Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց |1lurer.am|

Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին: Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի, այն լինելու է մեծամասնության հանձնաժողով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Ընդդիմությունն այս նախագիծը բերել էր՝ շահագրգռված լինելով ոչ թե էթիկայի հարցերով, այլ բերել էր, որ ՔՊ-ի համար վատ լինի, ոչ թե լրագրողի համար լավ լինի: Այնպես որ սա որևէ կապ չուներ էթիկայի հետ»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս արձագանքեց. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը փաստեց իմ ասած շատ հստակ միտքը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնել: Սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը և անհանդուրժողականությունը խրախուսվում են բարձրագույն իշխանության կողմից»: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց. «Պարոն Մինասյանը ճիշտ չի ասում, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրն» ասում է, որ ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, որտեղ էթիկայի հարցերը կքննարկվեն»: Նախագծի հեղինակ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով Ռուբինյանի հայտարարությանը, հավելեց. «Այդ հանձնաժողովը չի ունենալու հետադարձ ուժ և հետադարձության կարգով չի քննարկելու Անդրանիկ Քոչարյանի վարքը»: Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին ստեղծել պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկեր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպի առնչությամբ, որի ժամանակ պատգամավորը մեջ էր բերել Բագրատ Գալստանյանի խոսքը և ասել. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրե՛ք Ձեր շրթունքները»:
14:59 - 06 մայիսի, 2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  Նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում է կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս»,-ասաց Թովմասյանը։ Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»,-ընդգծեց Թովմասյանը։ Պատգամավորը նաև հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները, որոնք արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ «Հաշվի առնելով այս իրողությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,-եզրափակեց Թովմասյանը։
14:02 - 06 մայիսի, 2025
ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:  Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հիմնավորումն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս տարի մարտի 20–ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ունեցել է տհաճ, դատապարտելի միջադեպ՝ նրա նկատմամբ կիրառելով ակնհայտ խտրական վերաբերմունք»,–ասաց Թագուհի Թովմասյանը: Ըստ նրա՝ պատգամավորը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, նաև չի հարգել հանրության բարոյական նորմերը, թույլ է տվել ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով նախատեսված դրույթների խախտում: Թովմասյանի խոսքով՝ մասնավորապես խախտվել են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 3–րդ հոդվածի 2–րդ և 8–րդ կետերը: 2–րդ կետը սահմանում է, որ պատգամավորի էթիկայի կանոններից է հարգել հանրության բարոյական նորմերը, 8–րդ կետը՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ցանկանում են ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ գնահատական տալու Անդրանիկ Քոչարյանի վարքին: Ըստ Թովմասյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է կրել պատասխանատվություն պատգամավորի վարքի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հորդորեց զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողովի կազմումից: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովը պետք է կազմվի խմբակցություններում պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն՝ առաջարկված 5–հոգանով խմբում հնարավոր է, որ մեծամասնության քանակն ավելի շատ լինի: Եթե առաջնորդվենք այս կանոնակարգով, մեծամասնության գործունեությունից է կախված լինելու թե որոշումների կայացումը, թե հանձնաժողովի աշխատանքի կենսունակությունը»,–ասաց Ղազարյանը:  Իշխանությունը մտադիր է էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորել: Նա նշեց, որ մշտական հանձնաժողովի անդամների քանակությունը լինելու է պարիտետային սկզբունքով: Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովի կենսունակությունը, գործունեությունը և չափորոշիչները հենց հիմա մշակվում են, շուտով կլինեն: «Չշտապենք, այս փուլում զերծ մնանք ժամանակավոր հանձնաժողովի կազմումից»,–նշեց Ղազարյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը առնվազն առաջին ընթերցմամբ ընդունելու են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ: Նա ևս նպատակահարմար չհամարեց ընդդիմության առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա լինելու է մեծամասնության հանձնաժողով:  «Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորի վարքագծին, ապա, եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ, մեկ անգամ տեղի ունեցած դեպք չէ, պարբերաբար կրկնվելու է, վաղը մյուս օրն այդ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է, այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է էթիկայի հանձնաժողովի տիրույթում»,–ասաց Վարդանյանը:  Երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում նախագիծը հավանության չարժանացավ:
16:21 - 25 ապրիլի, 2025
44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան
 |civilnet.am|

44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ զեկույցը չեն ներառում ԱԺ լիագումար նիստ, Քոչարյանը մեկնաբանեց, որ սեպտեմբերին քաղաքական և բոլոր առումներով կրքերը հանգստացած կլինեն, բացի այդ, ըստ Քոչարյանի, ընտրված շրջանը սիմվոլիկ է։ «‎Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ է, լիագումար նիստը կսկսվի 30-ին։ ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի լիագումար նիստում, քանի որ շատ կարևոր, սիմվոլիկ օր է (սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը)»,- ասել է Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զեկույցը լինելու է գաղտնի բաժնում, հաշվի առնելով գաղտնիության ծավալը՝ նիստը լինելու է դռնփակ։ Զեկույցը հասանելի է լինելու պատկան մարմիններին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքների ավարտի մասին հայտարարել էր 2024-ի սեպտեմբերին։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, և ներկայացվելու էր «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Նա նաև ասել էր, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։ 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով քաղաքական պատվեր կատարող մարմին։
11:35 - 18 ապրիլի, 2025
Անդրանիկ Քոչարյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցային մի շարք հարցեր

Անդրանիկ Քոչարյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցային մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին:
18:58 - 08 ապրիլի, 2025
Ամեն մի արտահայտությունը ֆիքսվում է, որովհետև դրա հետևում կա արված կամ չարված գործ․ Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպումից հետո

Ամեն մի արտահայտությունը ֆիքսվում է, որովհետև դրա հետևում կա արված կամ չարված գործ․ Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպումից հետո

Պաշտպանության հանձնաժողովի մեր փորձագիտական խումբը շատ մանրակրկիտ, ամեն ասած բառ պարզաբանել են և ուղարկվել են էն հասցեներով, որտեղ հիմա գերատեսչությունների ղեկավարները նստած են, այսինքն արդարադատության նախարարություն, քննչական կոմիտե և այլն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպումից հետո։ «Էդ տեղեկանքի հիման վրա հիմա մենք կազմակերպել ենք երկրորդ քննարկումը։ Էլի կազմվելու է տեղեկանք, որտեղ ամեն ասած բառը և ամեն մի արտահայտությունը ֆիքսվում է, որովհետև դրա հետևում կա արված կամ չարված գործ։ Արվածը պիտի դրվի մի կողմ, դա պետք ա բավարարի ծնողներին։ Եվ ունենք 171, թե 172 տեղեկանքի մեջ անցած ուղղի։ Դա ինչ ա նշանակում․ քննչական մարմինները կատարել են աշխատանք, որտեղ «ա» կետից «բ» կետը խզվել է կապը, քննչական գործողությունների միջոցով կարող ենք իմանալ՝ որտեղից սկսել փնտրել ողջ կամ մահացած մեր զինվորներին», - հավելել է Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև նշեց, որ համախոհ է անհետ կորածների ծնողների այն դիտարկմանը իրեն, որ չպետք է կրկնել՝ «մեր երեխաները մահացած են» արտահայտությունը, հավելելով, որ «քանի դեռ ծնողը կասկածներ ունի, բնականաբար մենք պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ»։ «Հիմա տեսնենք էստեղ երրորդ քննարկման կարիքը կլինի, թե չէ։ Բայց էստեղ ոնց որ թե շատ կոնսուլտիվ է գնում և կարծում եմ , որ ծնողները ունեն հնարավորություն բոլոր հարցերը տալ և պաշտոնյաները բոլորը նստած են»։ Հիշեցնենք, որ այսօր անհետ կորած զինծառայողների հարազատների և պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել ազգային ժողովում։ Բղավոցները լսվել էին միջանցքում, որտեղ հավաքված էին լրագրողները:
18:40 - 31 մարտի, 2025
ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին
 |azatutyun.am|

ԱԺ աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին |azatutyun.am|

azatutyun.am: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը քիչ առաջ խորհրդարանում նամակ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Վարչապետը մոտեցավ, նամակը վերցրեց, որևէ բան, սակայն, չասաց, հարցերին չպատասխանեց: Նամակը ստորագրել է 161 լրագրող, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել: «Նիկոլ Փաշինյանից ակնկալում եմ՝ որպես ՔՊ վարչության նախագահ, իր օժանդակությունը, աջակցությունը, որպեսզի քննի գոնե և՛ թիմի ներսում, և՛ թիմից դուրս իր թիմակցի վարքը, որովհետև իմ կարծիքով՝ մեր երկրում նման պատգամավոր ունենալն անթույլատրելի է, նման բառապաշարով: Հույս ունեմ, որ վարչապետն այսքան լրագրողի հորդորին անպայման տեղի կտա, կանսա, որովհետև երբևէ այսքան լրագրող՝ 161, համախմբվածություն չեն դրսևորել և պահանջ չեն ներկայացրել իրեն որևէ դեպքով», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20 -ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել էր լրագրողից հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին:Անդրանիկ Քոչարյանը հետո հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ սրբազան Գալստանյանին:«Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր», - ասել էր իշխանական պատգամավորը: Այսօր ԱԺ նիստի ժամանակ լրագրողները փորձեցին նաև պաստառ պահել օթյակից, որպեսզի կառավարության ու օրենսդիր մարմնի անդամներին տեսանելի լինի, սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին նրանց: Ապա ԱԺ նախագահը մոտեցավ՝ ասելով, որ պաստառը վերցնելու հրահանգը ինքը չի տվել: Թե ում կարգադրությունն էր դա, ասաց՝ տեղյակ չէ:
17:02 - 26 մարտի, 2025
Կոչ ենք անում պետական պաշտոնյաներին գիտակցել իրենց խոսքի և գործողությունների հետևանքները․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»

Կոչ ենք անում պետական պաշտոնյաներին գիտակցել իրենց խոսքի և գործողությունների հետևանքները․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատապարտել է ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից կին լրագրողի նկատմամբ ԱԺ-ի շենքում ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը, մասնավորապես՝ «մաքրեք Ձեր շրթունքները» արտահայտությունը: Կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ․ «Մենք՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», խստորեն դատապարտում ենք ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից կին լրագրողի նկատմամբ ԱԺ-ի շենքում ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը, մասնավորապես՝ «մաքրեք Ձեր շրթունքները» արտահայտությունը:   Այս խոսքը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ, այլև սեռական բնույթի նվաստացում, որը վերարտադրում է խտրական ու հայրիշխանական վերաբերմունքը կանանց հանդեպ: Հանրային պաշտոնյաները պարտավոր են դրսևորել հարգալից ու պատասխանատու վերաբերմունք՝ անկախ լրագրողի սեռից, դիրքից կամ հարցերի բովանդակությունից:   Անդրանիկ Քոչարյանն այսպիսով շարունակում է կանանց թիրախավորելու իր խիստ դատապարտելի վարքագիծը, որը նախկինում ևս դրսևորվել է կին լրագրողների նկատմամբ։   Այսպիսի պահվածքը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, խոսքի ազատությանն ու լրագրողների պաշտպանվածությանը, ուստի պահանջում ենք համապատասխան մարմիններից արձագանք այս դեպքին և քայլեր՝ նմանօրինակ դեպքերի կանխարգելման ուղղությամբ:   Կոչ ենք անում պետական պաշտոնյաներին գիտակցել իրենց խոսքի և գործողությունների հետևանքները և խստորեն պահպանել լրագրողների և բոլոր քաղաքացիների արժանապատվությունն ու իրավունքները՝ առանց խտրականության»:
22:10 - 21 մարտի, 2025
ՔՊ-ից պահանջում ենք գնահատական տալ Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս․ լրագրողական կազմակերպություններ

