Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում

 |factor.am|
22:23 - 30 հունիսի, 2025

Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում |factor.am|

factor.am: Եկատերինբուրգում սպանության գործով մեղադրյալները 1990-ականների վերջից զբաղվում են անօրինական գործունեությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը՝ անդրադառնալով ադրբեջանցիների ձերբակալություններին։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբի վեց անդամների ձերբակալության մասին։ Քննության համաձայն՝ մեղադրյալները, «որոնք էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում», ներգրավված են եղել Ուրալի մայրաքաղաքում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Կիրակի դատարանը երեք մեղադրյալների՝ Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովների նկատմամբ կալանք է սահմանել մինչև հուլիսի 19-ը, ևս երեքի կալանքի ժամկետը երկարաձգել է 72 ժամով։

Հետաքննության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի վեց քաղաքացի, որոնց գործունեության դրդապատճառը, քննիչների կարծիքով, բիզնեսում ազդեցության բաժանումն էր։

«1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից ի վեր մի շարք «հարգված ձեռնարկատերեր» զբաղվել են թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի վաճառքով, խաղամոլությամբ, ինչպես նաև վերահսկել են մարմնավաճառության և պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հարցերը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Մասնավորապես, ըստ իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկը 2012 թվականին դատապարտվել է բռնաբարության և բռնի սեռական բնույթի ակտերի համար, իսկ մեկ ուրիշը՝ 2007 թվականին՝ դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

«Ազգականների զգալի մասը և կազմակերպված խմբի անդամները պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատել, առաջնորդի քողի տակ նրանք շարունակել են զբաղվել անօրինական գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն ունի թանկարժեք անշարժ գույք Եկատերինբուրգի կենտրոնում, բազմաթիվ բարձրակարգ մեքենաներ»,- հավելել է աղբյուրը։

Նա նշել է, որ 2001 թվականին պատվիրվել է ձեռներեց Յունուս Փաշաևի սպանությունը, որը հագուստ էր վաճառում Եկատերինբուրգի ամենամեծ շուկայում և հրաժարվում էր վճարել կազմակերպված հանցավոր խմբին։ 2010 թվականին փորձ է արվել սպանել Ֆեհրուզ Շիրինովի ընկերոջը, որը տեղյակ է եղել խմբի հանցավոր գործունեության մասին, սակայն զենքը սխալ է կրակել, և Շիրինովն ու նրա որդին ձերբակալել են հանցագործին։ Մահափորձի միջնորդը սկսել է խմբից պարգև շորթել լռության համար, սակայն նրան տարել են գերեզմանատուն և ոտքերը կոտրել, ինչի հետևանքով նա հաշմանդամ է դարձել և հետագայում մահացել, հավելել է աղբյուրը։

Բացի այդ, 2011 թվականին սպանվել է Եկատերինբուրգում բանջարեղենի խոշոր պահեստի սեփականատեր Իքրամ Հաջիևը, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել Շիրինովի դաժան ծեծի մեջ։ Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել