Հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների՝ 1.3 միլիարդ դրամի չափով. Վարուժան Ավետիքյան |aysor.am|
08:00 - 13 սեպտեմբերի, 2019

Հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների՝ 1.3 միլիարդ դրամի չափով. Վարուժան Ավետիքյան |aysor.am|

aysor.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել ավելի քան 18 միլիարդ դրամ», - ասաց նա։

Բանախոսը նկատեց, որ հիմնադրամն ունի հատուցումների երկու հիմնական խումբ՝ զոհվածների ընտանիքներ և մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ։

«Երբ օրենքն ընդունվեց, նշվեց, որ հիմնադրամը պետք է հատուցի 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ հավաքագրված գումարներով հնարավորություն ունենք փոխհատուցելու 2015 և 2016 թվականներին գրանցված դեպքերի համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նման որոշում կայացրեց։

Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ կարևոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել նաև 2008-2014 թվականներին գրանցված դեպքերի մասով», - ասաց Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակն է չունենալ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող, որը հատուցում ստացած չի լինի։

Ամփոփելով խոսքը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում։

«Սա, իհարկե, առաջին կարգի հաշմանդամության և զոհված զինծառայողների դեպքում։ 52 միլիոն դրամով հատուցվում են շարքայինները, 72 միլիոնով՝ ենթասպաները և 82 միլիոնով՝ սպայական կազմը։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 միլիոն դրամ՝ կրկին ըստ զինվորական աստիճանի։ Գումարը միանվագ չենք տալիս։

10 միլիոն միանվագ վճարում ենք առաջին կարգի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին, դրանից հետո՝ ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ։ Իսկ 2-րդ կարգի հաշմանդամներին՝ միանվագ 5 միլիոն դրամ և ամսական՝ 100-200 հազար դրամ՝ 20 տարի շարունակ», - եզրափակեց խոսքը հիմնադրամի տնօրենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել