civilnet.am: Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաքվում ձերբակալել են Ռուսաստանի երկու խումբ քաղաքացիների, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանը նրանց կասկածում է Իրանից թմրանյութերի տարանցման, ինտերնետի միջոցով թմրանյութերի տարածման և կիբերխարդախության մեջ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ «Ռուսաստանի քաղաքացիների կողմից կատարված անօրինական գործողությունների վերաբերյալ օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են»։
Այսօր Ադրբեջանում ձերբակալվել է նաև «Sputnik Ադրբեջան»-ի ևս 7 աշխատակից: Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ խարդախություն, անօրինական ձեռնարկատիրություն և հանցագործությամբ ձեռք բերված գույքի լեգալացում, հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ արդեն իսկ կալանավորվել է, ևս հինգը ենթարկվել են քրեական պատասխանատվության։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի հետ ուղղակի շփումների միջոցով հնարավոր կլինի հասնել «Sputnik Ադրբեջան» գործակալության աշխատակիցների ազատմանը։
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներում, ուղղակի շփումների միջոցով ադրբեջանական կողմի հետ, կկարողանանք հասնել նրանց ազատմանը», – ասել է Պեսկովը։
Ռուս-ադրբեջանական առճակատումը սկսվեց նրանից, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ռուս իրավապահների կողմից ադրբեջանցիների տներում իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվեցին երկու ադրբեջանցի, մի քանիսը՝ վիրավորվեցին։ Նույն օրը Եկատերինբուրգի դատարանը մի քանի ադրբեջանցիների կալանավորեց։
Այնուհետև, հունիսի 30-ին Բաքվում գործող «Sputnik Ադրբեջան»-ի երկու աշխաըտակից ձերբակալվեց՝ գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և խմբագրության ղեկավար Եվգենի Բելոուսովը։ Բաքուն նրանց կասկածում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) համար աշխատելու մեջ։
Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն այսօր կանչվեց ՌԴ ԱԳ նախարարություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բանավոր նոտա է հանձնել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին՝ պահանջելով ռուս լրագրողների անհապաղ ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ «Բաքվի փորձերը՝ մեղադրելու Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ, միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին»։
comment.count (0)