալեքսանյանն ասում է, որ իրենց արշավախումբը հայտնաբերել է տարբեր դարաշրջանների հուշարձաններ, որոնցից առանձնանում են Չափնիի տարածքում հայտնաբերած միջնադարյան ձիթհանը, Արծվանիկից 1,5 կմ հարավ գտնվող 12-14-րդ դարերի հնձանը, իսկ դեպի արեւմուտք՝ 17-18-րդ դարերի բնակատեղին:
ՀԱԻ-ի աշխատակիցներն ասում են, որ, օրինակ, բացահայտված ձիթհանն իրենք կոնսերվացրել են՝ տեղեկացված լինելով, որ տարածքը ծածկվելու է պոչամբարի թափոններով, սակայն հետո պոչամբարը շահագործողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հայտնել է, թե այն չի ծածկվի:
Շարունակությունը՝ այստեղ
comment.count (0)