ՔԿ-ից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել
 |civilnet.am|
17:01 - 06 հունիսի, 2025

ՔԿ-ից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել |civilnet.am|

civilnet.am:  Քննչական կոմիտեից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ Նահապետյանի խոսքով, ներկա պահին գումարի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Մեղադրյալի հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերադարձնել»,- ասել է Նահապետյանը։

Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, անհայտ անձը մուտք էր գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք՝ ներկայացնելով քննիչի կեղծ անցագիր։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, տղամարդը ներս էր անցել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչության շենք՝ աշխատանքային ժամին, և այնտեղ մնացել ամբողջ գիշեր։ Առավոտյան բացահայտվել էր, որ շենքից հափշտակվել է 590,000 դոլար։

Այս գործի շրջանակում ներգրավված երկու մեղադրյալները կալանավորվել են։ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով, եթե տեղի ունենա գումարի վերականգնում, դա կլինի ցանկալի զարգացում, եթե՝ ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արքելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական և անշարժ գույքերի վրա։

Լրագրողների հարցին, թե ինչու խոշոր չափի գումարը պահվել Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեկնաբանել է, որ գողացված գումարը հայտնվել է Քննչական կոմիտե մեկ այլ քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում։ Գումարը ճանաչվել է քննիչի կողմից որպես իրեղեն ապացույց։

«2025-ի ապրիլին վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել Կենտրոնական բանկ, որպեսզի այդ գումարը ի պահ հանձնվի։ Սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր՝ Կենտրոնական բանկը հրաժարվել է այն ընդունել և գումարը վերադարձրել է Քննչական կոմիտե։ Արդյունքում այն մնացել է չհրկիզվող պահարանում»,- նշել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով՝ այժմ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչու է Կենտրոնական բանկը հրաժարվել ի պահ ընդունել գումարը։

«Կան համապատասխան հիմքեր, որոնց արդյունքում ԿԲ-ն հրաժարվել է։ Բայց քանի որ այս պահին նախաքննություն է իրականացվում և այդ հանգամանքները ևս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, զերծ կմնամ այդ հարցերին պատասխանել»,- եզրափակել է Նահապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել