Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե
16:48 - 27 մայիսի, 2025

Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ կաշառք:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը: 

Մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար դասախոսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի  272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել