armenpress.am: Սլովակիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը։
«Երևանյան երկխոսություն» երկրորդ համաժողովի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սա շատ կարևոր է համաժողով է՝ քննարկելու համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային և գլոբալ հարցերը։ Կցանկանայի օգտվելով առիթից՝ ներկայացնել Սլովակիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Սլովակիայի դերակատարությունն ընդհանուր համագործակցության համատեքստում։ Առաջնահերթությունների թվում են խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերն ու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը»,- ասել է Ֆիցոն։
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև հաստատվել են ամուր բարիդրացիական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր քրիստոնեական արժեքների վրա։
«Մեր երկրները նաև առևտրային գործընկերներ են, որոնց միջև տնտեսական կապերն աճում են հատկապես էներգետիկայի, մեքենաշինության, պաշտպանության և զբոսաշրջության ոլորտներում։ Օգտագործելով այս առիթը՝ մենք Հայաստանի վարչապետի հետ հանգամանորեն կքննարկենք համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մենք աջակցում ենք Հայաստանի ու ԵՄ-ի սերտ համագործակցությանն ու հարաբերություններին։ Սլովակիան պատրաստ է կիսվել տնտեսական ձեռքբերումներով և սոցիալական ոլորտում իրականացրած բարեփոխումների իր փորձով՝ նպաստելով Հայաստան-ԵՄ գործընկերության պայմանագրի կնքման և վիզաների ազատականացման երկխոսությանը»,- նշել է Սլովակիայի վարչապետը։
Նա հավաստիացրել է, որ Սլովակիան այսուհետ ևս կաջակցի ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, ինչն արդարացրել է իրեն շատ դեպքերում։
«Սլովակիան և Հայաստանը սերտորեն համագործակցում են նաև Կոսովոյում իրականացվող խաղաղապահ ուժերի գործունեության համատեքստում։ Հայաստանի ներդրումը Արևմտյան Բալկաններում կայունության գործում մեծապես գնահատելի է։ Հայաստանի վարչապետի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործում նույնպես ողջունելի են։ Այս տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության վերաբերյալ ոչ վաղ անցյալում հնչած հայտարարություններն առանցքային նշանակություն ունեն երկու կողմերի համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը բավականին ուժեղ մեսիջ կհղի Եվրոպային առ այն, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական երկխոսության միջոցով։ Սլովակիան կանգնած է ձեր կողքին և պատրաստ է աջակցել ձեր ջանքերին»,- ասել է նա։
Խոսելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին՝ Ֆիցոն շեշտել է, որ երկու կառույցներն էլ կենսական նշանակություն ունեն Սլովակիայի համար։
«Այս ինտեգրացիան և շփումների շրջանակը հաստատվել են Եվրոպական տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման նպատակով։ Անդամակցելով ԵՄ-ին՝ Սլովակիան գրանցել է առաջընթաց քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, որը հիմնված է բարիդրացիական հարաբերությունների և փոխգործակցության վրա։ Այդ գործընթացը խորացնելու նպատակով հատկապես տնտեսության բնագավառում կան լավ հեռանկարներ մեր քաղաքացիների համար։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ մենք չպետք է քննադատական վերաբերմունք ցուցաբերենք ԵՄ-ի քաղաքականության և որոշումների նկատմամբ։ Օրինակ՝ Սլովակիայի կառավարությունը հակադրվել է Եվրամիության այն առաջարկներին, որոնց շնորհիվ պետք է հրաժարվել ռուսական էներգակիրների ձեռքբերումից։ Սլովակիան կոնկրետ քայլեր է կատարել իր էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Մենք հասկանում ենք միայն մեկ կողմից մատակարարումների հետ կապված ռիսկերը, սակայն ԵՄ-ի առաջարկները կարճատեսական են։ Համոզված ենք, որ դրանք կհարվածեն մեր մրցունակությանը և էներգետիկ անվտանգությանը՝ հատկապես միջուկային էներգետիկայի տիրույթում, որտեղ ներկայում չկա վառելիքային այլընտրանք Սլովակիայի համար»,- նշել է Սլովակիայի վարչապետը։
Նա հավելել է, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ ձգտում են հավասարակշռության՝ կառուցելով նոր գործընկերություն։
«Ձգտում ենք նաև ամրացնել ռազմավարական հարաբերությունները մի շարք երկրների հետ։ Ունենալով փոքր, սակայն բաց և արտահանման միտված տնտեսություն՝ մենք ցավով ենք տեսնում գլոբալ տնտեսական միտումները, մասնավորապես անազնիվ առևտրային մրցակցությունն ու տնտեսական պրոտեկցիոնիզմը։ Սլովակիայում 20 հազար աշխատատեղեր կվտանգվեն, եթե համաշխարհային առևտրային պատերազմը խորանա։ Այդ պատճառով մենք կարիք ունենք առաջ մղել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են արտահանման դիվերսիֆիկացիայով»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը։
comment.count (0)