Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց |1lurer.am|
14:59 - 06 մայիսի, 2025

Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի, այն լինելու է մեծամասնության հանձնաժողով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Ընդդիմությունն այս նախագիծը բերել էր՝ շահագրգռված լինելով ոչ թե էթիկայի հարցերով, այլ բերել էր, որ ՔՊ-ի համար վատ լինի, ոչ թե լրագրողի համար լավ լինի: Այնպես որ սա որևէ կապ չուներ էթիկայի հետ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս արձագանքեց. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը փաստեց իմ ասած շատ հստակ միտքը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնել: Սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը և անհանդուրժողականությունը խրախուսվում են բարձրագույն իշխանության կողմից»:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց. «Պարոն Մինասյանը ճիշտ չի ասում, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրն» ասում է, որ ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, որտեղ էթիկայի հարցերը կքննարկվեն»:

Նախագծի հեղինակ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով Ռուբինյանի հայտարարությանը, հավելեց. «Այդ հանձնաժողովը չի ունենալու հետադարձ ուժ և հետադարձության կարգով չի քննարկելու Անդրանիկ Քոչարյանի վարքը»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին ստեղծել պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկեր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպի առնչությամբ, որի ժամանակ պատգամավորը մեջ էր բերել Բագրատ Գալստանյանի խոսքը և ասել. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրե՛ք Ձեր շրթունքները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել