Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով 1-3 ամիս. Զոհրաբյան |pastinfo.am|

08:07 - 13 սեպտեմբերի, 2019

pastinfo.am։ «Ինձ համար պոտենցիալ մարդասպանի և կենդանուն դաժանորեն ծանակողի, նվաստացնողի ու կենդանուն սպանողի միջև որևէ տարբերություն չկա»,-այս մասին այսօր ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ մինչ այս նախագծերի փաթեթը կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը կարգավորվում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածով, ապա ավելացրեց, որ սահմանված տուգանքները պարզապես ծիծաղելի էին։

Ըստ նախագծի, տնային և անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենի կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով , որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, նրան կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը,կենդանիների մարտերի կազմակերպումն ու իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը և այլն պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով 1-3 ամիս կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

«Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ, երկու և ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ 1-ից 3 տարի ազատազրկմամբ»,-ասաց Զոհրաբյանը։

ԱԺ պատգամավորը նշեց, որ սա երկար սպասված օրենքի նախագիծ էր և շնորհակալություն հայտնեց խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, կառավարությանն ու պատգամավոր Մերի Գալստյանին, պետաիրավական հանձնաժողովին նախագծում գործուն աջակցություն ցուցաբերելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել