armenpress.am: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին «ոչ բարեկամական գործողությունների, Ադրբեջանի կողմից «երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի կապակցությամբ»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի` գերատեսչություն այցից հետո։
Որպես Բաքվի ոչ բարեկամական գործողություններ նշվում են «միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների հրահրմամբ ադրբեջանական լրատվամիջոցներում սանձազերծված ռուսաֆոբ արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ռուսական «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության և դրա աշխատակիցների դեմ ձեռնարկված վրդովեցուցիչ, անընդունելի գործողությունները, հանրապետությունում Ռուսաստանից ժամանած կատարողների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը»։
«Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Ի.Ն. Կարտավիխին և Է.Վ. Բելոուսովին», - նշված է հաղորդագրության մեջ։
Եկատերինբուրգում ադրբեջանական ծագումով ՌԴ քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողությունները կատարվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում։
«Համաձայն իրավասու մարմինների տեղեկատվության՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելու Բաքվի փորձերը համարվում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը:
Մինչ այդ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։
comment.count (0)