azatutyun.am: Ադրբեջանի դատախազները դատարանում պահանջել են 12 տարվա ազատազրկում լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի համար՝ մաքսանենգության մեղադրանքով։ Մեհրալիզադեն պնդում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղակիորեն կապված են իր քննադատական հրապարակումների հետ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունում:
Մեհրալիզադեն յոթ լրագրողներից մեկն է, որոնք կանգնած են դատարանի առաջ՝ պնդելով, թե իրենց դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են։ Դատախազները նույն պատժաչափն են պահանջել նաև անկախ «AbzasMedia» լրատվական գործակալության տնօրեն Ուլվի Հասանլիի և լրագրող Հաֆիզ Բաբալիի համար։
Գործով անցնող մյուս չորս անձանց համար դատախազները պահանջել են 11 տարվա ազատազրկում։
30-ամյա Մեհրալիզադեն դատարանում պատմել է, որ իր 2024 թ․ մայիսին ձերբակալության ժամանակ աչքերը փակել են, տարել անհայտ վայր, այնուհետև տեղափոխել Բաքվի քաղաքային ոստիկանության բաժին, որտեղ ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշումների՝ հեռախոսը բացելու պահանջով։
Իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ 2023 թվականի նոյեմբերից առնվազն 20 լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել նմանատիպ մեղադրանքներով, որոնցից յոթը կապված են «AbzasMedia»-ի հետ։
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում պահվում է առնվազն 300 քաղբանտարկյալ:
Իլհամ Ալիևի՝ իշխանության գալուց ի վեր նրան հաճախ են մեղադրել ընդդիմության, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելու և ազատ խոսքը ճնշելու մեջ։
comment.count (0)