ՔՊ-ից պահանջում ենք գնահատական տալ Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս․ լրագրողական կազմակերպություններ

Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը՝ արձանագրելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ կիրառվել է և՛ մասնագիտական գործունեությամբ, և՛ սեռով պայմանավորված խտրականություն։ Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Անդրանիկ Քոչարյանը միջադեպից հետո հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից և, ըստ հետագա իր մեկնաբանությունների, չի պատրաստվում դա անել։ Մինչդեռ նա այն պաշտոնյաներից է, որն առավել հաճախ է թիրախավորում և նսեմացնում լրագրողներին, այդ թվում՝ Հռիփսիմե Ջեբեջյանին։ Այս տիպի կոնֆլիկտները դարձել են խորհրդարանի առօրյայի անբաժանելի մաս։ Բազմիցս բարձրաձայնել ենք պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա խիստ լարվածության և անհանդուրժողականության մասին, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն անվայելուչ վարքագիծ են ցուցաբերում ու վիրավորում ընդդիմադիր ԶԼՄ-ների թղթակիցներին, իսկ ընդդիմադիր գործիչները նույն պահվածքը դրսևորում են իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։ Ընդ որում, որպես կանոն, նման կոնֆլիկտներն անհետևանք են մնում խորհրդարանականների համար․ մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս առումով առավել քան հրատապ է դարձել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրների լուծումը։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը, ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
19:05 - 21 մարտի, 2025
Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ վիրավnրել է լրագրողին, դա անթույլատրելի է, բոյկոտե՛ք նրան և նրա նմաններին. Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ վիրավnրել է լրագրողին, դա անթույլատրելի է, բոյկոտե՛ք նրան և նրա նմաններին. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Երեկ մեր հանձնաժողովի նիստից հետո Ազգային ժողովի տարածքում, այս միջանցքում տեղի է ունեցել խայտառակ երևույթ՝ հերթական անգամ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Սա անթույլատրելի է, սա պետք է ստանա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է այլևս հանդուրժեք Ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այս հարձակումները: Բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտե՛ք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, բավական է ձայներդ կտրած նստեք, բավական է, այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի, այսքանը»,- ասաց Մանուկյանը: Քոչարյանն էլ ի պատասխան նշեց, որ ինքը կրկնել է Բագրատ Սրբազանի ասածը և որ նկատի է ունեցել որ խոսքը օգտագործելուց պետք է լինի մաքուր: «Թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է, ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ «Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,-  թիրախավորելով լրագրողին, ասել էր ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողը հարցրել է՝ ինչո՞ւ։ Պատգամավորը պատասխանել է․ «Էդպես եմ ուզում։ Մի խանգարեք Ձեր գործընկերներին»։ Հռիփսիմե Ջեբեջյանը հարցրել է․ «Ես ե՞րբ եմ խանգարել»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Եթե չէ, ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին»։ Լրագրողը հարցրել է՝ «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ Անդրանիկ Քոչարյանն ասել է․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Լրագրողը վրդովվել է՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձել է․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են»։ Հռիփսիմե Ջեբեջյանը, դիմելով նրան, ասել է․ «Հոգևորականին, որ մեջբերում եք, գոնե համատեքստն էլ մեջբերեք․․․․Պարոն Քոչարյան, Ձեր պահվածքը լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, չեք կարծո՞ւմ, որ պիտի ներողություն խնդրեք։ Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային, ոչ պաշտոնյային վայել»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասել է, որ ներողություն չի խնդրելու ու լրագրողին հորդորել՝ գնացեք, Ձեր հաղորդումները նայեք։ Հռիփսիմե Ջեբեջյանը ասել է․ «Ձեր աղջիկը, եթե լրագրող լիներ, իրեն այսպես պահեր պաշտոնյան, ի՞նչ կասեիք»։ Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանել՝ աշխատասենյակի դուռը շրխկացնելով լրագրողի երեսին․ «Իմ աղջիկը երբեք այն պահվածքը չէր ունենա, ինչ Դուք եք ունեցել»։ Հռիփսիմե Ջեբեջյանն ասել է․ «Ձեր պահվածքն անթույլատրելի է»։
12:09 - 21 մարտի, 2025
Մի խումբ ուսանողներ համազգային շահերի հստակեցման մասին հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

Մի խումբ ուսանողներ համազգային շահերի հստակեցման մասին հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

Երեւանի պետական, Հայ-ռուսական եւ Ֆրանսիական համալսարանների մի խումբ ուսանողներ այսօր կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին։ Հանրագիրը համազգային եւ համապետական շահերի հստակեցման վերաբերյալ է։ Հանրագրի տեքստում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց Ցեղասպանության` որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ արված հակասական մեկնաբանությունները եւ հասարակության շրջանում արդարացիորեն առաջացած տարընկալումը, ինչպեն նաեւ հիմք ընդունելով ՀՀ  Սահմանադրության 123-րդ հոդվածի 1- ին և 3-րդ մասերը, համաձայն որոնց՝ ՀՀ Նախագահը, որպես պետության գլուխ, առաջնորդվում է համապետական եւ համազգային շահերով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքը՝ պահանջում ենք Թվարկել այն համապետական եւ համազգային շահերը, որոնցով Դուք, որպես Հանրապետության Նախագահ, առաջնորդվում եք ՀՀ Սահմանադրությամբ Ձեր վրա դրված լիազորություններն իրականացնելիս: Հստակեցնել, թե արդյոք տասնամյակներ շարունակ համազգային նպատակ հանդիսացող Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարում եք Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ»։ Նշենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով գրություն է, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ տարբեր ոլորտներում իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, որը անհատապես կամ կոլեկտիվ ներկայացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ։ Օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (սահմանված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս)։ Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։ Փաշինյանի հայտարարությունը քննադատության էր արժանացել ինչպես հանրության, այնպես էլ մի շարք կառույցների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից, որը շեշտել էր՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։  Դրանից հետո Փաշինյանը պարզաբանել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով․ «Խոսքը հետեւյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյո՞ք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին եւ խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Եթե մենք այսօր չլուծենք այդ հարցը, չանդրադառնանք»։ Նախորդ տարվա ապրիլ ամսին էլ կառավարող ուժի պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քչորարյանն էր հայտարարել, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Նրա կարծիքով՝ զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։
16:05 - 13 փետրվարի, 2025
Մեկ ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ․ Անդրանիկ Քոչարյան

Մեկ ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 1 ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ։ Այսօր ծնողների հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ պետք է սիրտ և հոգի դրվի։ Եղել է խիստ աշխատանքային հանդիպում, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար։ Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կհանդիպենք, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած վիճակում։  Նախկինում էլ եղել են հանդիպումներ, բայց ոչ նման մասշտաբով և նման կազմով։ Եթե կարող ենք գոնե մեկ ճակատագիր փրկել, ապա պետք է ավելի մեծ աշխատանք կազմակերպենք»,– ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ ԱԺ-ում են՝ մասնակցելու փակ քննարկմանը։ Ներկա են զինվորական դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նախատեսվում է, որ հարազատները հարցեր են ուղղելու պաշտոնյաներին։ Անհետ կորած զինծառայողների մոտ 8 տասնյակ ծնող ու հարազատ է մասնակցում այս քննարկմանը, նրանցից 16- ը՝ դահլիճում, իսկ մյուսները օթյակից են հետևում: 
18:49 - 30 հունվարի, 2025
Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ինձ համար ընդունելի է սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, այսպես շոշափելի ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել, մենք համարյա չենք կրակել, չէ մեկս մյուսի վրա, բայց ամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից: Չէ: Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը  դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ»։
12:53 - 28 հունվարի, 2025