Ամփոփվել է դպրոցների տնօրենների հավակնորդների «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը
21:33 - 16 հունիսի, 2025

Ամփոփվել է դպրոցների տնօրենների հավակնորդների «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։

Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման հնգամյա ծրագրերը, որոնք արժանացել են գործընկեր կառույցների փորձագետներից կազմված հանձնաժողովի գնահատականին։

Մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ մասնագիտական զարգացման ճանապարհը մշտական ընթացք է։

«Կարողությունների զարգացման դասընթացները լրացուցիչ հնարավորություններ են ապահովում կրթության առաջնորդությամբ և կառավարմամբ հետաքրքրվողների համար՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների կառավարման առումով բարդ փուլում ենք գտնվում և մարդկային ռեսուրսների տեսանկյունից բախվում ենք մի շարք խնդիրների: Տնօրենի պաշտոնի հավակնորդները, լրացուցիչ աշխատանք տանելով, կարող են փորձել ուժերը, աշխատել իրենց վրա և ապահովել ավելի մեծ զարգացում՝ ունենալով իրենց ներդրումը հանրակրթության ոլորտի բարեփոխման և զարգացման գործում։ Վստահ եմ՝ առաջընթաց եք գրանցել ոչ միայն կրթության առաջնորդության կարողությունների ձեռքբերման, այլև կրթության վերաբերյալ աշխարհայացքի, մոտեցումների, որպես անձ վերարժևորվելու և ձեր պլաններն առավել հստակեցնելու տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ մասնակիցներին ուղղված խոսքում։

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակը տնօրենի հավակնորդի կառավարման հմտությունների և զարգացման ծրագրեր կազմելու կարողությունների զարգացումն է։

«Ծրագիրը սկսելիս նաև նպատակ ունեինք ձևավորել վերապատրաստողների համայնք, որի անդամները այս կամ այլ ձևաչափով կիրականացնեն կրթության առաջնորդության գործընթացը: Ուրախ եմ, որ ունենք մասնակիցներ, որոնք առաջընթաց են գրանցել և կարող են վերապատրաստել նոր մասնագետների, նաև հանդես գալ որպես մենթորներ։ Մենթորների վրա մեծ պատասխանատվություն է դրվում, քանի որ նրանք պետք է ուղղորդեն և աջակցեն փորձաշրջանով նշանակված տնօրենին՝ գրանցելու այնպիսի աճ, որ հետագա տարիներին կարողանա արդյունավետ կառավարել տվյալ հաստատությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հիշեցնելով, որ համապատասխան կարգում իրականացված փոփոխությամբ՝ տնօրենի պաշտոնում փորձաշրջանով նշանակվելու հնարավորություն է ստեղծվել:

Փորձաշրջանի ընթացքում զարգացման ծրագրի իրականացման և մասնագիտական գործունեության աջակցման նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը կարող է լինել նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցի տնօրենը կամ մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ այլ դպրոցի տնօրեն կամ համապատասխան լիազոր մարմնի կրթության վարչության մասնագետը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ ծրագրի մասնակիցների մոտ ձևավորվել է կառավարման, ինչպես նաև մենթորության հմտություններ. «Անկախ նրանից, թե ծրագիրն ինչ արդյունքներով եք ամփոփել, ձեր հմտություններն ու կարողությունները մնայուն են: Վստահ եմ՝ ձեր աջակցության և աշխատանքային գործունեության շնորհիվ կարողանալու ենք ունենալ բարեփոխման ցանկալի արդյունքներ»:

Միջոցառմանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։ Ծրագրի ղեկավարը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է։

Ծրագրի շրջանակում մասնակիցներն անցել են ամբողջական բազմակողմանի վերապատրաստում՝ կառավարման մոդելներից մինչև մարդկային ռեսուրսների ու ֆինանսների արդյունավետ կառավարում, ռազմավարական մտածողությունից մինչև գիտելիքը ճիշտ ներկայացնելու արվեստ։ Մասնակիցների խոսքով՝ բացի խորքային գիտելիքներից՝ դասընթացը նաև բաց ու համագործակցային միջավայրում հարցեր բարձրացնելու և լուծումներ ստանալու, ինչպես նաև փորձառու մասնագետներից և միմյանցից սովորելու բացառիկ հնարավորություն էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել