Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության․ ծնողների մի զգալի մասը չգիտի՝ իր երեխան ինչով է զբաղված, տպավորություն է, որ ոչ էլ ուզում է իմանալ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե՛ իրենց վերաբերմունքն է, թե՛ իրենց կողմից նաև իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա։
Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։
Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, երեկ Մերձավանի դպրոցում միջադեպ էր եղել, դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչներ պահանջում էին պատմության ուսուցչուհու հեռացումը։ Ինչպես ծնողները, այնպես էլ աշակերտները տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում ուսուցչի հասցեին։ Խաթարված էր դասապրոցեսը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
comment.count (0)